«Այսօր գործող հարկային օրենսգիրքը հնարավորություն է տալիս, որ ոսկու շուկայի առևտրականները հարկվեն մեկ տոկոսով, բայց դրա հիմքում պետք է լինի հսկայական առևտրաշրջանառություն։ Պետք է ասի, թե իր՝ ենթադրենք 120 զարդն ումից է առել։ Ստեղ, կներեք, «Կարգին հաղորդումից» մեջբերում անեմ։ «Կարգին հաղորդումը» հիշո՞ւմ եք՝ հովիվ Բաբկենը, որ հարցնում է, ասում է՝ ինչքա՞ն միս է տալիս, ասում է՝ սևերը, թե սպիտակները, բայց պարզվում է՝ նույնն է։ Ու նույնը՝ բուրդը։ Այս դեպքում ՊԵԿ-ը գալիս, հարցնում է՝ էս ոսկին ումի՞ց ես առել։ Դու ասես՝ սևից ես առել, թե սպիտակից, Պողոսից թե Պետրոսից ես առել, կապ չունի, մեկ է՝ ինը տոկոս քո հարկը նվազում է, և դու մեկ տոկոս ես հարկվում։ Այս դեպքում՝ իմաստը ո՞րն է իմանալու՝ ինքն այս ոսկին ումից է առել»,-ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ այսպիսի հարցադրում արեց ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ տնտեսվարողները բողոքի ցույցեր են անում հարկային փոփոխությունների դեմ։
Նաիրի Սարգսյանը շարունակեց․ «Թող մեկ տոկոսով հարկվի։ Ոսկու շուկայի առևտրականը կարող է իր ընկերների անուններով ձևակերպել իր էս 120 անուն ոսկին»։
Կարդացեք նաև
Միջամտեց Փոքր և միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը․ «Դուք առաջարկ եք անում, առանց ֆոկուս խումբ անելու։ Վստա՞հ եք, որ ոսկու ոլորտի ժողովուրդը ձեր առաջարկին կողմ է»։
Կրքերը թեժացան, խոսակցությանը միջամտեց Նաիրի Սարգսյանի եղբայրը՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը և դիմելով Հակոբ Ավագյանին՝ ասաց․ «Ուրիշ բան ես ուզում, ուրիշ բան ասա»:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը միջամտեց՝ թարգեք, ժողովուրդ ջան։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ կարծիք հայտնեց․ «Մեկ տոկոսի հնարավորությունը գործնական, իրական հնարավորություն է, բայց բոլոր նրանք, որոնք այդ փաստաթղթավորումը չեն ապահովում, երկու խնդրի ձևավորմանն են առնվազն մասնակցում՝ մեկը նա, որ իրենց ապրանք վաճառողի եկամուտները չհայտարարագրվեն։ Ապրանք վաճառողները երկու մասի են բաժանվում՝ օգտագործված զարդ վաճառող քաղաքացիներն են, որոնց հարկման հարց չկա, մյուսը՝ զարդ արտադրող կամ ներմուծողներն են, որոնց պարագայում կարևոր է, որ երևան այդ իրացման շրջանառությունները, քանի որ հիմնական շահույթներն այդ օղակում են»։
Փոխնախարարը ցույց տվեց մի գրաֆիկ, որտեղ երևում էր, որ հարկ վճարողների 67,1 տոկոսը տարեկան հայտարարագրել է մինչև 10 միլիոն դրամ։ Այս առիթով Նաիրի Սարգսյանն ասաց․ «Սա ցույց է տալիս, որ նորմալ վարչարարությունը ՊԵԿ-ը չի իրականացրել։ Եթե քիչ են ՀԴՄ ստուգում իրականացնող տեսուչները, շատացրեք, ինչո՞ւ պետք է մարդ 4-5 ամիս աշխատի, 200 հազար դրամի շրջանառություն ցույց տա։ Ստուգեք, տուգանք, թող բերեն, ամբողջ շահույթը հայտարարագրեն։ Պետք է հարկային դրույքաչափերն այնպես լինեն, որ տնտեսվարողը հարյուր տոկոս սպիտակ դաշտում գա, աշխատի, հարկը վճարի պետությանը, հանգիստ ապրի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ