Լրահոս
Օրվա լրահոսը

«23 տարեկանների հավաքականի աղջիկները կնախապատրաստվեն Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը». Վազգեն Բադալյան

Փետրվար 06,2025 20:15

«Դինամո» մարզահամալիրում ավարտված բռնցքամարտի Հայաստանի կանանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեցին 52 կգ քաշային Արեւիկ Դոխոյանը, 54 կգ՝ Եկատերինա Սիչեւան, 57 կգ՝ Տաթեւիկ Խաչատրյանը, 60 կգ՝ Լիանա Մարտիրոսյանը եւ 70 կգ՝ Անահիտ Միքայելյանը:

Առաջնության ավարտից հետո Aravot.am-ը զրուցեց կանանց ազգային, մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդական հավաքականների նորանշանակ գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի հետ, որը նախորդ տարիներին գերազանց արդյունքներ էր արձանագրել տղաների երիտասարդական հավաքականի հետ:

-Մաղթում ենք, որ հաջողություններ գրանցեք նաեւ աղջիկների հետ միասին:

-Շնորհակալություն: Դե, նոր եմ ուսումնասիրում: Աղջիկներ կան, որոնք իմ հավաքականում եղել են, երբ աշխատում էի տղաների հետ: Օրինակ, Էլիդա Քոչարյանը, Անուշիկ Գրիգորյանը, Սոնա Հարությունյանը, Անի Հովսեփյանը:

-Թվարկեցիք անվանիներին, սակայն նրանց կողքին կան նաեւ երիտասարդ մարզուհիներ:

-Այո, կան: Ու նրանց դեռ չեմ ճանաչում: Կարելի է ասել, որ դա բնական է, որովհետեւ գիտենք, որ Հայաստանում կանանց բռնցքամարտը առայժմ մեծ մասսայականություն չի վայելում: Բայց լավ է, որ կան աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասնակցած փորձառու աղջիկները, որոնք, վստահ եմ, որ արդյունքներ կանեն ու նաեւ մյուսներին էլ կոգեւորեն ու կտանեն իրենց հետեւից:

-Մեր անվանի աղջիկներն ինչո՞ւ չմասնակցեցին այս առաջնությանը:

-Տարբեր պատճառներով: Բայց հիմնականը, որ տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն եւ ապաքինվում են:

-Ինչպե՞ս եք համադրելու միջազգային ռինգերում մեդալների համար պայքարելու եւ երիտասարդների մրցափորձ կուտակելու անհրաժեշտությունը:

-Ես կողմնակից եմ, որ պաշտոնական առաջնություններին լավագույնները մասնակցեն: Պատահում է, որ քաշային կարգը թույլ է լինում, բայց մասնակցության թույլտվություն տալիս ենք: Բայց դա ճիշտ չեմ համարում: Հավաքականի նորեկները, ճիշտ կլինի, նախ հանդես գան եւ իրենց դրսեւորեն միջազգային մրցաշարերում, մինչեւ կհասունանան ավելի լուրջ մեկնարկների համար:

Ես կանանց աշխարհի առաջնությունները տեսել եմ: Գալիս են ուժեղ հավաքականներ՝ շատ ուժեղ բռնցքամարտիկներով: Այո, կրկնում եմ, որ այդտեղ պիտի հանդես գան միայն ուժեղագույնները, որոնք համապատասխանում են այդ մակարդակներին: Ի վերջո, պաշտոնական առաջնություններում երկիր ես ներկայացնում:

-Այս առաջնության արդյունքներով կկազմավորվեն ձեր ղեկավարմանը հանձնված հավաքականները: Ուսումնամարզական հավաքները ե՞րբ եք սկսելու:

-Մի քանի օրից: Նպատակ ունենք՝ Ծաղկաձորում: Ուզում եմ՝ երիտասարդները մեծահասակների հետ մարզվեն, որովհետեւ նախապատրաստվելու են այս տարվա առաջին լուրջ մեկնարկին՝ Երեւանում կայանալիք մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728