Փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Ուղիղ երկխոսություն. փախստականների կարիքների հասցեագրումը Հայաստանում» թեմայով ԺԱՏԿ համաժողովը։
Առաջին պանելային քննարկմանը բանախոսել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը։ Պանելային քննարկումը վարել է ԺԱՏԿ նախագահ Տիգրան Գրիգորյանը։
Բանախոսները ներկայացրել են փախստականների ինտեգրման համար իրենց կառավարությունների և ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող և իրականացրած հումանիտար ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել նրանց առաջնահերթություններում արցախցինեի բռնի տեղահանությունից հետո։
Երկրորդ պանելային քննարկմանը բանախոսել են հանրային գործիչ Հայկ Խանումյանը, պահեստազորի գնդապետ Գրիգորի Սահակյանը և փաստաբան Անուշ Շահրամանյանը։ Վարել է լրագրող Արշալույս Մղդեսյանը։
Հայկ Խանումյանը ներկայացրել է համեմատական վերլուծություն փախստականներին ուղղված միջազգային աջակցության վերաբերյալ տարբեր երկրներում և Հայաստանում։
Անուշ Շահրամանյանը խոսել է հիմնական իրավական խնդիրների մասին, որոնց բախվում են արցախցի փախստականները Հայաստանում։
Կարդացեք նաև
Գրիգորի Սահակյանը անդրադարձ է կատարել այն խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց առնչվում են Պաշտպանության բանակի լուծարման հետևանքով հազարավոր նախկին զինծառայողներ։
Երրորդ պանելային քննարկմանը բանախոսել են Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները՝ Արեն Մանուկյանը (Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն), Նարինե Սաֆարյանը (Մեդիա նախաձեռնությունների կենտրոն), Սարինե Հայրիյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ)։ Քննարկումը վարել է հետազոտող Աննա Գևորգյանը (Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն)։
Բանախոսները ներկայացրել են այն ծրագրերը, որոնք իրականացվել են իրենց կազմակերպությունների կողմից՝ փախստականների խնդիրների ուսումնասիրության, հասցեագրման, Արցախի հասարակական և մեդիա կազմակերպությունների, լրագրողների աջակցության և ինտեգրման ուղղությամբ։
Համաժողովի բանախոսներն ու մասնակիցները կարևորել են ուղիղ աշխատանքի անհրաժեշտությունը արցախցիների հետ՝ շեշտելով այդպիսի հնարավորությունների ստեղծող նախաձեռնությունների և մեխանիզմների կարևորությունը։
«Արցախցի փախստականների ինտեգրումը Հայաստանի հասարակական և վերլուծական դաշտերում» ծրագիրն իրականացվում է «Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն»-ի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ «Ճգնաժամի հասցեագրում․ Երկրորդ փուլ» նախագծի շրջանակներում՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն