«Էլի նույն իրավիճակն է՝ խոշորը էլի մոնոպոլիստ է, կարողանում է իրավիճակ թելադրել մանրին, փաստաթուղթ կտա կամ չի տա։ Իսկ պետությունը դրան նպաստում է իր ձեւերով»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց գործարար Սամսոն Գրիգորյանը։
Նա հավելեց․ «ՊԵԿ-ում ասում էին՝ խոշորը փաստաթուղթ տալիս է, մանրը չի վերցնում։ Խնդրում եմ ձեզ, հարգելի ՊԵԿ, մի հավատացեք այդ հեքիաթներին, դա խոշորի լոլոներն են, որն էլ ՊԵԿ-ն ընդունում է։ Եթե խոշորը տա, մանրը հաճույքով այդ փաստաթուղթը կվերցնի»,- ասաց Սամսոն Գրիգորյանը։
Նա նշեց, որ 20 տարի է՝ չկարողացան մաքսային դարպասներին այնպես տիրություն անել, որ ստվերային առեւտուր չլինի Հայաստանում։ «Ինչո՞ւ ենք մենք ամեն անգամ պտտվում-պտտվում ու կպնում մանրին»,- նշեց Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Հագուստի առեւտրով զբաղվող Կարինե Գեւորգյանն էլ, դիմելով իշխանության ներկայացուցիչներին, ասաց․ «Ես ապրել եմ Հայաստանում, մինչեւ վերջ պայքարել եմ Հայաստանի համար եւ մնալու եմ Հայաստանում։ Դուք պարտավոր եք, որպես կառավարություն, ինձ տեղեկացնել, ինձ օգնել, իմ ձեռքը բռնել ու բարձրացնել։ Բայց մինչեւ այսօր ոչ մի մանր ու փոքր բիզնեսով զբաղվող չի աճել ու հասել խոշորին։ Միշտ մեզ ասում եք՝ մենք ձեր միջոցով ուզում ենք բռնել խոշորին, ես ձեզ ասում եմ՝ ձեզ հաց տվողին, դուք կվնասե՞ք, ոչ, ձեզ կաշառք տվողի անունը կտա՞ք։ Խնդրում եմ, մի կպեք հասարակ քաղաքացուն ու ուզեք մեր միջոցով բռնել խոշորին։ Դուք որ վայրկյանին ուզենաք, խոշորին կբռնեք, շատ լավ տեսնում եք՝ ով է հարստանում, ով է գոյատեւում եւ ով է ապրում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ