«Այս օրենսդրական նախաձեռնությունը, որն ի վերջո ընդունվեց և հիմա ուժի մեջ է մտել, նախևառաջ մարդու իրավունքների տեսանկյունից է մտահոգիչ։ Ի վերջո, դատարանի մատչելիության իրավունքների խնդիր է այստեղ ծագում։ Եթե անձինք վճարունակ չեն և կազմակերպությունների վրա բեռ է դրվում, ինչպե՞ս պետք է իրականացնեն այդ շահերի պաշտպանությունը»,- «Մեդիա կենտրոնում» «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց «Փինք Արմենիա» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Նա փաստեց՝ պրոբոնո ինստիտուտը բոլոր ժողովրդավարական երկրներում է ընդունված․ օրինակ՝ Ֆրանսիայում փաստաբանի վրա պահանջ կա դրված, որ տարվա մեջ այսքան տոկոս գործեր անվճար պետք է իրականացնես․ «Եթե փաստաբանը դա չի ցուցաբերել, կարող է արտոնագրից զրկվել։ Եթե մենք միացել ենք Կոնվենցիային, մենք պարտավոր ենք անվճար իրավաբանական օգնություն էլ տրամադրել։ Դատաիրավական ռազմավարության մեջ նաև նշված է՝ պրոբոնո ինստիտուտի կատարելագործում։ Փաստորեն, այդ կատարելագործումը ստացվում է այսպես»։
Նշելով, թե իրենց կազմակերպության գործունեության վրա ինչ ազդեցություն են ունեցել հարկային փոփոխությունները, Արա Ղարագյոզյանն ասաց․ «Մենք զբաղվում ենք ԼԳԲՏ անձանց իրավունքներով։ Բոլորս գիտենք, թե ամեն անգամ այդ անձինք միայնակ լինելով ոստիկանական բաժնում, ինչպիսի խտրականության կարող են ենթարկվել։ Առանց փաստաբանի անհնար է։ Տուժողները չեն ցանկանում առանց փաստաբանի ոչ հաղորդում ներկայացնել, ոչ էլ քննչական գործողությունների մասնակցել։ Ստացվում է, որ պետությունն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ ի վերջո անձինք զրկվեն անվճար իրավաբանական օգնությունից։ Այն անձինք, որոնք գումար ունեն, կարող են օգտվել փաստաբանական ծառայություններից, բայց նրանք, որոնք չունեն այդ գումարը և ռազմավարական է նրանց գործը՝ խոշտանգումներ, ընտանեկան բռնություն, խտրականություն, այլևս չեն կարողանալու իրենց իրավունքները պաշտպանել, որը դատարանի իրավունքի սահմանափակում է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի