Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Նորքում բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել 13 մլն 953 հզր դրամ

Փետրվար 06,2025 17:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել ընդհանուր 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գ.Մ.-ն և Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցները յուրացման եղանակով հափշտակել են համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև պատրաստել և օգտագործել են վճարման չափն ու փաստը հաստատող ակնհայտ կեղծ անդորրագրեր։

Մասնավորապես՝ Գ.Մ.-ն 2019 թվականի օգոստոսի 14-ից 2021 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր սպասարկման ենթակա տարածքի բնակիչներից՝ որպես աղբահանության վճար, գանձված գումարների դիմաց տվել է նրանցից ստացված գումարներին համապատասխան, իր կողմից կատարված ձեռագիր նշագրումներով անդորրագրեր, սակայն դրանց երկրորդ օրինակների վրա կատարել է կեղծիք՝ դրանցում նշելով փաստացի գանձվածից քիչ գումարներ, որոնք ներկայացրել է Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջան:

Արդյունքում, համայնքին պատճառվել է 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:

Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցների նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ՝ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիմքով (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով):

Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728