Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի փետրվարի 6-ին հյուրընկալել է Եվրասիա միջազգային համալսարանի «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին:
Աննա Վարդապետյանը ճանաչողական այցով Գլխավոր դատախազությունում գտնվող աշակերտներին ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանությանը:
Դպրոցների սաների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է Դատախազության գործառույթներին, լիազորություններին, դատախազներին և դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող կրթական, մասնագիտական պահանջներին, անձնային որակներին, այդ թվում՝ բարեվարքության պահանջներին:
Պատասխանելով աշակերտներից մեկի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում արձանագրված արդյունքների մասին հարցին՝ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով առաջին վճիռն է մտել օրինական ուժի մեջ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ:
Կարդացեք նաև
Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում աշակերտները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել Դատախազության պատմությանը:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին