«Ամերիկայի ձայն». Ընկերությունը հայտարարել է, թե, որպես դաշնային կապալառու, վերանայում է բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ուղղությամբ երկար ժամանակ տարվող քաղաքականությունը՝ հաշվի առնելով Թրամփի վարչակազմի մոտեցումը` սահմանափակել այն։
Google-ը, փաստորեն, նահանջում է ավելի վաղ հայտարարած նպատակներից՝ աշխատանքի ավելի շատ ընդունել հանրության, այսպես կոչված, վատ ներկայացված խմբերից և ուշադրություն դարձնել բազմազանությանը, հավասարությանը և ներառականությանը վերաբերող նախաձեռնություններին։
«2020 թվականին սահմանեցինք աշխատանքի ընդունման հավակնոտ նպատակներ և կենտրոնացանք Կալիֆոռնիայից ու Նյու Յորքից դուրս մեր գրասենյակների ընդլայնման վրա՝ ավելի ընդգրկուն դառնալու համար։ Սակայն հրաժարվում ենք այդ հավակնոտ նպատակներից»,- Reuters-ին ուղղված նամակում նշել է Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի ներկայացուցիչ Ֆիոնա Չիկկոնին։
Ներառական քաղաքականություն խթանելու հարցում Google-ը եղել է ամենաակտիվ ընկերություններից մեկը, ինչը հատկապես ակնառու դարձավ ԱՄՆ-ում բռնկված բողոքի ցույցերից հետո, որոնք հաջորդեցին 2020 թվականին Ջորջ Ֆլոյդի հայտնի սպանությանը։
Կարդացեք նաև
Նույն տարում Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչայը հայտարարեց, որ նպատակ է դրվել մինչև 2025 թվականը 30%-ով ավելացնել այն ղեկավարների թիվը, որոնք ծագում են հանրության թերներկայացված խմբերից։ Այդ ժամանակ Google-ի ղեկավարների մոտ 96%-ը սպիտակամորթ կամ ասիական ծագում ունեին, իսկ ողջ աշխարհում ընկերության աշխատակիցների 73%-ը տղամարդիկ էին։
2021 թվականին ընկերությունը սկսեց վերագնահատել այդ մոտեցումը, երբ արհեստական բանականության առաջատար հետազոտողներից մեկը հայտարարեց, որ իրեն աշխատանքից ազատել են այդ ուղղությամբ ընկերության ջանքերը քննադատելու համար։
Google-ում բազմազանության հարցերով գլխավոր տնօրեն Մելոնի Պարկերը 2024 թվականին BBC-ին ասել էր, որ ընկերությունը հասել է իր հնգամյա նպատակների 60%-ին։ Alphabet-ի խոսնակը չորեքշաբթի հայտարարեց, որ ընկերությունը նոր տվյալներ չունի այն մասին, թե Պիչայի հայտարարած նպատակի քանի տոկոսն է իրականություն դարձել։
Չորեքշաբթի հրապարակված և Արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովին ներկայացված ընկերության ամենամյա հաշվետվությունում բացակայում է նշումը, թե Google-ը «հանձնառու է բազմազանության, հավասարության և ներառականության ինտեգրմանը իր գործունեության բոլոր ոլորտներում և հանձնառու է ստեղծել աշխատատեղեր, որոնք արտացոլում են օգտատերերի բազմազանությունը»։ Այդ նշումն առկա էր ընկերության՝ 2021-2024 թվականների տարեկան հաշվետվություններում։
Ընկերության խոսնակը մանրամասնել է, որ նշումը հանվել է բազմազանության, հավասարության և ներառականության քաղաքականության վերանայման պատճառով։
«Սա իրական հարձակում է այն առաջընթացի վրա, որին տեխնոլոգիական ոլորտի աշխատողները հասել են ռասիզմի և գենդերային խտրականության դեմ պայքարում՝ քաղաքացիական իրավունքների համար շարժումից ի վեր։ Այն անհանգստացնող և դեպի աջ գաղափարներ տանող գործընթացի մասն է և ի ցույց է դնում տեխնոլոգիական ընկերություններում ձևավորվող աշխատանքային պայմանների դեմ ուղղված տրամադրությունները, որոնց դեմ Alphabet-ի աշխատողների միությունը վճռականորեն պայքարել է»,- ասել է Alphabet-ի արհմիության նախագահ, ծրագրային ապահովման ինժեներ Պարուլ Քաուլը։
Դաշնային կապալառուն
Google-ը, որը ԱՄՆ կառավարությանը տրամադրում է ամպային և այլ ծառայություններ, ընդգծել է, որ վերանայում է նշվածը՝ հաշվի առնելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտեցումը սահմանափակել բազմազանության, հավասարության և ներառականության քաղաքականությունը։
«Որպես դաշնային կապալառու՝ մեր թիմերը նաև գնահատում են ծրագրային փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են թեմային առնչվող դատական վերջին որոշումներին և գործադիր հրամաններին համապատասխանելու համար»,- ասված է Չիկկոնիի նամակում։
Այդուհանդերձ, ընկերությունը կպահպանի աշխատողների ներքին խմբերը՝ Trans at Google-ը, Black Googler Network-ը և Disability Alliance-ը, որոնք, Google-ի կարծիքով, օգնում են արտադրանքի և քաղաքականության հարցերում որոշումներ կայացնել։
Չիկկոնիի նամակի մասին առաջինը հայտնել էր The Wall Street Journal-ը։