Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը երեկ մեկ ամսով երկարացրել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը։ Նա շարունակելու է մնալ տնային կալանքի տակ։
Նախկին քաղաքապետի հարազատները հույս ունեին, թե Խաչատուր Բալասանյանին դատարանից ազատ կարձակեն՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նրանց բնութագրմամբ՝ միջազգային լուրջ կրթություն ստացած կրտսեր Բալասանյանը, որն իր ողջ կյանքում հեռու է եղել քրեական պատմություններից, ազատ արձակվելով՝ չի կարող ազդել գործի նախաքննության վրա։
Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանն անցնում է իրենց ընտանիքին պատկանող «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի պետական սեփականություն հանդիսացող, օտարման չենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով։
Նա ի սկզբանե 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքի էր ենթարկվել, սակայն անցած տարվա նոյեմբերի 15-ին դատարանն անսպասելիորեն փոխել էր նրա խափանման միջոցը՝ պատիժը կրելու համար ուղարկելով Արմավիր քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան պահում էին խիստ ռեժիմի ներքո՝ բացի կնոջից, ընտանիքի մյուս անդամներին արգելելով տեսակցել։
Կարդացեք նաև
Հունվարի 18-ին դարձյալ փոխել էին նրա խափանման միջոցը՝ 80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ նորից տնային կալանքի ենթարկելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ