Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից մինչեւ այս տարվա փետրվարի 16-ը՝ շուրջ երեք ամիս, մետաքսի եւ համաշխարհային առևտրի հանգուցային քաղաքի՝ Գուանջոյի կենտրոնական թանգարանում բացվել է «Արմենիա» խորագրով հրապարակային ցուցադրություն՝ նվիրված 18-20-րդ դարերի ընթացքում ստեղծված հայ մշակույթի նյութական գոհարներին: Ցուցադրությունը կյանքի է կոչվել չինական մարզային թանգարանի եւ Հայաստանի Պատմության թանգարանի համագործակցությամբ:
Թանգարանի երրորդ հարկի հատուկ ցուցադրությունների սրահներից մեկն ամբողջությամբ հատկացվել է Հայաստանի մշակութային գոհարներին: Չինացի զբոսաշրջիկների և շուրջ 19 միլիոն տեղաբնիկների համար մեծ հնարավորություն է ընձեռվել շուրջ երեք ամիս դիտելու եւ վայելելու հայկական մշակութային մեծ ժառանգության ընդամենը մի փոքրիկ մասը: Ընտրված շուրջ հարյուր էթնոհայկական հագուստների, ազգային տարազի, ձեռագործ սպիտակեղենի, գորգերի, արծաթյա և ջնարակապատ սպասքի ցուցադրությունն ուղեկցվում է Հայաստանի և համաշխարհային առևտրի մեջ նրա առանցքային դերի մասին չինարեն, անգլերեն տեղեկատվությամբ: Ցուցահանդեսի մասին նախաբանը և վերջաբանը տրվում էր նաև հայերենով:
Տեսաֆիլմերի, լուսանկարների օգնությամբ թանգարանի այցելուները տեղեկատվություն են ստանում Հայաստանի աշխարհագրության, լեզվի, կրոնի, պատմական և առևտրային նշանակության, հոգևոր և նյութական մշակութային ժառանգության մասին, իսկ անիմացիոն լուծումները ցույց են տալիս այն երկար ճանապարհը, թե ինչպես են դարեր շարունակ առևտրային քարավանները Չինաստանից հասել Հայկական լեռնաշխարհ և հակառակը:
Հատկանշական է, որ հատկապես խեցեղենի, սպասքի եւ զարդեղենի հավաքածուում ընդգրկվել էին այնպիսի տնային պիտույքներ և իրեր, որոնցում կիրառվել են տիպիկ չինական մշակույթի երանգներ ու սիմվոլներ, ինչպիսին էր, օրինակ, չինական թանկարժեք քարը՝ ջեյդը: Ցուցահանդեսի բացատրագրերից մեկում կարևորվում էր, թե նուռը և նրա սիմվոլիկան ինչ մեծ կիրառություն ունեն հայկական և չինական մշակույթներում:
Կարդացեք նաև
Հայկական մշակույթի ցուցադրությանը մեծ հմայք էին հաղորդում հատկապես հայկական առօրյա և տոնական տարազները հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներից՝ Երևան, Մուշ, Համշեն, Ջավախք, Երզնկա…:
Նկատենք, որ չինացիների հոսքը Armenia-ի գոհարների տաղավար չէր ավարտվում անգամ օրվա վերջում: Հայկական տաղավարից հեռանալիս այցելուները հնարավորություն ունեին հայերեն եւ չինարեն կարդալու Ե. Չարենցի հանճարեղ բանաստեղծությունը՝ «Ես իմ անուշ»-ը:
Գարիկ ՄԿՐՏՉՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ գորգը՝ Այնթափից, ճամփորդական խուրջինը՝ Լոռիից: