Հնարավո՞ր է երկու հարցի միջոցով պարզել՝ ինչպես են Հայաստանում գործում նախարարներին կից հասարակական խորհուրդները։
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի որոշման համաձայն՝ դեռևս վեց տարի առաջ՝ 2019 թ․ փետրվարին, նախարարներին կից նոր հասարակական խորհուրդներ պետք է ստեղծված լինեին՝ տվյալ գերատեսչության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով։
Պարզելու համար, թե նախորդ տարվա ընթացքում ինչ պարբերականությամբ են նիստեր գումարել Նախարարներին կից հասարակական խորհուրդները, հունվարի 13-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախարարություններին տեղեկություն ստանալու հարցումներ ուղարկեց՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները․
Կարդացեք նաև
- Քանի՞ նիստ է գումարել Նախարարին կից հասարակական խորհուրդը 2024 թվականի ընթացքում։
- Ե՞րբ է կայացել Նախարարին կից հասարակական խորհրդի վերջին նիստը:
ԻԱԿ-ը նաև խնդրել էր տրամադրել Նախարարին կից հասարակական խորհրդի վերջին նիստի օրակարգը, արձանագրությունը կամ փաստաթղթերի ակտիվ հղումները։
Նախարարությունները հարցմանը պատասխանել են օրենքով սահմանված ժամկետներում։ Միայն Արտաքին գործերի նախարարությունն է միջանկյալ պատասխանով հայտնել, որ լրացուցիչ աշխատանքի անհրաժեշտություն կա ու պատասխանը կտրամադրեն 30-օրյա ժամկետում։
Հարցումների պատասխաններից պարզ է դառնում, որ 2024թ․-ին 12 նախարարություններց միայն երեքում (ԱՍՀՆ, ԿԳՄՍՆ, Առողջապահության նախարարություն) են փաստացի գործել Նախարարին կից հասարակական խորհուրդները, որոնք նախորդ տարվա ընթացքում նիստեր են գումարել։
Ներկայացնենք պատկերն ըստ հարցման պատասխանների ու նախարարությունների պաշտոնական կայքերի դիտարկման։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում Նախարարին կից հասարակական խորհրդի երեք նիստ է գումարվել: Վերջին նիստը կայացել է 2024 թ․ նոյեմբերի 22-ին: Հասարակական խորհրդի նիստերի արձանագրությունները տեղադրված են նախարարության կայքում։ Ըստ արձանագրության՝ վերջին նիստի ընթացքում քննարկվել է 2024-2040 թթ․ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ նախարարին կից հասարակական խորհուրդը 2024 թվականի ընթացքում գումարել է 4 նիստ: Վերջին նիստը կայացել է 2024 թ․ դեկտեմբերի 17-ին, որի ժամանակ քննարկվել են «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և «Ընթերցանությունը որպես կոգնիտիվ կարողությունները զարգացնելու գործիք» թեման։
Նախարարին կից հասարակական խորհրդի նիստերի արձանագրությունները տեղադրված են գերատեսչության կայքում ամբողջական փաթեթով։ Հարկ է սակայն նշել, որ փաստաթղթերի նման փաթեթային հրապարակման ձևաչափը հարմար չէ առանձին փաստաթղթերը դիտարկելու տեսանկյունից, քանի որ տարվա ընթացքում գումարված նիստերի արձանագրություններից որևէ մեկը տեսնելու համար օգտատերը ստիպված է ներբեռնել ամբողջական փաթեթը։
Առողջապահության նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2024 թվականին Նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է 3 նիստ (03.04.2024 թ., 29.07.2024 թ., 18.12.2024 թ.): Բոլոր նիստերի օրակարգը և արձանագրությունը հրապարակվել են ԱՆ պաշտոնական կայքի «Նախարարին կից հասարակական խորհրդի նիստեր» դարանում։ 2024թ. դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվել են հանրապետական շտապօգնության ծառայության ներդրման ու զարգացման, գյուղական ամբուլատորիաների խոշորացմանը վերաբերող հարցեր:
Թեև նախարարության կայքում տեղեկատվությունը ամբողջական է, սակայն բեռնված փաստաթղթերի ձևաչափը թույլ չի տալիս հեշտությամբ աշխատել տվյալների հետ՝ մասնավորապես օգտագործելով որոնման գործիքը:
Արդարադատության նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ նախարարին կից հասարակական խորհուրդը 2024 թվականի ընթացքում նիստ չի գումարել։ Խորհրդի վերջին նիստը գումարվել է 2023 թ. փետրվարի 28-ին, որի ընթացքում քննարկվել են Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման, ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Հասարակական խորհրդի նիստերի արձանագրությունները տեղադրված են Նախարարության կայքի համապատասխան բաժնում։ Փաստաթղթերի վերնագրերը թեպետ հնարավորություն չեն տալիս առանց բացելու տարբերակել, թե որ նիստին է վերաբերում փաստաթուղթը (չկա ամսաթիվ), սակայն դրանք հարմար են բովանդակության հետ աշխատելու տեսանկյունից։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ հասարակական խորհուրդը 2024 թ․ ընթացքում նիստեր չի գումարել։ Նախարարի 2024 թվականի հունվարի 31-ի N 168-Ա հրամանով լուծարվել է 2021 թ․-ից գործող խորհուրդը, իսկ դրանից հետո նմանատիպ կառույց չի ձևավորվել։
Նախկին նիստերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տրամադրվել։ Նախարարության կայքում ևս նման տվյալներ գտնել չի հաջողվել։
Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ անցած տարվա ընթացքում նախարարին կից հասարակական խորհրդի նիստ չի գումարվել։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2017թ. դեկտեմբերի 12-ին։ Այսինքն՝ յոթ տարվա ընթացքում Նախարարին կից հասարակական խորհուրդ չի ձևավորվել, թեև, ըստ պաշտոնական պատասխանի, փորձեր արվել են: «2019 թվականին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում՝ 2 գերատեսչություններում առկա հասարակական խորհուրդների փոխարեն խորհրդի նոր կազմի ձևավորման և իրավական կարգավորումների ուղղությամբ աշխատանքները COVID–19 համավարակի, ապա նաև 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ի պատերազմի պատճառով ավարտին չեն հասցվել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ չի ձևավորվել»,- ասվում է պատասխանում։
Ներքին գործերի նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ նախարարի օգոստոսի 29-ի թիվ 60-Լ հրամանով հաստատվել է հասարակական խորհրդի կազմը։ 2024 թ. նոյեմբերի 29-ին կազմակերպվել է հանդիպում, որին մասնակցել են Հասարակական խորհրդի բոլոր անդամները։ Սակայն խորհրդի կազմը առաջիկայում փոխվելու է։
«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում որոշ մասնակիցներ ցանկություն են հայտնել ընդգրկվել Խորհրդի կազմում։
Հրապարակվել է հավելյալ հայտարարություն՝ Հասարակական խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նոր դիմումներ։ Ներկայումս տեղի է ունենում ներկայացված դիմումների ուսումնասիրման և ամփոփման գործընթացը»,- ասված է պատասխանում։
ՆԳՆ կայքում հրապարակված է Հասարակական խորհրդի կազմը՝ 2024 թ. նոյեմբերի 7-ի դրությամբ։ Իսկ ինչպես երևում է ՆԳՆ տեսանյութից, նոյեմբերի 29-ի հանդիպմանը մասնակցել են ոչ միայն Նախարարին կից հասարակական խորհրդի անդամները, այլև այլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում նախարարին կից հասարակական խորհուրդը նիստ չի գումարել։ Պատասխանում առաջարկվում է խորհրդի գործունեության մասին տեղեկություններ ստանալ կայքում, որտեղ հրապարակված տեղեկատվության համաձայն՝ խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել 2021 թ․ ապրիլի 30-ին։ Այդ նիստի ընթացքում հաստատվել է խորհրդի աշխատակարգը, ձևավորվել են աշխատանքային խմբեր, քննարկվել են հանքարդյունաբերությանն առնչվող խնդիրներ։
Հասարակական խորհրդին առնչվող փաստաթղթերի ձևաչափը թույլ չի տալիս հեշտությամբ աշխատել տվյալների հետ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ 2024 թվականին ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդի նիստ տեղի չի ունեցել։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2022 թվականին։ Այդ նիստի օրակարգը պաշտոնական պատասխանում ներկայացվել է կից ֆայլով։ Նիստի օրակարգում եղել է «Ճանապարհաշինարարական աշխատանքներ. որակ և վերահսկողություն» հարցը: Պատասխանում նշվում է, որ վերջին նիստի արձանագրությունը չի պահպանվել։ Նախարարության կայքում ևս «Արձանագրություն» ենթաբաժինը դատարկ է։ Սա խախտում է, քանի որ համաձայն Նախարարին կից հասարակական խորհդի աշխատակարգի՝ «Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Նախարարության աշխատակազմում և հրապարակվում Նախարարության պաշտոնական կայքում Խորհրդի նիստի օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում»:
Պաշտպանության նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ նախարարին կից հասարակական խորհուրդը 2024 թ. ընթացքում նիստ չի գումարել։ Վերջին նիստն անցկացվել է 2022 թ. փետրվարի 28-ին, որի արձանագրությունը տեղակայված է Նախարարության կայքում։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ «նիստում քննարկվել են 2021թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, լսվել են հասարակական խորհրդի անդամների հաղորդումները Զինված ուժերին առնչվող աշխատանքների և ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկվել խորհրդի կողմից այդ աշխատանքների համակարգման և օժանդակման հարցեր»:
Ֆինանսների նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն՝ նախարարին կից հասարակական խորհուրդ չի գործում, քանի որ դրա ձևավորման անհրաժեշտություն չի եղել․ «ՀՀ ֆինանսների նախարարությունը կանոնավոր կերպով ակտիվորեն համագործակցում է գործարար համայնքի, ոլորտում ակտիվ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պարբերաբար անցկացնում է հանդիպում-քննարկումներ հանրային հետաքրքրություն առաջացնող արդիական թեմաների շուրջ։ Նմանատիպ հանդիպումները հանրության հետ վստահելի և թափանցիկ կապերի ամրապնդման, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցման կարևոր հարթակ են, ուստի հասարակական խորհրդի ձևավորման անհրաժեշտություն ներկայումս չի առաջացել»,- նշված է պատասխան գրության մեջ։
Նշենք, որ Ֆինանսների նախարության կայքում կա առանձնացված բաժին Նախարարին կից հասարակական խորհրդի վերաբերյալ, սակայն դատարկ է՝ վերաբերելի ոչ մի փաստաթուղթ և տեղեկություն չկա։
Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական գրությամբ տրամադրել է միջանկյալ պատասխան՝ տեղեկացնելով, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության պատճառով պատասխանը կտրամադրվի 30 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, ԻԱԿ-ի բանավոր հարցմանն ի պատասխան, նախարարությունը հաստատել է որ 2024 թվականին Նախարարին կից հասարակական խորհրդի նիստ չի գումարվել։
ԱԳՆ կայքի որոնողական գործիքի միջոցով նախարարության պաշտոնական էջում Նախարարին կից հասարակական խորհրդի վերաբերյալ տեղեկատվություն գտնել ԻԱԿ-ին չի հաջողվել։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ 2024 թ․-ին 12 նախարարություններից ընդամենը երեքում են փաստացի գործել Նախարարին կից հասարակական խորհուրդները՝ տարվա ընթացքում առավելագույնը գումարելով չորս նիստ։ Հատկանշական է, որ թեև ԻԱԿ-ը հարցման մեջ չէր ներառել Նախարարի ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների հանդիպումների վերաբերյալ հարց, նախարարությունները, որտեղ հասարակական խորհուրդ չի գործում, պատասխան գրության մեջ անդրադարձել էին դրան։ Ավելին, հանգամանքը, որ նախարարը պարբերաբար հանդիպում-քննարկումներ է անցկացնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոշ դեպքերում ներկայացվել է որպես հիմնավորում, թե ինչու չեն գործում հասարակական խորհուրդները։