Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր կանգառներում շարունակեցին կոչ անել բոյկոտել տրանսպորտի նոր սակագինը:
Տրամաբանորեն, տրոլեյբուսները պետք է լինեն ավելի մատչելի, այնինչ նույն գինն են, ինչ ավտոբուսները,- պարզաբանում էին ավագանու անդամները: Ապա քաղաքացիներին հորդորում երթեւեկել անվճար, առանց կոմպլեքսավորվելու. «Ժողովուրդ ջան, որ կարողանանք տրոլեյբուսի գինը իջեցնենք հիսուն դրամի»:
-Մետրոյից օգտվում են ուսանողները ու ճարահատյալ, էս ինչ արեցին,- ավագանու անդամներին դիմեց մի քաղաքացի՝ դժգոհելով նաեւ մետրոյի թանկացումից:
-Դրա համար ասում ենք՝ մի քանի օր դուրս եկեք, բոյկոտեք, մետրոյով մի երթեւեկեք,- արձագանքեց ավագանու անդամներից մեկը:
Կարդացեք նաև
Քաղաքացին հրավիրեց նրանց իրազեկում անել նաեւ մետրոյում, իսկ ավագանու անդամները բացատրեցին, որ այն հատուկ պահպանվող տարածք է, չեն կարող նույնն անել, ինչ փողոցներում են անում:
Մեկ այլ քաղաքացի ընդհատեց նրանց զրույցն ու վրա տվեց. «Բայց ձեզ ո՞վ է ասել, որ մենք խելոք պետք է ձեր ասածներն անենք, ինչ թելադրում եք»:
-Մենք չենք թելադրում, մենք առաջարկում ենք,- արձագանքեց ավագանու անդամը:
-Գնա քո տանն առաջարկի,- վրդովվեց զրույցին միջամտած քաղաքացին: Ապա մտավ վեճի բոլոր այն քաղաքացիների հետ, որոնք նրան համակարծիք չէին ու սկսեց ձեռքով ցուցումներ տալ:
-Այ սենց տառականների պատճառով է, որ վիճակը սենց է, փող ունես մի քանի հոգու տեղ էլ վճարի- բարկացավ մեկ այլ քաղաքացի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ