Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 3-ին քննեց Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությյունը:
2021 թվականի մայիսի 24-ի ԲԴԽ-33-Ո-55 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021 թվականի հունիսի 1-ի հրամանագրով նա նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Նա այն երիտասարդ դատավորներից է, ով 2022 թվականին ԲԴԽ-ն քննել էր ԱՆ ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը, եւ 2023 թվականի նոյեմբերին այս դատավորին հայտարարել էր նկատողություն: Դատավորը այդ ժամանակ էլ դատավարական նորմերի խախտումներ էր թույլ տվել, մասնավորապես, գործի վարույթը կարճելու, որոշումները հրապարակումից հետո կողմերին ուղարկել ժամկետների խախտմամբ:
Դատարանը ավարտել է միջնորդության քննությունը, լսել կողմերին, մտել խորհրդակցական սենյակ:
Կարդացեք նաև
Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Անդրանիկ Ներսիսյանի կողմից նախարարին ներկայացրած 2024 թվականի հուլիսի 22-ի հաղորդման հիման վրա։
Նախարարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Արմենուհի Հարությունյանի 2024 թվականի հոկտեմբերի 101- Ա որոշմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, ապա մեկ անգամ ժամկետը երկարել, իսկ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2024 թվականի դեկտեմբերի 30-ին կայացրել է որոշում՝ դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ դիմելու համար:
«Քաղաքացին դիմել է, կա վեճ, վեճի առումով վճիռ, որով այդ ընկերությունը, որը ՌԴ ընկերություն է, մասնաճյուղը՝ ՀՀ-ում է, ՀՀ-ում ուղարկվել է հարկադիր կատարման, մասնակի բավարարվել, մնացած մասով ենթակա է ուղարկման այլ պետության դատարան, որը հանդիսանում է պատասխանողի գտնվելու վայրի դատարանը, որպիսին, ըստ տեղեկության, Բասմանի շրջանի դատարանն է»,- նշել էր դատավորը։
Արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ դատավորը 2 տարի 5 ամսվա ընթացքում որեւէ գործողություն չի իրականացրել:
Իսկ ըստ դատավորի, վարույթը պետք է կարճվի, քանի որ առկա է իրավական որոշակիության խնդիր, պարզ չէ՝ անփութությամբ էր թույլ տրվել խախտումը, թե դիտավորությամբ, այսինքն, վարույթը հարուցվել է՝ առանց օրենքով սահմանված հիմքերի։ Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախարարությունը դուրս է եկել հարուցած վարույթի շրջանակներից՝ իրեն վերագրելով նոր խախտումներ։
Դատավորը համաձայն չէր, որ ինքը որեւէ գործողություն չի կատարել, ձեռնարկել, ԲԴԽ-ին ներկայացված փաստաթղթերը դրա վկայությունն էին, Բասմանի դատարան ուղարկված միջնորդություն, գրության պատճեններ։
Դատավոր Սաֆարյանը եզրափակիչ ելույթում պնդեց, որ արդարադատության նախարարությունը չորոշակիացրեց բոլոր հանգամանքները, իրավական հիմքերը:
Հիշեցնեմ, որ այս տարվա հունվարի 13-ին ԲԴԽ-ն մեկ այլ դատավորի՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի գործով դարձյալ հիմքում դրել է ողջամիտ ժամկետի խախտման մասին հաղորդումը:
Հաղորդումը ներկայացրել էր Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանը:
Դատավորն անաշխատունակության մասին փաստաթղթեր էր ներկայացրել, պնդել, որ դիտավորությամբ չի խախտել ողջամիտ ժամկետները, որեւէ չարամիտ նպատակ չի հետապնդել:
Այնուամենայիվ, ԲԴԽ-ն նկատողություն տվեց նրան, իսկ ԲԴԽ անդամներից երկուսն էլ՝ Կ. Թումանյանն ու Ե. Թումանյանցը հայտնել էին հատուկ կարծիք:
Գործի նյութերում դրված էին ՀՀ Տավուշի մարզի դատախազին, նրա տեղակալին, մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, դատավորին հասցեագրված դիմումներ: Արձանագրվել էր, որ 41 գործերից միայն 7 գործով դատավճիռները օրենքով սահմանված ժամկետներում կողմերին տրամադրվելու անհրաժեշտություն կա:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2025