Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Փարաջանովի կինո­ս­տեղ­ծա­գործությունները հենվում են սրբա­պատ­կերային նշա­նի վրա. նրա ֆիլմերը և չիրականացված սցենարներն ոչ լիարժեքորեն հետազոտված գեղարվեստական աշխարհ են

Փետրվար 06,2025 16:51

Մեր հյուրն է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն,արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

Աննա Ասատրյան

 – Տիկին Ասատրյան,2024 թվականի հունվարի 9-ին լրացավ հայ նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը։ Տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։ Ինչպե՞ս արձագանքեց ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտն այս իրադարձությանը։

– Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության ուսումնասիրությունը մշտա­պես գտնվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կինոգիտական հե­տաքրքրությունների առանցքում։ Հայաստանում փարաջանովագի­տութ­յան ձևավորման ու զարգացման ակունքներում կանգնած Արվես­տի ինստիտուտը նախաձեռնել է Երևանում Սերգեյ Փարաջանովի թան­գարանի հիմնադրման գործն ու ակտիվորեն մասնակցել այդ ուղ­ղութ­յամբ տարվող աշխատանքներին։ Տասնամյակներ շարունակ՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը եղել է ու է Հայաստանում փարաջանովագիտության կենտրոնը։

Փարաջանովագիտության մեջ ծանրակշիռ ներդրում ունեցավ հայ ակա­նավոր կինոգետ, ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի Հեռուստատեսության և կինոյի բաժնի վա­րիչ, արվեստագիտության թեկնածու Կարեն Լևոնի Քալանթարը (1928-2000): 1998-ին ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված նրա «Очерки о Параджанове» մենագրությունը, որը կինոգետ Սուրեն Հաս­միկյանն անվանեց “Жемчужина киноведения”, փա­րա­ջա­նո­վա­գի­տութ­յան հիմնասյունն է, կարևոր հանգրվան միջազգային փարա­ջա­նո­վագիտության ասպարեզում, յուրաքանչյուր կինոգետի ու փարա­ջա­նով­յան արվեստի սիրահարի սեղանի գիրքը։ Մենագրությունը հրա­տա­րակվել է 3 անգամ՝ երկու անգամ ռուսերեն՝ Երևանում (1998) և Սանկտ Պետերբուրգում (2023) և մեկ անգամ հայերեն՝ Երևանում (2012)։

Այսպես՝ Սերգեյ Փարաջանովի հոբելյանին ըն­դա­­­ռաջ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ 2023-ին Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան) իրականացվեց Կարեն Քա­լան­թա­րի «Очерки о Сергее Параджанове» աշխատության 2-րդ հրատա­րա­կու­­թյունը։

2024 թվականի օգոստոսին Պոզնանում (Լեհաստան) ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի հետ համագործակցությամբ և պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկու խմբագրությամբ լույս տեսավ “Tribute to Sergei Pa­rajanov. On the centenary of artist’s birth” գիտական հոդ­ված­ների ժո­ղո­վածուն, որտեղ տեղ գտան Փարաջանովի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված անգլերեն և լեհերեն լեզուներով հետազոտություններ աշխարհի տարբեր երկրներից։

Իսկ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամ­յա­կին նվիրված հոբելյա­նա­կան միջոցառումների անցկացման համար ստեղծ­ված Կառա­վա­րա­կան հոբելյանական հանձնաժողովի որոշ­մամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակ­ցու­թյամբ 2024 թ. սեպտեմբերի 10-12-ը ՀՀ Գի­­տութ­յունների ազգային ակա­դեմիայում տեղի ունեցավ «Սերգեյ Փա­րա­ջա­նով – 100» խո­րա­գրով միջազգային գիտական կոնֆերանսը, որը կազ­մակերպել էր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Սերգեյ Փա­րա­ջա­նովի թանգարանի հետ հա­մատեղ։

Կոնֆերանսի նպատակն էր՝ ներկայացնել փարաջանո­վա­գի­տու­թյան արդի փուլը, քննության առնել հայ նշանավոր կինոռեժիսորի ստեղ­ծագործական գործունեությունը, արժևորել նրա թողած ժա­ռան­գու­թյունը, բացահայտել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության դերն ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կինոարվեստում:

Եռօրյա միջգիտակարգային գիտական կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին միջազգային ճա­նա­չում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հե­տա­զո­տող­­ներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղա­­զախս­տանից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իս­պա­նիա­­յից, Պորտուգալիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից: Կոնֆերանսի ընթացքում “Tribute to Sergei Parajanov. On the cen­te­nary of artist’s birth” ժողովածուն արժանացավ ՀՀ ԳԱԱ Ար­վես­տի ինստիտուտի Դիպլոմին, իսկ միջազգային փարաջանովագիտության ոլորտում ունեցած ծան­րա­կշիռ ավանդի համար պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկին ու վրաց փա­­րա­ջանովագետ պրոֆեսոր Թեո Խատիաշվիլին պարգևատրվեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Պատվոգրերով։

Բոլորովին վերջերս էլ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը (տնօրեն՝ Վաչե Հովակիմյան) լույս ընծայեց «Սերգեյ Փա­րա­ջա­նով – 100» միջազգային գիտական կոնֆերանսի զեկուցումների ժողովածուն, որտեղ ընդգրկվեցին Կոն­ֆերանսի լիա­գումար նիստերի մաս­­նակիցների զեկուցումները՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

– Խնդրում եմ ներկայացնեք ժողովածուի ընդհանուր բովանդակությունը։

 – «Ինչո՞ւ է «Նռան գույ­նն» անհասկանալի» հոդվածում ար­վես­տա­գի­տության թեկնածու, Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր Գա­րեգին Զաքոյանը ելնում է ֆիլմի ըմբռն­ման պատմականորեն կայացած մտածական-բառային կա­ղա­պա­րից (նշան և նշանակություն) և «Նռան գույնի» հիմք ծա­ռայած պոե­տիկ կաղապարի (ինքնուրույնորեն զննվող կեր­պար-իմաստ), որն սկզբուն­քորեն չի գործում մտածական-բառա­յին կաղապարի աղյու­սա­կում։

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ուկ­րա­ինայի արվեստի վաստակավոր գործիչ, Կիևի մշակույթի և ար­վեստ­­ների ազգային համալսարանի խորեոգրաֆիկ արվեստի ամ­բիո­նի վարիչ Ալեքսանդր Չեպալովը (Ուկրաինա, Կիև) «Սերգեյ Փարաջանովը ուկրաինական պոետիկ կինեմատոգրաֆի համատեքստում» հոդվածում դիտարկում է Ս. Փարաջանովի՝ ուկրաինական պոետիկ կի­նե­մատոգրաֆի վրա ունեցած ազդեցության առանցքային կող­մերը, որոնք ռեժիսորին հանել են միջազգային ասպարեզ։ Հեղինակը ցույց է տվել, որ Փարաջանովի ֆիլմերը և չիրականացված սցե­նարներն իրեն­ցից ներկայացնում են ամբողջական, ոչ լիար­ժե­քորեն հետա­զոտ­ված գեղարվեստական աշխարհ։ Հեղինակը բացահայտում է նրա ազդեցությունն ուկ­րա­ինացիների ազգային ինքնագի­տակ­ցութ­յան զարգացման վրա, հատուկ ուշադրություն դարձնում Փա­րաջանովի անդրա­դար­ձին ուկրաինացի գրող Միխայլո Կոց­յու­բինսկու ստեղծա­գոր­ծութ­յանը, որը խթան է հանդիսացել «Մո­ռաց­ված նախնիների ստվեր­ները» ֆիլմի նկարահանման, ինչ­պես նաև «Ինտերմեցցո» նո­վելի հիման վրա սցենար գրելու հա­մար։ Ուսումնասիրվել են հա­մե­մատական կապերը «Մոռացված նախ­նիների ստվերները» վեր­նագ­րով տարբեր բալետային ներ­կա­յացումների հետ (1960, 1963, 1990, 2023): Բացահայտվել է, որ 1960-ականների բեմադրություն­նե­րը ոչնչով չէին տարբեր­վում սոցիալիստական ռեալիզմի ոճով իրա­կանացված առօրյա մնջա­խաղային բալետային դրամաներից։ Հիշատակվում են Փա­րա­ջա­նովին նվիրված բեմականացումներ ևս, այդ թվում՝ Մու­րադ Մեր­զուկիի «Նռան գույնը» պարային ներկայացումը և Կիրիլ Սե­­րեբ­րեննիկովի՝ Գերմանիայում իրականացված և բոլոր քաղ­բան­տարկ­յալներին նվիրված «Լեգենդը»։

Արվեստագիտության թեկնածու, Իլիա­յի պե­տական համալսարանի պրոֆեսոր Թեո Խատիաշվիլին (Վրաս­տան, Թբիլիսի) «Հին Թբիլիսին և թբիլիսցիները Սերգեյ Փարաջանովի «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմայով» և «Հա­կոբ Հովնաթանյան» կվազի-դոկումենտալ կինոֆիլմերում» հոդվածում քննության է առել այդ ֆիլմերի կինոլեզվի պատկերագ­րա­կան առանձնահատկությունները, դիտարկել Փարաջանովի ստեղ­ծագործությունը Թբիլիսիի բազմամշակութային համա­տեքս­տում, ընդգծել քաղաքի ճարտարապետական ուրույ­նութ­յան, ավան­դույթ­նե­րի և պատմության ազդեցությունը ռեժիսորի վրա։

Փիլիսոփայական գի­տու­թյուն­նե­րի դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկա­կան համալսարանի բիոէթիկայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վա­րիչ, Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյա­նը «Արվեստը որպես սոցիոլոգիական երևույթ (փարաջանովյան ժամանակների բնութագրումներից)» հոդվածում նկատում է, որ «արվեստի գործը կմնա «խուլ ու համր մի բան», եթե մարդը չպա­տասխանի իրեն ուղղված կոչին, չկարողանա ընդունել այն, ար­­ձագանքել: Գեղագիտական ակտ տեղի չի ունենա, եթե ար­վես­տի ստեղծագործության ներկայությամբ անհատը չցուցա­բե­րի գե­ղար­­վեստական ընկալման որոշակի (գոնե նվազա­գույն) մա­կար­դակ: Ահա թե ինչու արվեստի սոցիոլոգիական ուսում­նա­սիր­ման ընդ­հանուր համատեքստում կարևոր խնդիրներից է մնում ար­­վես­տի մատչելիության հարցը»:

Բանասիրական գիտությունների դոկ­տոր, Բելգրադի համալսարանի բանասիրական ֆակուլտետի սլավո­նա­գիտության ամբիոնի դոցենտ Անա Յակովլևիչ Ռադունովիչը (Սեր­բիա, Բելգրադ) «Սերգեյ Փարաջանովը և Պուշկինի ու Լեր­մոն­տովի պոեմների կինեմատոգրաֆիական ընթերցումը» հոդվածում ներկայացրել է, թե ինչպես է Փա­րաջանովը, պոետիկ կինոյի ոճա­ձևերն օգտագործելով և դի­մե­լով էկրանավորվող ստեղծագոր­ծութ­յան ակունքներին, ստեղծել դա­սական տեքստերի խո­րա­պես անձնականացված և ինքնատիպ մեկ­նություններ։ Հեղինակը բացահայտում է, որ Փարաջանովի համար էկ­րա­նա­վորումը զուտ տեքս­տի պատկերազարդում-լուսաբանում չէ, այլ թարգ­մանության ստեղ­ծագործ արար, որ պահանջում է խորա­սուզ­վել հեղինակի նե­րաշխարհի մեջ և գտնել տեսողական նոր լուծում­ներ։ Դի­տարկ­վել են սցենարները ստեղծելիս Փարաջանովի կիրա­ռած կեր­պարա­նափոխության մեխանիզմները։ Հատուկ ուշադրութ­յուն է դարձվել «Ննջող պալատը» և «Դև» սցենարներում ստեղ­ծա­գործ անհատի և արվեստի թեմային։

Ար­վեստագիտության թեկնածու, ՌԴ Մշակույթի նախարարու­թյան Ար­վես­տագիտության պետական ինստիտուտի լրատվա­միջոց­ների գե­ղար­վեստական ​​հիմնախնդիրների բաժնի ավագ գիտաշ­խա­տող Եվ­գե­նի Մարգոլիտը (Ռուսաստան, Մոսկվա) ««Մո­­ռաց­ված նախնիների ստվերները». կինեմատոգրաֆիական ավան­դույթի վե­րածնունդը» հոդվածում նկատում է, որ «Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվեր­նե­րը» ֆիլմն ստեղծեց նոր ավանդույթ, այն է՝ ուկրաինական «պոե­տիկ կի­նո­յի» ավանդույթը, որի հենքը ժողովրդական արվեստն է՝ իր պոե­տիկ և պատկերային կողմերով» և եզրակացնում, որ հենվելով Դոնսկոյի և Տոպ­­չիի փորձի վրա, Փարաջանովը «Մոռացված նախնիների ստվեր­նե­րը» ֆիլմում, ոչ կան­խա­մ­տածորեն, վերաստեղծում է ուկրաինական կինոյի յուրա­հա­տուկ պատկերային ավանդույթը։

Արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշ­տոնակատար Ծովինար Մովսիսյանի «Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» օպերա-բա­լետի ան­հայտ լիբրետոն» հոդվածը լուսաբանում է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի և Սերգեյ Փարաջանովի երկարամյա մտերմության և դրա արդյուն­քում, նաև պրոֆեսիոնալ համագործակցության անհայտ էջերից մեկը՝ «Սա­սուն­ցի Դավիթ» օպերա-բալետի լիբրետոյի ստեղծման պատ­մությունը։ «Բազմաթիվ աղերսներով են կապված միմյանց երկու արվեստա­գետ­ների ստեղծագործական անհատականությունները։ 1969-ին ծնվեց օպե­րա-բալետի ստեղծման գաղափարը, և Փարաջանովը գրեց լիբ­րե­տո,­ որը խորհրդային ժամանակաշրջանի գաղափարախոսական ար­գել­քների հետևանքով հայտնվեց կոմպոզիտորի արխիվում։ 1976-ին բեմադրված մոնումենտալ օպերա-բալետի պատկերա­ցում­­­ները ծնունդ էին առել Փարաջանովի լիբրետոյի գաղափարագե­ղագիտական լիցքերից։ Եվ սա է պատճառը, որ Է. Հովհաննիսյանի «Սա­­սունցի Դավիթ» օպերա-բալետն առ այսօր ազգային վիպերգի երաժշտա­թատերական մարմնավորման ամենահաջողված օրինակ­նե­րից է համարվում»։

Արվեստագիտության թեկ­նա­ծու Վերո­նի­կա Ժուռավլյովան «Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի սկզբում դրսևորված գեղարվեստական հոսանքների համատեքստում» հոդվածում դիտարկում է Սերգեյ Փարաջանովի ստեղծա­գոր­ծա­կան ժառանգությունը՝ կինոյում, կերպարվեստում և միջա­ռար­կա­յական գեղարվեստական գործունեության մեջ 20-րդ դարի երկ­րորդ կեսում և 21-րդ դարի սկզբում տեղ գտած որոշ գե­ղար­վես­տա­կան հոսանքների լույսի ներքո։ Հեղինակն անդ­րա­դառնում է վաղ՝ 1920-1930-ական թվականների կինոյին, ուկ­րա­ինական պոետիկ կինոյի դպրո­ցին, ուկրաինական նեո-ավան­գարդին, «վաթսունակա­նային­ների» շարժմանը, բացահայտում Փա­րաջանովի կինոերկերի ազ­դեցությունն Իրանի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի կինոարվեստի վրա, շոշափում Փա­րաջանովի և 1940-1970-ականների ամերիկյան կինո-անդեր­գրաուն­դի հպման կետերի թեման։

«Էկո­նոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետա­զո­տա­կան հա­մա­լսա­րանի լիցեյի ուսանող Աննա Բաբախանյանի (Ռու­սաս­տան, Մոսկ­վա) «Սոֆիկո Ճիաուրելիի կերպարների խորհրդա­բա­նու­թյունը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույ­նը» հեղինակային կինոնկարում» հոդ­վածում փորձ է արվել մեկնաբանել «Նռան գույ­նը» ֆիլմի Սո­ֆի­կո Ճիաուրելիի մասնակցությամբ հատվածների խորհրդա­բա­նա­կան բաղադրիչը և պարզաբանել, թե ինչու է դե­րա­սանուհին հան­դես գալիս մի քանի դերում։ Հաջորդաբար դի­տարկ­վում են Սոֆիկո Ճիա­ու­րելիի ստեղծած կերպարները (երի­տա­սարդ պոետ Սայաթ-Նո­վա, Աննա թագուհի, միմոսներ, խե­լա­գար միանձնուհի, Հա­րութ­յան Հրեշտակ՝ որպես դերա­սա­նու­հու մարմնավորած բոլոր գործող ան­ձանց բուն էությունը) և լու­սա­բանվում է նրանց առնչությունը դի­ցա­բանական մոտիվների, ավե­տարանական ակնարկների և հա­մա­մշակութային խորհրդանիշների հետ։ Առարկայական աշ­խարհն ու գործող անձանց գու­նային լուծումը քննության առնելիս բա­ցահայտվել են խորհրդա­նշական տարրեր, կրկնվող պատ­կեր­ներ և մոտիվներ, որոնք բնորոշ են թե՛ առանձին հերոսներին, թե՛ ընդ­հանուր առ­մամբ «Նռան գույնը» կինոնկարին։

Արվես­տա­գի­տու­թ­­­յան թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ար­վես­տի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժ­նի ավագ գիտաշխատող Արսեն Համբարձումովը «Սիմ­վոլների և արքետիպերի նշանակությունը «Նռան գույնը / Սա­յաթ-Նովա» ֆիլմի կառուցվածքում» հոդվածում դիտարկել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույ­նը (Սայաթ-Նովա)» ֆիլմը։ Խոսվում է սյուժետային և ան­սյու­ժե կի­նո­­յի առանձնահատկությունների, կինոստեղծագոր­ծու­թյան զար­գաց­­ման ընթացքում ի հայտ եկող հասկացություն­ների տեղի և նշա­­­նակության մասին։ Վեր­լու­­ծելով «Նռան գույնը» ֆիլմը՝ ընդգծվում է այս ստեղծագործու­թյան յուրահատկությունը՝ ստա­տիկ կադրը, բազմաֆիգուր կոմ­պո­զի­ցիաները, միջկադրա­յին մոնտաժը և այլն։ Խոսվում է նաև ֆիլմում իրենց անբաժանելի տեղը զբա­ղեց­նող նա­խաձևերի, ինչպես նաև կինեմատոգրաֆիական գործո­ղության մա­սին, որը ներկայացված է մի տեսակ ծեսի տեսքով՝ դրանով իսկ հանդիսանալով ֆիլմի ստատիկ կադրերը կապակ­ցող բաղադրիչ, ինչն իր հերթին ընդգծում է փարաջանովյան ստեղծագործության դի­ցաբանական բաղադրիչը։ Որպես դրա օրինակ՝ «Նռան գույնը» ֆիլմում դիտարկվում են նատյուրմորտ­ները, դիմանկարները, որոն­ցով արտահայտվում է այս ցնցող և անկրկնելի ֆիլմի պատկե­րա­վոր սկիզբը:

Ուդինեի համալսարանի ասպիրանտ Ֆիլիպպո Պեր­ֆետտին (Իտալիա, Ուդինե) «Փարաջանովի ֆիլմերի տեսողական ընկալումն Իտալիայում. պոեզիա, հեքիաթ, սրբապատկեր» հոդվածում քննարկում է Սերգեյ Փարաջանովի ստեղծա­գոր­ծու­թյան տեսողական ընկալումն Իտալիայում։ Հիմք են ծա­ռայել թե՛ 1960-1990-ական թվականներին անցկացված կինո­փա­ռատոնե­րում ռեժիսորի ներկայությունը, և թե՛ իտալական հեռուստատեսու­թյան շնորհիվ (ի մասնավորի՝ Էնրիկո Գեցցիի ջանքերով) երկրում նրա հետագա ճանաչումը լուսաբանող նյու­թերը։ Ուսումնասիրվել է Փարաջանովի ֆիլմերի դիտար­կումը բանահյուսական-հեքիա­թա­յին տարրերի և «պոետիկ կի­նո­յի» պրիզմաների միջով՝ թեմաներ, որոնց անդրադարձել են ինչպես սովետական, այնպես էլ իտա­լա­կան քննադատու­թյունում։ Այնու­հետև ուշադրություն է հրավիրվում Փարաջա­նովի աշխատանք­ների և ժամանակակից իտալական գեղարվեստական կյանքում դրսևորվող որոշ օրինակների նմա­նու­թյան հետաքրքրաշարժ հանգամանքին, ինչը վկայում է այն մա­սին, որ ռեժիսորի ոճն ունի բավականին լայն գեղագիտական ըմբռ­նում։

Հոդվածի ավարտական մասում ընդգծվում է փարաջանովյան կի­նոյի եզակիությունը, նշվում է, որ նրա արվեստն աղերսվում է ավելի շուտ սրբապատկերի ավանդույթի, քան արևմտյան ֆիգու­րա­տիվ արվեստի հետ։ Որպես Փարաջանովի կինոյի մեկնա­բան­ման «գործիք»՝ երիտասարդ հետազոտողն անդրադարձել է Պավել Ֆլորենսկուն, քանզի ռուս փիլիսոփայի ընկալումների որոշ կողմերը, սերտորեն միա­հյուս­վելով փարաջանովյան մոտեցումներին, դառնում են ռե­ժի­սորի կինո­երկերը հասկանալու և մեկնելու արդյունավետ միջոց։

Ղազախստանի Կուլյաշ Բայսեիտովայի ան­վան արվեստի ազգային համալսարանի Արվեստագիտության ամ­բիո­նի ավագ դասախոս Կամիլա Գաբդրաշիտովայի (Ղազախստան, Աս­տա­նա) «Սերգեյ Փարաջանովի պոետիկ կինոլեզվի ազ­դե­ցու­թյունը Սուլթան Խոջիկովի ստեղծագործության վրա» հոդվածում փորձ է արվել պարզաբանել Սերգեյ Փարա­ջա­նո­վի պոե­տիկ լեզվի առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ուղ­ղութ­յան ազդեցությունը Սուլթան Խոջիկովի կինոլեզվի վրա։ Հոդ­վա­ծի համար հիմք է ծառայել հայկական կինոյի, հայ­կա­կան պոե­տիկ կինեմատոգրաֆի և Ս․ Փարաջանովի բա­ցա­ռիկ կինոաշխա­տանք­­ների՝ հայ կինոգետների կատարած հետա­զո­տությունների մի ստվար շերտ։ Խնդրի ուսումնասիրության ըն­թաց­քում նմա­նութ­յուն­ներ են հայտնաբերվել 1960-70-ական թվա­կանների հայկական և ղա­զախական պոետիկ կինոյի, մաս­նա­վորապես Ս․ Փարաջանովի և Ս․ Խոջիկովի ֆիլմերի միջև։ Մատ­նանշվել է ռեժիսորների պոե­տիկ կինոլեզվի ինքնատի­պութ­յունը, հստակեցվել է յուրաքանչյուրի դե­րը պոետիկ կինե­մա­տոգրաֆի ասպարեզում։

Արվեստագիտության դոկտոր, պրո­ֆե­սոր, Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի կինոյի և հեռուստատեսության սեկտորի վարիչ Վիտալի Պոզնինը (Ռուսաս­տան, Սանկտ Պետերբուրգ) «Գունային լուծումը Սերգեյ Փա­րա­ջա­նովի ֆիլմերում» հոդ­վա­ծում քննության է առել գունային լուծումները Ս․ Փա­րա­ջա­նո­վի չորս կինո­նկա­րում՝ «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը», «Լե­գենդ Սուրամի ամրոցի մասին» և «Աշուղ Ղա­րիբը»։ Ուկրաինայում, Հա­յաստանում և Վրաստանում նկա­րա­հանված այս ֆիլմերը միա­վո­րում է սերը այդ երկրների էթ­նո­սի հանդեպ, ներթափանցումը նրան­ցից յուրաքանչյուրի ազ­գա­յին մշակույթի գեղագիտության մեջ, ինչն արտահայտվել է թե՛ յու­րօրինակ հորինվածքում, թե՛ էկ­րա­նային տարածքում նախշա­զար­դային տարրերի առատության մեջ, և թե՛ առանձին դրվագ­նե­րի ու ողջ ֆիլմի գունային շարքի մեջ։

PhD, անկախ հետազոտող Մա­րիա Ռախմանինովայի (Վրաստան, Թբիլիսի) և թատերական լույ­սի վարպետ, անկախ հետազոտող Ստանիսլավ Յացենկոյի (Վրաս­­տան, Թբիլիսի) «Սերգեյ Փարաջանովի կինոլեզուն. ազատու­թյան եր­թու­ղիները կայսրության բնապատկերների միջով» հոդվածում քննության է առնվում Սերգեյ Փարաջանովի կի­նո­լեզվի փիլիսոփայական և քաղաքական կողմը և իշխող գա­ղա­փարախոսական համատեքստի հետ նրա գոյաբանական ան­համաձայնության յուրատեսակ հետագծերը։ Ուշադրության կենտ­րոնում են սահմանանշման առանցքային գծերը, որոնք ան­երևութաբար տարանջատում են խորհրդային գաղութային խո­սույթը և ռեժիսորի էկզիստենցիալիստական գեղագիտական պրպտում­ները։ Որպես Փարաջանովի կինեմատոգրաֆի և ԽՍՀՄ-ում նրա ճակատագրի ուսումնասիրության մեթոդա­բա­նա­կան շրջանակ ընտրվել է 1960-1980-ականների ազա­տագ­րա­կան ծրագրերի հայեցակարգային հեռապատկերը, ինչպես նաև անարխիստական փիլիսոփայական ավանդույթի կա­տե­գո­րի­ալ-մտածական գործիքակազմը՝ գա­ղա­փա­րա­խոսականի, բյուրոկրատականի և գաղութայինի հանդեպ իրեն հատուկ զգայունության կարգավորումներով։ Այդ լույսի ներ­քո Ս․ Փարաջանովի կինոլեզուն ոչ միայն ուսումնասիրվում է նրա սեփական կործանարար ներուժի տեսակետից, այլև իմաս­տա­վորվում է որպես արժեքավոր մեթոդաբանական գործիք՝ «խորհրդային» երևույթն իր առանձնահատկություններով, շարժ­ըն­թացով և ոչ ակներև փիլիսոփայական հակասություններով հան­դերձ հետազոտելու համար։

Արվեստագի­տու­թյան թեկ­­նածու, Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինս­տի­տուտի դո­­ցենտ Աննա Զոսիչը (Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ) «Սերգեյ Փա­­րաջանովի երկերը՝ որպես 1960-70-ական թվական­նե­­րի խորհրդային կինեմատոգրաֆի գեղանկարչական-խորհրդանշային ուղ­­ղության մաս» հոդվածում նկատում է, որ Սերգեյ Փարաջանովի կինո­ս­տեղ­ծա­գործությունները նախ և առաջ հենվում են սրբա­պատ­կերային նշա­նի վրա և յուրահատուկ կերպով են կազ­մա­կեր­պում շա­րադ­րան­քը։ Այսպես, «Նռան գույնը» («Սայաթ Նո­վա») ֆիլմում (ինչպես նաև ավելի ուշ նկարահանված «Լեգենդ Սու­րամի ամրոցի մասին», «Աշուղ Ղարիբ» կինոնկարներում) ի հայտ է գալիս իմաստի մարմ­նա­վորման ուրույն ձև՝ «դրվագ-գե­ղա­նկար», որում պատկերը նմա­նեց­վում է գեղանկարչական աշ­խա­տանքի։

Սերգեյ Փարաջանովի երկերի պատկերային յուրա­հատ­կութ­յան հետ մեկտեղ ոչ պակաս կարևոր է ուրույն հեղի­նա­կա­յին ան­հա­տա­կանության տեր ռեժիսորի բազմամշա­կու­թայ­նութ­յուն­ը։ Նրա ստեղ­ծած ֆիլմերը պատկանում էին տարբեր ազ­գա­յին մշա­կույթ­նե­րի։ Այս երևույթը համահունչ է բազմազգ կինե­մա­տոգրաֆ հասկա­ցութ­յանը, որին բնորոշ էր տարբեր հանրա­պե­տությունների մշա­կույթ­ների, այդ թվում նաև հեղինակների փո­խազ­դեցությունը։ Վեր­ջին­ներս, թեև ձեռք բերված փորձա­ռութ­յամբ տարբեր, սակայն նույն կինեմատոգրաֆիական «ար­մա­տից» էին՝ Ս. Գերասիմովի ան­­վան կինեմատոգրաֆիայի պե­տա­կան ինստիտուտից։

PhD, գրականագետ, կինոգետ, ար­վես­տի պատմաբան, երաժշտագետ Իվոնա Գրոդզը (Լեհաստան, Պոզ­նան) «Հավերժության մի­ջով նրանք իրար են նայում… Պոետիկայի և գեղագիտության հնագիտությունը Սերգեյ Փա­րա­ջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմում» հոդվածում ուսումնասիրվում է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործու­թյունը՝ զուգ­ընթաց դիտարկելով Ուկրաինան որպես Արևելքի և Արևմուտքի մշակութային ավանդույթների կցատեղում գտնվող երկիր։ Հետազոտության հարցադրումն է՝ կարո՞ղ է արդյոք Սեր­գեյ Փարաջանովի կինոստեղծագործությունը, հաշվի առնե­լով նրա եզա­կի պոետիկ բնույթը, դառնալ համընդհանուր և մնալ արդիա­կան՝ տարածության և ժամանակի տեղի ունեցող փո­փոխություն­ներին հակառակ։

Ար­վես­տագիտության թեկնածու, Երևանի պետական համալսարանի դա­սա­խոս Հռիփսիմե Վարդանյանը «Սերգեյ Փա­րա­ջա­նո­վի կինոկադրը իբրև կտավ» հոդվածը վերծանում է ռեժիսորի հոգևոր հուզումներն ու ան­հանգստո­ւթյունները՝ նրա կադր-«կտավ­ների» վերլուծության և հայ ու հա­մաշխարհային հայտնի ստեղծա­գործությունների հետ համեմա­տու­թյան միջոցով։ Հեղինակը նկատում է, որ «իր ֆիլմերով նա մեծագույն լումա է ներ­դրել ու անջնջելի հետք թողել համաշխարհային կինոարվես­տում։ Եզա­­կի արվեստով ռեժիսորը ոչ միայն կանխորոշեց իր ժամանակը, այ­լև ստեղծելով խորհրդանիշների ու այլաբանու­թյան յուրահատուկ խո­սելաոճ՝ նոր էջ բացեց կինեմատո­գրա­ֆում և, առհասարակ, ար­վես­տի պատմության մեջ։ Փարաջանով երևույթն, անշուշտ կա­րելի է հա­մե­մատել գիտության մեջ հայտ­նի հեղափոխական գա­ղափար-տեսու­թյան՝ այն է «Մեծ պայթյու­նի» հետ։ Սերգեյ Փարա­ջանովի ֆենոմենն ինք­նին «Մեծ Պայթ­յուն» է»։

Արվեստագիտության թեկ­նածու, «Ծի­րանի ծառ» միջազգային վավերագրական ֆիլմերի փա­ռատոնի մի­ջոցառումների ռեժիսոր Նաիրա Սարգսյանը «Կինոձայնը Սերգեյ Փարա­ջա­նովի ֆիլմերում» հոդվածում բացահայտում է, որ ստեղծելով իր կինոլեզուն՝ Փարաջանովը հրաժարվել է ինչպես պատ­կերի, այնպես էլ ձայնի կիրառության ընդունված մեթոդնե­րից։ Նա ստեղծել է ամուր պատկերաձայնային տեսիլք։ Եթե այլ հեղի­նակ­ների դեպ­քում բավական հեշտ է ձայնաշարը ուսումնասիրել իր ներ­քին երեք շերտերի՝ աղմուկի, հնչող խոսքի և երաժշտության տարբե­րակ­մամբ, ապա Փարաջանովի ֆիլմերի դեպքում դա գրեթե ան­հնար է։ Նա խառնում է շերտերը՝ հնչող խոսքը վերածելով աղմուկի կամ երաժշտու­­թյան ու հակառակը։

Արվես­տա­գի­տու­թ­­­յան դոկտոր, պրո­ֆե­սոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում» հոդվածը նվիրված է հայ արդի երաժշտության ամենա­հայտնի կոմ­պոզիտորներից Տիգրան Մանսուրյանի երաժշտու­թյանը Սերգեյ Փա­րաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար: Հեղինակի գնահատմամբ․ «Կոմպոզիտորը վարպետորեն է լուծել իր առջև դրված խնդիրը` փա­րաջանովյան բանաստեղծական կինոլեզուն համ­ար­ժեք արտա­հայ­տե­լու և նաև` սեփական ձայնը չկորցնելու ձգտումով: Տեսողա­կան շար­քի երաժշտական ուղեկցությունը լի է հնչողական գյուտե­րով. Հեղի­նա­կա­յինը միահյուսվում է մեջբերվածին, որը հաճախ են­թարկվում է հնչ­յու­նի տարբեր երանգավորման կամ ձևափոխ­ման, ժողովրդական և դա­սական երաժշտական գործիքների և վերա­մշակված աղմուկների ներ­­գրավմամբ: «Նռան գույնի» երաժշտա­կան մարմնավորումը եզա­կի տեղ է գրավում ոչ միայն մանսուր­յա­նական կինո­երաժշտության հա­մայ­նապատկերում, այլ նաև բացա­ռիկ և նորարարական էր այդ տա­րի­ների հայկական կինոյի համար»:

Ժողովածուն եզրափակում է իմ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինս­տիտուտի ներ­դրու­մը Հայաստանում փարաջանովագիտության ձևա­վորման ու զար­գաց­ման գործում» հոդվածով։

Սույն ժողովածուն, անշուշտ, նոր խոսք ու կարևոր հանգրվան է հայ ար­վես­­տա­գիտության և միջազգային փարաջանովագիտության ասպա­րե­զում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728