«Միայն ՀՀ-ն ու Իրանն են, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին միատեսակ են մտածում։ Միմիայն Իրանն է, որ աջակցում է ՀՀ-ին դեմ հանդես գալու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին վերաբերող հարցերին։
Դեսպանը վստահեցրեց՝ տարածաշրջանում Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին։
Հարցին՝ երբ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հասնեն Սյունիքի մարզ, ի՞նչ եք կարծում՝ դա կարո՞ղ է Իրանի համար խնդիրներ ստեղծել, Մեհդի Սոբհանին պատասխանեց․ «Ընդհանրապես մենք գտնում ենք, որ սահմանազատման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու համար։ Դրա հիմքում Ալմաթայի հայտարարությունն է և միջազգային կանոնակարգերը։ Սահմանազատման գործընթացը, եթե իրականացվում է միջազգային կանոնների համաձայն, Ալմաթայի համաձայնագրի համաձայն, դա կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը։ Մեր և ՀՀ-ի միջև սահմանը շատ հստակ է։ Այն երկխոսությունները, որ իրականացվում են միջազգային սահմանների հստակեցման համար ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ մեր և ՀՀ-ի սահմանի վրա»։
Կարդացեք նաև
Հարցին՝ Դոնալդ Թրամփ հայտարարությունների, Իսրայելի հնարավոր հարվածների և Իրանի շուրջ վերջին լարվածությունը հաշվի առնելով՝ արդյոք այս գործոնները կարո՞ղ են պատճառ դառնալ, որ Իրանը կարմիր գծերի հետ կապված գնա Թուրքիայի հետ պայմանավորվածությունների մյուս ոլորտներում իրավիճակը մեղմելու համար, դեսպանը պատասխանեց․ «Դուք տարբեր հնարավոր տարբերակներով ցանկանում եք լսել Իրանի դիրքորոշումն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի հարցում մենք որևէ մեկի հետ որևէ գործարքի չենք գնա։ Եթե մենք ԱՄՆ-ի՝ այսպես ասած մեծն սատանայի դիմաց չենք ընկրկում, ինչո՞ւ պետք է ուրիշի հետ գործարքի գնանք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ