Սկիզբը՝ այստեղ:
Իրանը երբեք չի համաձայնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որեւէ փոփոխության, Մասուդ Փեզեշքիանի գնահատականը` Թեհրան ժամանած Ալիեւի օգնականի հետ հանդիպմանը
Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է՝ հարեւանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ են համարում: Նաեւ ընդգծել են, որ հարգում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Ոչ մեկ անգամ` Իրանից նաեւ ընդգծել են, որ «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր են համարում Հայաստանի համար։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը գործուղվել էր Թեհրան, ըստ ամենայնի, շոշափելու, թե որքանով է հնարավոր Թեհրանի դիրքորոշման փոփոխությունը` սիրիական զարգացումներից հետո Իրանի ազդեցության որոշակի նվազման պայմաններում:
Կարդացեք նաև
Սակայն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում ընդունելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւին, հստակ հայտարարել է, որ Իրանը երբեք չի համաձայնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որեւէ փոփոխության, եւ որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը եւս մեկ անգամ ընդգծել է կովկասյան տարածաշրջանի աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության եւ այս տարածաշրջանում օտար ուժերի միջամտության դեմ Իրանի քաղաքականությունը։
Փեզեշքիանն ընդգծել է Իրանի շահագրգռվածությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում: «Մենք նաեւ ընդգծում ենք առեւտրի եւ տրանսպորտի խոչընդոտների արագ վերացման անհրաժեշտությունը եւ ողջունում ենք երկու երկրների միջեւ փորձի փոխանակումը», -նշել է նա։ «Տարածաշրջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում։ Տարածաշրջանից դուրս տերությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միասնության ամրապնդում եւ տարաձայնությունների կանխում»,- ընդգծել է Իրանի նախագահը` տարածաշրջանի երկրներին միասնության կոչ անելով:
Իր հերթին Հաջիեւը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է խորացնել երկկողմ կապերը:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահի հրապարակային հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահն անդադար պնդում է, նույնիսկ` սպառնում, թե Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհ պետք է բացվի դեպի Նախիջեւան։ Իլհամ Ալիեւը օրերս էլ հայտարարեց՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։
Հավելենք, որ պաշտոնական Թեհրանը նաեւ երկրի ԱԳՆ-ի մակարդակով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի թեհրանյան այցի ֆոնին մի քանի հայտարարություններ էր արել:
«Մեզ համար շատ կարեւոր է կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը եւ բոլոր հարեւանների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի անվտանգությունը». հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային, հավելելով. «Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, եւ կան դիվանագիտական շփումներ, որոնք վերջին օրերին աճել են։ Մենք հայտարարել ենք եւ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով այս երկու երկրների միջեւ երկխոսության առաջխաղացմանը»։
Վարչապետ Փաշինյանն անցյալ շաբաթ որոշ ուղերձներ էր հղել, նաեւ` որոշ նորություններով էր կիսվել: Նա հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նախ հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրում դեռեւս երկու կետեր մնում են չհամաձայնեցված, եւ որ Երեւանն առաջարկել է լուծումներ երկուսի ուղղությամբ էլ: Չհամաձայնեցված կետերից մեկը երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն է վերաբերում: Այս պարագայում Երեւանն առաջարկում է դա կիրառել սահմանազատված հատվածների նկատմամբ: Իսկ երկրորդ կետը միջազգային ատյաններից իրավական հայցերի հետ կանչելուն է առնչվում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բոլորովին վերջերս էր հայտարարել, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ՝ Երեւանից պահանջելով առանց ստուգումների եւ անխոչընդոտ ճանապարհ ապահովել Ադրբեջանից դեպի իր էքսկլավ Նախիջեւան: Նիկոլ Փաշինյանն Ալիեւին այսպես պատասխանեց. «Մենք կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին, լուծում ենք առաջարկել, որով առաջարկում ենք, որ Ադրբեջանի արեւմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն եւ հակառակը, բայց նույն սկզբունքով Երասխից Մեղրի: Առաջինը պարզ է՝ Հայաստանի տարածքով»:
Այնուհետեւ Փաշինյանը հայտնեց, թե սպասում են Բաքվի դրական պատասխանին, ավելին՝ նա հավելեց, թե չի պատկերացնում, թե ինչու պետք է այս առաջարկը մերժեն: «Ինչ լուծում էլ լինի, իրենք իրենց ձեւով են անվանելու, մենք՝ մեր ձեւով, բայց բովանդակությունն է կարեւոր, եւ այն բովանդակությունը, որը առաջարկել ենք, մեզ համար բացարձակապես ընդունելի որեւէ բան չկա եւ լիարժեք համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում բարձրաձայնված սկզբունքներին, բայց համապատասխանում է նաեւ այն ակնկալիքներին, որոնք Ադրբեջանն է բարձրացնում», – նկատեց Փաշինյանը, կարծես, նպատակ ունենալով նախօրոք ապահովագրել իրեն` Բաքվի կողմից հնարավոր դրական պատասխանի պարագայում:
Ինչպես հայտնի է, Փաշինյանի կառավարության նախաձեռնության «Խաղաղության խաչմերուկում» հիմնարար սկզբունքներն են երկրների տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը ենթակառուցվածքների նկատմամբ, երկրների ազգային օրենսդրությունների կիրառումը յուրաքանչյուրը իր հատվածում: Ադրբեջանի նախագահը, սակայն, վերջերս առաջին անգամ հրապարակավ մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկը», հայտարարեց, որ այն «գրոշի արժեք չունի, ինչի մասին տարբեր խողովակներով հայկական կողմին բազմիցս հասկացնել են տվել»։
«Մենք դեմ չենք անխոչընդոտ հաղորդակցությանը, բայց անխոչընդոտ չի նշանակում ՀՀ իրավազորության շրջանցումով»,- անցյալ շաբաթ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Բաքվի բոլոր պահանջներին առաջարկների տեսքով պատասխանելը եւ այդ պահանջները Հայաստանում օրակարգային թեմա դարձնելը Փաշինյանի իշխանության միակ քայլն է մնացել: Ռեակցիոն քաղաքականություն, որով փորձ է արվում մեղմել հասարակական դժգոհությունները` Բաքվի պահանջները ներկայացնելով ոչ այնքան բացասական լույսի ներքո:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2025