Այսօր Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց անասնապահների ու մսավաճառների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ նրանցից շատերը կարծիք հայտնեցին, որ կասկածելի ու թունավոր է ոչ թե տեղական, այլ դրսից՝ մի քանի մեծահարուստների կողմից ներկրվող սառեցրած միսը, որն իրենց պնդմամբ՝ նույնիսկ հասցրել է մահվան։
Ֆերմեր Տիգրան Ավագյանն ասաց․ «Սպանդանոցների հարցը տանում է մոնոպոլիայի, ո՞րն է դա, շարքային գյուղացու գլխին չաքուճով տան, որ չմորթեն իրենց կենդանիներին, բակերում մնան։ Թող մի օրինակ բերեն Սովետի տարիներից սկսած, որ գյուղացուց մսավաճառը վերցրել, վաճառել է, մսից մի հոգի թունավորվել- մահացել է: Բայց ես կարող եմ տասնյակներով, հարյուրներով օրինակներ բերել, որ գործարանային ապրանքից լիքը մարդիկ են մահացել։
Վերջին օրինակը Գորիսում էր, 4 տարեկան երեխան որ մահացավ, ինչի՞ց մահացավ, բա ՍԱՏՄ ունեինք, պետական կառույցներ ունեինք։ Դրսից, որ բրեկետ արած միսը բերում են, բերեք, դնենք, հալեցնենք, տեսնենք՝ էդտեղից ինչքանն է անտիբիոտիկ, ինչքանն է ջուր… Սառույցով բերեն, կքաշեն ժողովրդի վրա, թե՞ դա իրենց լհովանավորյալներինն է, որ իրենց փողերը կլվան Լոռվա մարզում սարքած գոմերի միջոցով, որ բերեն, ժողովրդի վրա ծախեն»։
Ֆերմերը պահանջում էր Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանին իջնել ներքև, ասում էր, որ ինքը փողն էլ ունի, տարածքն էլ ունի սպանդանոց կառուցելու, սակայն ներկայիս փոխմարզպետը, որը նախքան այս պաշտոնին նշանակվելը ՍԱՏՄ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն էր, երաշխիք չի տվել, թե դա ձեռնտու բիզնես է։
Կարդացեք նաև
«Ես ցուլիկներ ունեմ, դրանք որ բրախեմ, էս մարզպետարանի շենքը կհանի օդ: Դուք կարո՞ղ եք էդ ցուլիկին բառնալ, բեռնատար դնել: Որ ընկնի, ոտքը ջարդի հենց տեղում՝ կկարողանա՞ք էդ ջարդած ոտքով ցուլիկին հասցնել Արմավիրի սպանդանոց, թե՞ տանենք, հասցնենք, ասեն՝ «բռակ» ապրանք է։
Կամ որ էս պաշտոնյաները խոսում են, կաբլուկով կնկտիք ի՞նչ են հասկանում էս գործից։ Կովն արտի մեջ ուռել է, ի՞նչ պտի լինի, ո՞ւմ պտի կանչեք, ՍԱՏՄ պետին պիտի կանչե՞ք, թե՞ մարզպետին ու ասենք՝ արի հլը մորթե, ի՞նչ պտի լինի։ Եթե էդ միսը տեղում մորթեցին, դա անվտանգ միս է, բայց եթե կովը մնաց, տրաքավ, էդ միսը պիտի թափվի», -ասաց ֆերմերը։
Նրա համոզմամբ, սպանդանոցների թեման պատրվակ է, որ ոլորտը մոնոպոլիզացվի՝ իրենց ցանկալի մարդկանց ձեռքն անցնի, գյուղերը դատարկվեն։
Նա քննադատեց նաև Շիրակի մարզպետարանի գյուղվարչության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանին։
«Էս մարզպետարանի գյուղվարչության պետը ինչղ օր էս կառավարության գովազդային վահանակը լինի, հինգ րոպեն մեկ ֆլեշկեն զարկած կասետի պես կրկնում է՝ պետությունը սուբսիդավորում է, պետությունն աջակցում է։ Մեզ պետք չէ ո՛չ սուբսիդավորել, ո՛չ օգնել, այ մարդ, թող պետությունը մեզնից չտանի, իր բերածը լինի իրան։ Դե եթե պետությունը օգնող է, թող ինքնարժեքով բերե սպանդանոց, հարկ-մարկ չգանձե»։
Գոգհովիտի գյուղացիներից մեկն էլ համոզված էր, որ այս ամենն անում են, որպեսզի ոլորտն անցնի 3-4 հոգու ձեռքը։ Նա էլ առաջարկում էր․ «Թող գան, ստուգեն մեր պահած ապրանքն է որակով, թե դրսից ներկրած կասկածելի ապրանքը»։
Մսավաճառներից մեկն էլ առաջարկում էր՝ օրենք գրողները թող մի օր գան, 500 կիլոգրամանոց ցուլիկին գրկեն, դնեն մեքենան ու տանեն Արմավիրի սպանդանոց, որպեսզի հասկանան, թե ինչ վատություն են անում գյուղացուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ