Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարեկները ինձ ճանաչելով՝ տուգանեցին ու շատ լավ արեցին»․ էկոնոմիկայի փոխնախարար

Փետրվար 07,2025 14:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պարեկները ինձ ճանաչելով՝ տուգանել են, որը ինձ համար շատ կարեւոր է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։

Նա նշեց, որ չի ուզում մանրանալ, թե ինչ խախտում էր արել։ «Տուգանեցին ու շատ լավ արեցին, շատ ճիշտ արեցին, դրա համար ես արձագանքել էի, որ բոլորն իմանան՝ շատ ճիշտ է գնում ամեն ինչ»,- ասաց նա։

Հունվարի 22-ին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել. «Երկօրյա մտորումներից հետո ամեն դեպքում որոշեցի գրել։

Երկու օր առաջ, կեսգիշերին, աշխատանքից վերադառնում էի տուն, երբ պարեկային ծառայության աշխատակիցները մեքենաս կանգնեցրեցին։ Խախտում չէի նկատել և տարակուսանքով մեքենան կանգնեցրեցի։

Պարեկային ծառայողը մոտեցավ։

– Հարգելի վարորդ՝ լեյտենանտ ….յան, խնդրում եմ Ձեր փաստաթղթերը։

Փաստաթղթերս ներկայացնելով՝ հարցրեցի, թե ի՞նչ խախտում եմ արել։

– Հարգելի վարորդ, լուսարձակները անջատած եք քշում։

Իրոք որ, հոգնածությանս պատճառով չէի նկատել, որ անգամ լուսարձակներս չէի միացրել։ Ներողություն խնդրեցի և շտկեցի իհարկե։

Պարեկը գնաց, փաստաթղթերս ստուգեց ու մոտեցավ.

– Պրն փոխնախարար, ներողություն եմ խնդրում, բայց խախտման համար պետք է ակտ գրեմ։

– Հարգելի ոստիկան, ես կնեղսրտեի, եթե չգրեիք, ես այս տեսակ Հայաստանի համար եմ պայքարել, որտեղ օրենքի առջև բոլորն են հավասար և պատասխանատու։ Ես չեմ պայքարել, որ հիմա էլ իմ «չտուգանվելու» հերթը գա։

Երբեք տուգանվելուց այսքան գոհ չէի եղել, 😊 սա է իմ կողմից ընդունելի, անգամ երազելի կացութաձևը, որի համար արժեր պայքարել։

Երբ անտեսվում և շրջանցվում են պետական կարգերն ու կանոնները՝ քանդվում է պետությունը, և դրա հետևանքները բավականին դաժան կերպով բոլորս զգացինք ժամանակին։ Հիմա կարծում եմ, պետք է թեկուզ դժվարությամբ, լրացուցիչ ջանք կիրառելով և շատ-շատ-շատ աշխատելով փլատակներից պետություն կերտենք։ Ու կարծես թե ճիշտ ճանապարհին ենք»:

Անդրադառնալով փոքր ու միջին բիզնեսի պահանջներին հարկերի բարձրացման վերաբերյալ եւ հարցին, թե կվերանայե՞ն օրենքը՝ փոխնախարարն ասաց․ «Մենք բիզնեսի կողքին ենք ու փորձում ենք բիզնեսին հնարավորինս աջակցել։ Հիմա կոնսուլտացիաներ են գնում բիզնեսի հետ, բազմիցս հանդիպումներ ենք ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ, հիմա քննարկումներ են գնում կառավարությունում, առաջիկայում կհասկանանք։ Բայց մեր բիզնեսն էլ պետք է հասկանա, որ առանց փաստաթղթաշրջանառության հնարավոր չէ նորմալ տնտեսվարությամբ զբաղվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728