ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը
Ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով ավելի են խտանում գույները, որոնցով Նիկոլ Փաշինյանը փորձում է, առանց այն էլ պառակտված ու բևեռված հասարակության շրջանում, ավելի խորացնել գոյություն ունեցող անդունդը։ Փաշինյանը, լինելով դասական մանիպուլյատոր, տիրապետելով մարդկանց զգացմունքայնության ու նուրբ լարերի վրա խաղալու «տաղանդին», կարողանում է փայլուն կատարել իր առաջ դրված խնդիրը՝ ծառայելով թուրքական օրակարգին, թուլացնել ու կազմաքանդել հայկական արժեհամակարգը։
Ատելության, իր կողմից հակապետական քայլերի նոր չափաբաժինը, նա օրերս հերթական անգամ տիրաժավորեց՝ Ցեղասպանության հանգամանքը կասկածի տակ դնելու, թեման «խորքային ուսումնասիրելու», «դրանց պատճառները հասկանալու», ինչպես նաև «44-օրյա պատերազմի միջոցով անկախություն ունենալու» մասին ցնդաբանական թեզերն առաջ բերելով։ Նշվածի մասին տեղեկատվական դաշտում բազում անդրադարձներ ու փաստական հակադարձումներ եղան, որոնք, սակայն, ոչ Փաշինյանին, առավել ևս նրա մանկուրտների թիմին, չեն հետաքրքրում, նրանք այսօր, այս «աշխարհաքաղաքական փոթորիկում» ունեն մի խնդիր՝ ամեն գնով պահել իրենց իշխանությունը։
Ավելին, երբ Նիկոլն ինքնամոռաց խոսում է այն մասին, թե «Հայաստանը վերջապես դարձել է ինքնիշխան», նա այս թեզն ընկալում է ուղիղ իմաստով․ ինքնիշխանը նա հասկանում է բացառապես իր իշխանության տրամաբանության ծիրում։ Այլապես, այս գոյություն ունեցող քաոտիկ աշխարհաքաղաքական օրակարգի պայմաններում, նա նմանօրինակ դիլետանտ ու անհեռատես «գեոպոլիտիկ շպագատների» չէր գնա՝ պետության գոյության փաստը կասկածի տակ դնելով։
Կարդացեք նաև
Որպես կանոն՝ նման աշխարհաքաղաքական իրողություններում խելացի ու հեռատես քաղաքական գործիչները, որոնք իրականում մտածում են պետության գոյության, ոչ թե չգոյության մասին, փորձում են սեփական պետական շահն առաջ տանելու, աշխարհի մեծերին, ինչ-որ առումով, նաև սիրաշահելու միջոցով, քաղել իրենց հասանելիքն ու համապատասխան դիվերսիֆիկացիայի միջոցով ճիշտ դիրք բռնել։ Նիկոլի պարագայում տեսնում ենք կացնային անհեռատեսություն՝ իրեն հռչակել է ինքնիշխան ու բոլոր աշխարհաքաղաքական բևեռներին փորձում է «գցել»։
Երբ Նիկոլը խոսում է «ուժերի բալանսավորման» մասին, միանգամից աչքիս առաջ է գալիս այն շրջանը, երբ ՀՀ-ի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունն իրականում բալանսավորված էր։ Տվյալ դեպքում խոսքս 2008-2018 թվականների, ինչպես նաև դրանից առաջ ևս գոյություն ունեցած կոմպլեմենտարիզմի շրջանի մասին է, երբ հայկականությունն ուներ հստակ դիրքավորում և գործընկերային կուռ բլոկ։ Ինչքան էլ այսօր Նիկոլը խոսի՝ «կզելու», «սապոգ լիզելու» և այլ պոպուլիստական խոսույթով, փաստն այն է, որ և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը, և՛ Բրյուսելն ու Դավոսը, Հայաստանին «տեղն էին բերում»։
Բոլորիս աչքի առաջ է եղել և գաղտնի ոչինչ չկա, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կառավարման տարիներին նրանք ցույց են տվել դիվանագիտական ճկունություն՝ հաջողելով նախ մտնել ԵԱՏՄ՝ գրավելով մոտ 200 մլն-անոց շուկա (որն այսօր հանդիսանում է ՀՀ տնտեսության առանցքային սյուներից մեկը), և Եվրամիության հետ CEPA-ի համաձայնագիր կնքել, որը ցավոք, իրենց «եվրոպամետ» հռչակածների ապաշնորհ քայլերի պատճառով ամբողջովին մսխվեց։ Նույն կերպ կարող ենք նաև զուգահեռ անցկացնել նույն ժամանակաշրջանի Հայաստանի անվտանգության դոկտրինի մասով, որը երկրի անվտանգությունը խարսխում էր երեք կետերի վրա՝ Հայոց բանակ, ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի հետ փոխհամագործակցություն։ Սա գոյություն ունեցող ահռելի բլոկ էր՝ իր ռեսուրսով ու միջազգային կապերով, որն այս իշխանությունը չկարողացավ օգտագործել, իրենց հակահայկականության ու հակապետականության պատճառով։
Հ․Գ․ Ի դեպ՝ երբ Նիկոլը սկսում է սահմանել, թե որն է պետությունը, փորձում իր երևակայությամբ այդ թեմայով մեկնաբանություններ անել, լուսահոգի Լոկը Հոբսը, Ռուսսոն ու Մոնտեսքյոն սարսռում են, իսկ Մաքիավելին՝ դառնանում։ Սա նրանից է, որ 2500 տարի առաջ Պլատոնի ասածը, թե «հացթուխը պետք է հաց թխի, կոշկակարը՝ կոշիկ կարի, իսկ պետական գործիչն էլ քաղաքականությամբ զբաղվի», մեզ մոտ շրջվել է գլխիվայր։