Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատը ՌԴ-ից են Հայաստան այցելում, երկրորդ տեղում Վրաստանն է, հաջորդը՝ Իրանը. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ

Փետրվար 07,2025 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Զբոսաշրջային ոլորտը տարբեր կողմեր ունի, բացի փայլուն, գեղեցիկ շերտերից, որը հանգիստն ու ժամանցն են ցույց տալիս՝ կան բազմաթիվ այլ շերտեր եւս՝ շինարարություն, մարկետինգ, միջազգային հարաբերություններ եւ այլն»,-ասուլիսում նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գեւորգյանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

Նա, ի թիվս այլնի, հայտնեց, որ համագործակցում են միջազգային վճարային քարտերից մեկի հետ, որը կարողանում է վիճակագրություն տրամադրել. «Մենք այս տարվա ընթացքում հստակ կունենանք տեղեկատվություն, թե մեկ օր եւ ավել Հայաստանում ապրած օտարերկրացու մեկ օրվա միջին ծախսի հստակ գումարը որքան է կազմում, կկարողանանք նաեւ արխիվային տվյալներ պահանջել 5 տարիների համար:

Իսկ այս պահին մեր ունեցած տվյալները հետեւյալն են՝ մենք գիտենք, որ անհատ զբոսաշրջիկը, որն ինքնուրույնաբար է պատվիրում իր թռիչքը, հյուրանոցը, ինքնուրույն է հոգում սնունդը, ծախսում է միջինում 700 դոլար, իսկ տուրօպերատորների միջոցով խմբերով Հայաստան եկող զբոսաշրջիկները, որոնց համար նախատեսվում է հյուրանոց, ռեստորան, ավտոբուս, ուղեկցորդ եւ այլ ծառայություններ, որոնք ներառված են տուրի մեջ, միջինում ծախսում են 2000 դոլար:

Մեր թիրախն է նպաստել կազմակերպված զբոսաշրջությանը, որովհետեւ մեր ենթակառուցվածքներին ավելի համապատասխան է կազմակերպված զբոսաշրջիկը, որը միջինում ավելի շատ է ծախսում»:

Լուսինե Գեւորգյանը հավելեց, որ վերջին շրջանում ռուսաստանցի զբոսաշրջիկների թվի նվազում է նկատվում, փոխարենը աճել է ասիական երկրներից Հայաստան եկողների թիվը: Ըստ նրա, մասնավորապես ՌԴ-ից Հայաստան է այցելել շուրջ 938 հազար զբոսաշրջիկ, որը բոլոր զբոսաշրջիկների ընդհանուր թվի 43 տոկոսն է կազմում, երկրորդ տեղում Վրաստանն է, որտեղից Հայաստան է այցելել ավելի քան 280 հազար զբոսաշրջիկ, եւ դա ընդհանուր թվի 13 տոկոսն է կազմում, Իրանից եկած զբոսաշրջիկների թվի աճ կա՝ շուրջ 178 785 զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, Չինաստանից եկող զբոսաշրջիկների թիվը եւս աճել է, ինչը հավանաբար պայմանավորված է ուղիղ չվերթներով:

«ՀՀ ԱԳՆ–ին գրություն ենք ուղարկել, որ աշխատանքներ տանեն կայքերից Սյունիքի վերաբերյալ վտանգավորության կարմիր գծերը հեռացնելու համար», նաեւ ասաց Լուսինե Գևորգյանը։

«Նոյեմբերի վերջին այցելեցի Սյունիքի մարզ, հանդիպել եմ զբոսաշրջային և նպատակային շուկայավարման կազմակերպում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սյունիքում կյանքը բուռն է, շատ լավ զարգանում է` անկախ այն հանգամանքից, որ որոշ միջազգային կայքերում և ՀՀ-ում գործող դեսպանությունների էջերում Սյունիքի մարզը նշված է կարմիր գծով։ Այս մասով մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում տվյալ երկրների հետ»,– նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728