Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի խումբ աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնիրավչության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ աշխատակիցներն օրեր շարունակ գործադուլ են իրականացնում՝ աշխատավարձերի հարցով։ Թեև ԶՊՄԿ-ն պաշտոնապես դիրքորոշում է հայտնել՝ պատրաստակամություն հայտնելով 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարում, այլև՝ օրեցօր թեժանում են։ Երեկ նույնիսկ ծեծկռտուք է տեղի ունեցել՝ հրազենով, երեք անձ ձերբակալվել է։
ԶՊՄԿ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի՝ Ընկերության Գլխավոր տնօրենի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Ընկերության բոլոր արտադրամասերի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ աշխատողների ճնշող մեծամասնությունը մշտապես պատրաստ են եղել անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը և վերականգնել Ընկերության արտադրական անխափան գործընթացը։ Ավելին՝ անցած օրերին Ընկերության աշխատողները երեք անգամ փորձել են վերականգնել աշխատանքները, սակայն փոքրաթիվ (մոտ 70) անձանց խմբի հաշվեհարդարի սպառնալիքների, ֆիզիկական միջամտության և տեղաշարժի սահմանափակումների ներքո չեն կարողացել վերագործարկել արտադրությունը։ Ընկերությունը վերոգրյալ փաստերի առթիվ ՀՀ իրավապահ մարմիններին արդեն իսկ ներկայացրել է հանցագործության մասին երեք հաղորդում։