Լրահոս
Օրվա լրահոսը

Դում-Թրագութ.  Ինձ համար կարեւոր է, որ Առաքելոցը ներկայացնեմ, առաջինը՝ որպես սահմանամերձ գյուղի մի շատ կարեւոր մշակութային ժառանգություն եւ, իհարկե, որպես պատմության հին վկա. «Ազգ»

Փետրվար 07,2025 10:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 – Տիկին Յասմին Դում-Թրագութ, ապրիլին պարզ կդառնա՝ Առաքելոցը Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի շարքում կլինի՞: Ինչպե՞ս պիտի դա որոշվի:

– Տարբեր մոտեցումներ կան: Շատ հարցեր նաեւ ինձանից են կախված, որքան լավ եմ բացատրում եւ ներկայացնում հուշարձանախմբի վիճակը, վտանգը, պաշտպանության կարիքը: Պիտի մեդիայի հետ աշխատեմ, տարբեր միջոցառումներ պիտի կազմակերպեմ, դասախոսեմ, այսինքն ինձ համար հիմա՝ մինչ որոշման կայացումը շատ լարված ժամանակ է: Որքան հասկանում եմ, «Եվրոպա նոստրայի» համար հուշարձանի պոտենցյալը կարեւոր է: Իսկ Առաքելոցինը շատ մեծ է: Նախ՝ ահագին մեծ հուշարձանախումբ է, միայն իմ ցանկում 21 հուշարձան կա: Ինձ համար կարեւոր է որ Առաքելոցը ներկայացնեմ, առաջինը՝ որպես սահմանամերձ գյուղի մի շատ կարեւոր մշակութային ժառանգություն եւ, իհարկե, որպես պատմության հին վկայի: Առաքելոցը շատ հետաքրքրական է այն առումով նաեւ, որ յուրօրինակ գյուղ է եղել, խիտ անտառում, գետի մոտ, այն ժամանակին մետաքսի ճանապարհի մի շատ կարեւոր կենտրոն է եղել: Առաքելոցի պատմությունը հետաքրքրական է, վանքն էլ քիչ հետազոտված է: Կարեւոր կլինի նաեւ, որ տարածքի ժողովուրդը հասկանա՝ ի՛նչ գանձեր ունի լքված հին բնակատեղիներում, եւ որ բնակիչներն էլ սովորեն իրենց պատմությունը: Ես արդեն տարիներ է աշխատում եմ Հայաստանի գյուղերում, եւ հաճախ նկատում եմ, որ գյուղացիները քիչ բան գիտեն իրենց պատմական մշակութային հուշարձանների մասին: Չգիտեն, դրա համար լավ չեն պահպանում, կամ ուղղակի մոռանում են: Իսկ Հայաստանում նման մոռացված հուշարձաններ լիքն են, մանավանդ սահմանամերձ գյուղերում: Ես ուզում եմ նաեւ, որ Աճարկուտում եւ տարածքում էկոտուրիզմը զարգանա, ճիշտ կերպով՝ քայլարշավների համար լավ ճանապարհներ սարքենք, գյուղացիների հետ համագործակցենք: Լիքը գաղափարներ ունեմ: Բայց նախ եւ առաջ Առաքելոցը պիտի ընտրվի 7 ամենավտանգվածների մեջ, ինչի հույսն ունեմ:

Ուկրաինայի հարուստ մշակութային ժառանգությունը «Եվրոպա Նոստրան» համարում է Եվրոպայում ամենավտանգվածը: Տեղյա՞կ են Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին, որեւէ կերպ արձագանքե՞լ են:

– Եվրոպայում շատ քիչ գիտեն հայկական մշակութային ժառանգության մասին, կամ միայն ամենանշանավորները գիտեն: Սա է նաեւ իմ նպատակներից մեկը՝ հիմա, երբ Առաքելոցն արդեն կարճ ցանկում է, 14 ամենավտանգված հուշարձաններից է, Եվրոպայում արդեն ավելի ուշադիր հայացք ունեն: Բայց անկեղծ ասած, Հայաստանում էլ քանի՞սը գիտեն Առաքելոցի, բնակավայրի, այդ տարածքի պատմության մասին: Իսկ ինչ է վերաբերում է Արցախի ժառանգությանը, այո, քիչ գիտեն: Արցախը եվրոպացու համար շատ հեռու է, կապ չունի Արցախի, նրա պատմության, ժառանգության հետ: Նախ պիտի տեղյակ լինեն, որ հասկանան: Ես՝ հայագետս պիտի ամեն ինչ անեմ, որ Ավստրիայում, գերմանախոս երկրներում եւ ամբողջ Եվրոպայում իմանան եւ հասկանան, թե ի՞նչ է նշանակում հայ մշակութային ժառանգություն: Առաքելոցն ինձ եւ բոլորին հրաշալի հնավորություն կտա, եթե ապրիլին շահի:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728