«Երկրում իրավունքի, իրավական պետականության եւ քաղաքացիական հասարակության սկզբունքների կայացման պայմաններում էականորեն աճում է իրավունքի փիլիսոփայության դերը հումանիտար գիտությունների եւ հայրենական բուհական կրթության համակարգում, մեր հասարակության մեջ իրավունքի, ազատության եւ արդարության արժեքների ձեւավորման ու հաստատման ամբողջ գործընթացում: Այս դասագիրքը կարիքները բավարարելու համար է», -ասված է օրերս լույս տեսած անվանի ակադեմիկոս, իրավունքի փիլիսոփայության, քաղաքական եւ իրավական ուսմունքների ոլորտների մեծագույն մասնագետ, ակադեմիկոս ՎԼԱԴԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆՑԻ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ» աշխատության նախաբանում:
Առաջին անգամ ռուսերենից հայերեն թարգմանված այս աշխատությունն իր տեսակով, ծավալով ու բովանդակությամբ բացառիկ է, ինչպես նաեւ սպասված նվեր է իրավաբանական համայնքի համար:
Աշխատությունը ռուսերենից հայերեն է թարգմանել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս, փաստաբան, «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:
Ծանոթանալով աշխատությանը, համոզվում ես, որ հանրագիտարանային այս աշխատությունը ճիշտ է, որ թարգմանել է մասնագիտությամբ իրավաբանը, ով կյանքից վաղաժամ հեռացած հեղինակին /ով նաեւ բառաստեղծ էր, իրավունքի մանրակերտը հետաքրքիր պատկերներով ներկայացնող/ ներկայացրել է հավուր պատշաճի, մնալով նրա գաղափարներին, ընկալումներին, մոտեցումներին համահունչ ու հարազատ:
Կարդացեք նաև
«Իրավունքի փիլիսոփայություն» դասագիրքը նախատեսված է առաջին հերթին մասնագիտական լայն լսարանի՝ բուհերի իրավագիտության եւ փիլիսոփայության դասախոսների, ուսանողների, պետության եւ իրավունքի տեսության, իրավունքի փիլիսոփայության եւ իրավաքաղաքական ուսմունքների պատմության հիմնախնդիրներով հետաքրքրված ընթերցողների համար: Գիրքը երաշխավորվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից որպես բուհական դասագիրք «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորողների համար:
Գիրքը բաղկացած է 5 բաժիններից՝ «Իրավունքի փիլիսոփայության ընդհանուր հիմնահարցեր», «Իրավունքի փիլիսոփայությունը համաշխարհային պատմության համատեքստում. կապիտալիզմ-սոցիալիզմ-ցիվիլիզմ», «Մարքսիստական դոկտրինը եւ սոցիալիստական իրավահասկացումը», «Հետսոցիալիստական իրավունքի եւ պետության փիլիսոփայական հիմնախնդիրները», «Իրավունքի փիլիսոփայության պատմությունն ու արդիականությունը», 24 գլխից եւ 103 թեմատիկ ենթագլուխներից, իսկ ծավալը կազմում է 1,024 էջ:
Ինչպես գրքի նախաբանում է նշված. «Դասագրքում լուսաբանվում է իրավունքի փիլիսոփայության՝ որպես գիտաուսումնական առանձին, ինքնուրույն առարկայի խնդրակարգը: Նրանք հասնում են մինչեւ փիլիսոփայության եւ իրավագիտության ակունքները, ուղեկցում դրանց զարգացման ողջ պատմությանը մինչեւ մեր օրեր»:
Գրքի իրավագետ-թարգմանիչը՝ Ավետիք Հարությունյանը, ներկայացնում է անվանի գիտնականին, նշելով. «Ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի այս աշխատությունը թարգմանելիս բովանդակային ու էական նշանակություն է ունեցել մեկ այլ հանգամանք եւս. արցախյան կենարար ու սուրբ հողը տվել է բազմաթիվ անվանի գիտնականներ ու զորավարներ, արվեստագետներ, գրողներ, պետական-քաղաքական գործիչներ: Արցախյան ծնունդ ունեցող տաղանդաշատ ու հանճարեղ մարդկանց համաստեղությունում իր յուրահատուկ փայլն ունի ակադեմիկոս Վլադիկ Սումբատի Ներսեսյանցը, ով ծնվել է 1938 թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտում, այնուհետեւ տեղափոխվել Երեւան, հետո՝ Մոսկվա»:
Ի՞նչ կտա գիրքը ժամանակակից եւ երիտասարդ իրավաբաններին:
Ավետիք Հարությունյանը պատասխանում է. «Վլադիկ Ներսեսյանցի մշակած ցիվիլիզմի տեսությունն ու իրավահասկացման ազատական-իրավաբանական հայեցակարգը նրան դասում են ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանի, այլեւ իրավունքի փիլիսոփայության համաշխարհային դասականների շարքին: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ գրքում կարմիր թելի պես անցնում են իրավունքի եւ օրենքի հարաբերակցության ու տարբերակման, իրավունքը որպես ձեւական հավասարություն, արդարություն եւ ազատություն բնորոշելու, իրավական օրենքին նախապատվություն տալու եւ նմանատիպ այլ գաղափարներ, որոնք հեղինակը ձեւակերպել է դեռեւս Խորհրդային Միության տարիներին, մեծ դժվարությամբ դրանց մի մասը հրապարակել եւ հետեւողականորեն առաջ մղել, ինչի համար պահանջվում էին մասնագիտական բարձր պատրաստվածություն, գիտական անձնազոհություն, խիզախություն ու համառություն: Հենց այս ամենի հանրագումարն է Ներսեսյանցի առաջ քաշած հայեցակարգերը դարձնում անանց ու գործնական արժեք, որոնք իմաստ ունեն միայն այնտեղ ու այն մարդկանց համար, ովքեր հասկանում են դրանց խորքային իմաստը, իսկ դրա համար պետք է շատ ուշադիր եւ ըստ կարիքի մի քանի անգամ ընթերցել այս գիրքը»:
Գրքում ներկայացվում է իրավական պետականության հայեցակարգերը, պրակտիկայի վրա մեծ ազդեցություն է գործել Հին Հունաստանի եւ Հռոմի քաղաքական-իրավական գաղափարները, ինստիտուտները, ժողովրդավարության, հանրապետականության ու իրավակարգի անտիկ փորձը:
Հեղինակը նկատել էր, որ «խառը կառավարման անտիկ հայեցակարգերի եւ իշխանությունների բաժանման հաջորդ տեսության մեջ, պատմական եւ սոցիալ-քաղաքական բոլոր տարբերություններով հանդերձ, նրանց մոտ կան էականորեն կարեւոր ընդհանուր պահեր»:
Գլուխ 3-ում՝ «Նոր ժամանակների իրավունքի փիլիսոփայություն», ասես հենց իմ այս հարցադրման պատասխաններից մեկն էր:
Չնայած նրան, որ մեր ժամանակներին իրավաբանական աշխարհայացքի «ամենավաղ» ներկայացուցչի՝ Հուգո դե Գրոոտ Գրոտիոսի մասին է ներկայացվում:
Վերջինս «պատերազմի եւ խաղաղության» թեման հատուկ հետազոտության առարկա է դարձրել, ինչը հայտնի է «պատերազմի եւ խաղաղության իրավունք» հասկացությամբ:
Ներսեսյանցը Գրոտիոսի մասին գրում է. «Այս կապակցությամբ նա խոսում է իրա-վունքը (պոզիտիվ իրավունքը եւ բնական իրավունքը) իր արտաքին իրականացումից եւ այն ապահովող միջոցներից տարբերելու անհրաժեշտության մասին: Այն դրույթը, որ մարդիկ բռնությամբ են հարկադրվում արդարության իրականացմանը, Գրոտիոսի համաձայն, վերաբերում է ոչ թե հենց իրավունքին, այլ միայն այն հրահանգներին եւ օրենքներին, որոնք պետք է նպաստեն գործնականում իրավունքի իրականացմանը»: … Իրավունքի իրականացմանը նպաստող ոչ բռնի գործոնների թվին Գրոտիոսը, բացի խղճից, դասում է նաեւ հասարակական կարծիքը (ազնիվ մարդկանց համաձայնեցված դատողությունը) եւ Աստծո բարեհաճությունը, որը խրախուսում է արդար արարքները եւ դատապարտում է անարդարը:
Ներսեսյանցը հեղինակել է շուրջ 400 գիտական աշխատանք, մի շարք կոլեկտիվ աշխատանքների համահեղինակ եւ խմբագիր է, որոնց թվում՝ 16 մենագրություն եւ դասագիրք:
Առանձնացնենք Ներսեսյանցի կարեւոր մտքերից մի քանիսը՝
- Իրավունքը ոչ թե վայրի ծառի մշակված պտուղ է, այլ մշակովի ծառի պտուղ:
- Մարդկանց հաստատած օրենքը չի կարող խաթարել բնության կարգը եւ ստեղծել իրավունքը ոչ իրավունքից կամ բարին՝ չարից, ազնիվը՝ ստորից:
- Մարդկանց անհավասարությունը բխում է մարդկային օրենքներից եւ ոչ թե բնությունից:
- Եթե արդարությունը վերանա, երկրի վրա մարդկանց կյանքն այլեւս ոչ մի արժեք չի ունենա:
- Իրավունքը ամենուր հանդես է գալիս որպես խաղաղության հիմք, պայման եւ միջոց:
- Իրավունքի խնդիրը բոլորովին այն չէ, որ չարիքի մեջ գտնվող աշխարհը վերածվի Աստծո թագավորության, այլ միայն այն է, որ աշխարհը ժամանակից շուտ չվերածվի դժոխքի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2025