«Իրավապաշտպան կառույցներն իրենք ևս հայտնվել են խոցելի վիճակում։ Պաշտպանելով խոցելի խմբերի իրավունքները՝ նրանք այսօր ունեն աջակցության կարիք՝ նոր ֆոնդհայթայթումներ, նոր միջոցների, ռեսուրսների ներգրավում և այլն»,- «Մեդիա կենտրոնում» «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Կանանց աջակցման կենտրոնի քաղաքացիական գործերով փաստաբան Զարուհի Մեջլումյանը` անդրադառնալով հարկային փոփոխությունների հետևանքներին։
Հիշեցնենք՝ ըստ այդ փոփոխությունների՝ փաստաբանական և նոտարական ծառայություններ մատուցողները այլևս չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ և նախկին 5%-ի փոխարեն կվճարեն 20% ԱԱՀ և 18% կամ 23% շահութահարկ։
Նա փաստեց՝ փաստաբանի առկայությունը աջակցման կենտրոնների պարագայում դրված է որպես պարտադիր պահանջ․ «Խոսքը վերաբերում է ընտանեկան բռնությամբ զբաղվող աջակցման կենտրոններին, որոնք ընտանեկան բռնության մասին օրենքով սահմանված կարգով պետք է անցնեն հավաստագրում։ Ունենք փաստաբանի, հոգեբանի, սոցիալական աշխատողի հաստիք։ Տեսնում ենք, որ մարզային կառույցները չեն կարողանում համալրել իրենց շարքերը հենց այս խնդիրների պատճառով։ Այս առումով մենք շատ լավ գիտենք՝ ամեն ինչ կենտրոնացած լինելով Երևանում՝ կարողանում էինք սպասարկել մոտակա մարզերը նաև, բայց հիմա շատ ավելի վատթար վիճակ է ստեղծվում։ Հանրային պաշտպանի գրասենյակն առանց այդ էլ գերծանրաբեռնված վիճակում է աշխատում։ Հանրային պաշտպանի գրասենյակը մասնագիտացած չէ լոկալ ընտանեկան բռնության գործերով։ Ստացվում է, որ աջակցության կենտրոնները, որոնք նման աջակցություն պետք է մատուցեին, այսօր այդ ծառայությունը չեն կարող մատուցել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի