Ամեն անգամ, երբ ՔՊ-ական իշխանությունը ստիպված է լինում բախվել հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի սկզբունքայնության հետ, երբ վերջինիս անունն առանց արհեստական աղմուկի ու բարձրագոչ հայտարարությունների, օրեր շարունակ չի իջնում հասարակության շուրթերից, փաշինյանամերձ տարբեր տրամաչափի հայտնի ու անհայտ «գործիչներ» սկսում են ժայթքել թույնի հերթական չափաբաժինն ու հայրենասիրության դասեր տալ, իսկ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք էլ հաճույքով հավանում են նմանատիպ գրառումները:
Հերթական արշավը Հենրիխ Մխիթարյանի դեմ սկսվեց այն բանից հետո, երբ նա նախ չեկավ Հայաստան, որ Նիկոլ Փաշինյանից մրցանակ ստանա, ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց՝ այն ստանալու համար, ապա Միլանում արդեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց՝ այս պահին հավաքական վերադառնալ չի պատրաստվում, բայց մի օր կխոսի հավաքականից հեռանալու իր պատճառների մասին:
Հենրիխ Մխիթարյանի, Ֆուտբոլի ազգային հավաքականից հեռանալու նրա պատճառների, նրան քննադատողների, դրա բարոյական իրավունքն ունեցողների ու այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ ազգային հավաքականից
Հավաքականից հեռանալու՝ Հենրիխ Մխիթարյանի պատճառները, ըստ Ռուբեն Հայրապետյանի, մի քանիսն են, և դրանցից առաջինն այն է, որ Մխիթարյանի մորը զրկեցին Ֆեդերացիայում աշխատելու հնարավորությունից:
«Դրանից առաջ Հենրիխ Մխիթարյանից վերցրին դիվանագիտական անձնագիրը: Ընդ որում, էդ անձնագիրը Հենրիխի համար մի մեծ բան չէր: Ուղղակի քանի որ նա Շենգեն գոտու երկրներում հաճախ էր ճամփորդում իր աշխատանքի բերումով, դիվանագիտական անձնագրով երթևեկելը զուտ հարմար էր, անընդհատ վիզաների կարիք չէր լինում: Դա էր դրա առավելությունը: Ու դա գիտակցելով՝ սրանք նրանից վերցնում են նրա դիվանագիտական անձնագիրը:
Ո՞ր դեսպանը կամ ո՞ր պատգամավորն է աշխարհում հային ու Հայաստանն այնքան լավ ներկայացրել ու ճանաչելի դարձրել, որքան դա արել է Հենրիխ Մխիթարյանը, որ նրանք ունեն դիվանագիտական անձնագիր, Մխիթարյանը՝ ոչ»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Ի՞նչ կապ կա Մխիթարյանի գործողությունների ու Ռուբեն Հայրապետյանի անձի միջև
«Այս տգետները Հենրիխ Մխիթարյանին լավ չեն ճանաչում: Նա այն անձնավորությունն է, ու ֆուտբոլը նրա համար այնպիսի արժեք է, որ 10 Հայրապետյան էլ լիներ, եթե Հենրիխ Մխիթարյանն ուզենար գալ ու խաղալ հավաքականի կազմում, նա գալու էր ու խաղար: Հենց Հենրիխ Մխիթարյանը ոտքը դնում է կանաչ խոտի վրա, դիմացն ով էլ լինի՝ փորձելու է հաղթել… Ինքն այդ հոգեբանությունն ունի: Ինքն այդպես է ապրել: Մարդկանց թվում է՝ ինչ-որ մեկը կարող է ուղղորդել Մխիթարյանին, ազդել նրա որոշումների վրա: Ազնվորեն եմ ասում՝ չարաչար սխալվո՛ւմ են: Հենրիխը կիրթ, խելացի, հասուն տղամարդ է, ով կարող է շատ ու շատ մարդկանց դասեր տալ: Ավելին, ինքը հիմա կարող է նաև ինձ խորհուրդներ տալ»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Կգա՞ արդյոք Հենրիխը երբևէ ազգային հավաքական
«Իմ երազանքն է՝ Հենրիխ Մխիթարյանին տեսնել ազգային հավաքականում: Կլինի դա ավագի թևկապո՞վ, թե՞ ֆուտբոլը ղեկավարելով, բայց Հենրիխ Մխիթարյանը պիտի լինի մեր ֆուտբոլի առաջատարն ու տանի իր հետևից: Ի՞նչ կարգավիճակով՝ թևկապով ավագի՞, թե՞ Ֆեդերացիայի նախագահի, էական չէ:
Հենրիխը նեղացկոտ չէ, ոչ էլ որևէ մեկից նեղացել է: Ուղղակի ինքը շատ լավ գիտակցում է՝ ֆեդերացիան կարող է այնպիսի մթնոլորտ ստեղծել իր համար, որ ինքը պարզապես չկարողանա ֆուտբոլ խաղալ, ինչպես որ արել էին: Հենրիխը չի հրաժարվել հավաքականից. նա հրաժարվել է այն մթնոլորտից, որը ստեղծվել է իր շուրջ:
Ֆուտբոլիստը, մարզիկն առհասարակ, առաջին հերթին պետք է պատրաստ լինի ֆիզիկապես և հոգեբանորեն: Հիմա եթե պիտի հոգեբանորեն կոտրեն այդ տղային, իրենց լակոտներով, ֆեյքերով տարբեր բաներ գրեն, թիրախավորեն, ո՞նց խաղա…»,- նկատեց Ռուբեն Հայրապետյանը:
36 տարեկանում Եվրոպայի թոփ առաջնության չեմպիոն թիմի հիմնական կազմի խաղացող
«6 տարեկանից Հենրիխին ճանաչում եմ: Նա մարզվել է «Փյունիկ» ակումբում, որի սեփականատերը եղել եմ ես: Էդ տարիքում չէի կարող կանխատեսել նրա փայլուն կարիերան, բայց 16-17 տարեկանից, երբ մի անգամ անձնական զրույցում ինքն ինձ ասաց՝ ես կապացուցեմ, որ ես ուժեղ ֆուտբոլիստ եմ ու լավ ֆուտբոլ եմ խաղալու, ես հասկացա՝ նա մեծ ֆուտբոլիստ է դառնալու ու մեծ ակումբներում է խաղալու: Հենրիխը հայկական ֆուտբոլի՝ իմ իմացած միակ ֆուտբոլիստն է, ում երբեք գումարը չի հետաքրքրել, այլ թոփ ակումբում խաղալը: «Անժիի», «Սպարտակի», այլ ակումբների առաջարկները՝ վառ օրինակ: Ես դեռ սրանից 5-6 տարի առաջ եմ ասել Հենրիխին՝ դու պիտի մինչև 40 տարեկան խաղաս: Հենրիխը սուպերպրոֆեսիոնալ է, հետևում է իր սննդակարգին, ռեժիմին, կարգապահ է, ինտենսիվ մարզվում է, ի տարբերություն շատ-շատերի: Եվ, ամենակարևորը, իր գործն է շատ սիրում, ոչ թե կողմնակի զվարճանքները»,- ասաց ՀՖՖ նախկին նախագահը:
Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում