Համախմբումը պետք է կայանար շատ ավելի կարեւոր հարցում
Փետրվարի 1-ից սկսած Երեւանի հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիների մի մասը բոյկոտում է քաղաքային իշխանության նախաձեռնած ուղեվարձի թանկացումը:
Մաթեմատիկական հաշվարկով ակնհայտ է դառնում, որ 100 դրամ ուղեվարձով, ինչպես նաեւ հարկերից գոյացած միջոցների նպատակային օգտագործմամբ մայրաքաղաքը կարող է ունենալ ժամանակակից, հարմարավետ եւ հասանելի տրանսպորտային համակարգ:
Ուղեվարձի թանկացումն, այսպիսով, լրացուցիչ բեռ է դառնալու առանց այդ էլ բարդ սոցիալական վիճակում գտվող հայաստանցիների համար: Այս պայմաններում լիովին ընկալելի է տրանսպորտից օգտվելու համար միայն 100 դրամ վճարել պատրաստ քաղաքացիների դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Տրանսպորտի թանկացումը որպես դրա բարեփոխման անշրջանցելի բաղադրիչ ներկայացնող իշխանություններից, ճիշտ է՝ մեղմ, բայց բողոքում են նաեւ մինչ այդ ՔՊ-ի ցանկացած քայլը գովերգող քաղաքացիներ:
Անձամբ ես հանդիպել եմ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների, որոնք մինչեւ երեւանյան իշխանությունների՝ 150 դրամ մեկանգամյա ուղետոմս ներդնելու «զիջումը» քննադատում էին քաղաքապետ Տիգրան Ավինյանին եւ պատրաստակամություն էին հայտնում մասնակցել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության առաջարկած բոյկոտներին:
Ըստ այդմ՝ տրանսպորտը տեղից շարժեց անգամ Նիկոլ Փաշինյանին հավատարիմ եւ նեցուկ քաղաքացիներին:
Հավանական է, որ Gallup International Armenia-ի հարցմամբ ՔՊ-ի հակառեկորդային 11.3% վարկանիշի պատճառներից է հանդիսացել հենց տրանսպորտային «բարելավումը»:
Այս հանգամանքը, սակայն, ես ընդունում եմ դառնությամբ:
Անտարակույս, տրանսպորտը մեր ամենօրյա կյանքի հետ կապված հարց է: Այն կարող է թե՛ դյուրացնել մեր առօրյան, թե՛ անտանելի դարձնել այն: Տրամաբանական է քաղաքապետարանի որոշման դեմ կոնսոլիդացիան, ինչը կարող է դառնալ իշխանափոխության կամ դրա նախադրյալների ստեղծման առիթ:
Տարակուսելին այն է, որ կոնսոլիդացիան տեղի է ունենում հիմա՝ տրանսպորտի նման մանր, առօրյական խնդրի շուրջ, եւ տեղի չի ունեցել ավելի վաղ՝ համազգային, պատմության ընթացքն անդառնալիորեն շեղած իրադարձությունների շուրջ:
Եթե մի կողմ դնենք 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտությունը եւ դրան հաջորդած տարիներին Հայաստանի ինքնիշխան տարածքների ռազմական գրավումն Ադրբեջանի կողմից, 2023-ի սեպտեմբերին Արցախի վերջնական կորուստը հերիք չէ՞ր կոնսոլիդացիայի եւ իշխանափոխության համար:
2019-2020թթ. առարկայական բանակցություններից հրաժարվելը, փոխզիջումները բացառելը, հետագայում էլ Արցախն առանց որեւէ միջազգային երաշխիքի Ադրբեջանի ունիտար կազմում ճանաչելը եւ մեր հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողնելը ոչնչացրին հազարամյա Արցախը:
Այսօր 150,000 արցախցիները չեն ապրում իրենց բնօրրանում: Դա հերիք չէ, Փաշինյանի իշխանության հրահրմամբ՝ զարհուրելի ատելություն է տարածվում արցախցի մեր քույրերի եւ եղբայրների նկատմամբ:
Փաստորեն…
Դուրս է գալիս՝ մենք սկսում ենք բողոքել միայն այն ժամանակ, երբ դիպչում են մեր գրպաններին: Այս տեսակետն ապացուցելու են գալիս նաեւ հայտարարագրման թեմայի շուրջ տարածվող արդարացի դժգոհությունները:
Բայց երբ խոսքը վերաբերում է մեր ազգի եւ պետության ապագային, ինչու չէ՝ նաեւ պատմության խեղաթյուրմանը, մեծամասնությունն ականջները կախ ունկնդրում է ինքնահռչակ լուսավորչությամբ զբաղվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Եթե տրանսպորտի թանկացումը, համընդհանուր հայտարարագրումը կամ համանման որեւէ խնդիր բողոքի զանգվածային ակցիաների կամ իշխանափոխության հանգեցնի, ես դրան կվերաբերվեմ որպես դառը հաղթանակ, որովհետեւ կապացուցվի այն միտքը կամ ընկալումը, որ մենք համախմբվեցինք, ոտքի կանգնեցինք, երբ դիպչեցին մեր գրպաններին եւ ոչ համազգային աղետի ժամանակ:
Սփոփանքը կլինի այն, որ միգուցե միայն հայերը չեն այդպես նյութապաշտ: Միգուցե մարդու էությունն է՝ առավել բարձր բղավել, միայն երբ հարցը վերաբերում է սոցիալական բարդություններին:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2025