Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով` թեեւ աշնանը շատ խոսվեց Հայաստանում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին, սակայն արդեն իսկ կարելի է արձանագրել, որ Հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինի:
«Կարող են լինել վաղաժամ ընտրություններ. դա արդեն հերթական ընտրությունն է, որը կարող է տեղափոխվել ժամկետից մի քիչ շուտ: Իսկ արտահերթ ընտրություններ չեղան, որովհետեւ իշխանության համար ոչ նպաստավոր որոշ զարգացումներ եղան՝ հիմնականում դրսում: Նկատի ունեմ Մոլդովայի հանրաքվեով ընտրությունները, ԱՄՆ ընտրությունները եւ Վրաստանի ընտրությունները. սրանք բոլորը ոչ բարենպաստ պատկեր եւ ֆոն են ստեղծել, որի արդյունքում արդեն ՀՀ իշխանությունները հասկացել են՝ բարդությունների կարող են բախվել նաեւ այստեղ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Վերջին շրջանում ինտենսիվ են նաեւ ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտի համախմբման անհրաժեշտության մասին խոսակցությունները: Այս առիթով մեր զրուցակիցը հիշեց 2020-21-22 թվականներին ընդդիմության միավորման փորձերը, որոնք արդյունքի չբերեցին. «Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ ընդդիմության համախմբման օրակարգ առհասարակ չկա: Ընդդիմության միավորման առաջին փորձը իշխանափոխության օրակարգի շուրջ էր՝ 2020-22 թվականները, եղել է նաեւ փորձ միավորվել առաջնորդի՝ Բագրատ սրբազանի շուրջ՝ 2024 թվականին. երկու փորձն էլ տապալվել է եւ մնացել է միակ տարբերակը, որը ի սկզբանե էլ իրատեսական էր՝ միավորվել ծրագրի շուրջ: Նույնիսկ եթե այս համախմբումը կարող է կարճաժամկետ հեռանկարում արդյունք չտալ, բայց, ամեն դեպքում, նման միավորումը լինելու է շատ ավելի կայուն»:
Այդ հնարավոր միավորումը քաղաքագետը տեսնում է այսպես՝ մի քանի կուսակցություններ կազմում են ծրագիր՝ առկա խնդիրների, դրանց լուծման՝ իրենց տեսլականների վերաբերյալ, ստեղծում են որոշակի կադրային բանկ: Այս ամենը ինչ-որ փաստաթղթային տարբերակով ներկայացվում է հանրությանը եւ այն բաց է լինում հետագա միավորումների համար:
Կարդացեք նաև
«Մինչ օրս ընդդիմադիր կուսակցություններն ունակ չեն եղել ծրագիր կազմել՝ երկու հանգամանքից ելնելով. նախ իրենց քաղաքական պատրաստվածությունը դա թույլ չէր տալիս եւ երկրորդը՝ մտավախություններ կային, որ ծրագիրը կբացահայտվի, կքննադատվի ու փորձում էին խուսափել: Բայց դա ավելի մեծ քննադատության բերեց: Այստեղից եզրակացություն՝ պետք է խաղալ բաց քաղաքականություն եւ դա փորձել ներկայացնել հանրության դատին, ոչ թե փակ դռների ետեւում ինչ-որ բաների շուրջ պայմանավորվել, որը նաեւ մշուշոտ է»,- ասաց մեր զրուցակիցը:
Գաղափարական միավորման պարագայում, ըստ Հրանտ Միքայելյանի խոսք է գնում այն ընդդիմադիր ուժերի մասին, որոնք կարող են իշխանությանը գաղափարական այլընտրանք առաջարկել. «Այս պահին, ամեն դեպքում, իշխանությանը գաղափարական այլընտրանք հանդիսացող կուսակցությունները երկուսn են՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Կան նաեւ ավելի փոքր՝ ոչ կուսակցական միավորներ, որոնք եւս կարող են նման միավորման մաս դառնալ: Եթե ծրագրային հիմքով միավորումը կայանա՝ հարցը՝ ով է ավելի լավը կամ վատը, արդեն առաջնային չի լինելու, քանի որ առաջնային դիրքում ծրագիրն է լինելու»:
Դիտարկմանը՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն թեեւ գործող իշխանությանը գաղափարական այլընտրանք են, նաեւ պիտակավորում ունեն՝ «նախկիններ» եւ հանրության մոտ գուցե նաեւ օբյեկտիվ հակազդեցություն կառաջացնի նման միավորումը, քաղաքագետը պատասխանեց, որ եթե որպես «նախկին» պիտակավորենք ցանկացած ուժի, որը եղել է իշխանության մեջ, ապա՝ թե ընդդիմության եւ թե իշխանության մեջ բազմաթիվ մարդիկ եւ միավորներ կան, որոնք, այսպես ասած՝ նախկին իշխանության փորձ ունեն. «Եթե հայտարարվի, որ Հայաստանում ամբողջական լյուստրացիա է իրականացվում՝ պաշտոններ զբաղեցրածների, ապա մենք գործ ունենք կամ ամբողջական իշխանափոխության կամ օկուպացիայի հետ:
Այսօրվա դրությամբ, անկեղծ ասած, իրավիճակը շատ ավելի նման է երկրորդ տարբերակին՝ օտարածին օրակարգով եւ խնդիրներով իշխանությունը զավթվել է եւ փորձում են ամբողջ քաղաքական դաշտը լյուստրացիայի ենթարկել. ովքեր Հայաստանում իշխանության են եղել, իրենք իրավունք չունեն գործելու եւ պիտակավորվում են: Բայց այդ պիտակն արդեն ինքնին վատ է բնութագրում հենց պիտակավորողներին: Երկրորդ՝ «նախկին» նշանակում է, որ մարդիկ անցյալում վատ են կառավարել, բայց կարող է նշանակել նաեւ, որ կառավարման փորձ ունեն. մեկնաբանության եւ ընկալման խնդիր է:
Այսինքն, թե կուսակցությունների, թե անհատների մակարդակով պետք է ճիշտ գնահատել: Իրականում, ՀՀԿ-ում կան շատ լավ կադրեր, թեեւ կան նաեւ մարդիկ, ովքեր վատ փորձառություն ունեն կամ վատ համբավ: Ամեն դեպքում, ըստ իս, կադրային բազայի տեսանկյունից, ՀՀԿ-ն գերակա է այլ կուսակցությունների նկատմամբ եւ սա փաստ է: Այսինքն, նախկինը նաեւ կարող է փորձառու լինել եւ այս հանգամանքը, որպես կանոն, կա: Եվ երրորդ՝ եթե որեւէ կուսակցություն պիտակավորվում է, ապա օբյեկտիվ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է պիտակավորվում, եթե այն հանցավոր չի, արգելված չի: Ի վերջո, այդ կուսակցություններում բացի 30 տարի առաջ լավ կամ վատ պաշտոնավարած մարդկանցից, կան երիտասարդ գործիչներ, նոր կադրեր, հետաքրքիր գաղափարներ:
Ուստի, այստեղ մենք ականատես ենք լինում՝ Հայաստանում ազգայնական գաղափարախոսությունն արգելելու փորձի: Դա իրականացնում է ներկա ՔՊ-ական իշխանությունը, որը սպասարկում է օտարերկրյա շահերը, մասնավորաբար նաեւ թուրքական: Այն կուսակցությունները, որոնք ազգայնական են, ՔՊ-ի համար, բնականաբար, թշնամական են ընկալվում: Ուստի, կարիք կա հասարակության հետ ճիշտ կոմունիկացիայի եւ եթե այդ կուսակցությունները ունակ կլինեն դա անել, կազատվեն նաեւ պիտակներից: Եվ ի վերջո, որքան էլ որ Հայաստանում խնդիրներ եղել են, ցանկացած ոք, ով հիշում է 2018 թվականի գարունը եւ տեսնում է ներկան՝ կարող է տարբերությունը տեսնել: Այնպես որ, «նախկիններ» պիտակով շարունակել առաջ շարժվել՝ նշանակում է՝ կամ մարդը չի գիտակցում թե ինչ է անում. սա մեծամասնության դեպքում է տեղի ունենում, իսկ փոքրամասնության դեպքում՝ մարդը համահանցակից է Հայաստանի այսօրվա իրավիճակին: Հասարակության հետ ճիշտ կոմունիկացիան կարող է նախկին-ներկա բաժանարար գծերը վերացնել, որը որ ոչ մի լավ բանի չի բերում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ