«Նախկինում Ադրբեջանն ունեցել է Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցության ուղի։ 2020-ի պատերազմից հետո ադրբեջանցիներն ավելի մոտեցան և′ ՀՀ-ի, և′ մեր սահմանին»,- մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մեհդի Սոբհանին։
Հիշեցնենք՝ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «անխոչընդոտ անցման» մասին, նշել էր․ «Ադրբեջանն ասում է՝ կամ ՀՀ տարածքով, եթե չէ՝ Իրանի տարածքով։ Մենք ասում ենք՝ այն պայմանները, որ Իրանն առաջարկում է, այդ նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ առաջարկել այդ անցումը։ Քանի որ մենք էլ հետաքրքրություն ունենք, քանի որ մենք էլ ենք ուզում, որ ճանապարհներն օգտագործվեն։ Պատրաստ ենք որոշակի կարգավորումների, մանավանդ, եթե խոսքը տրանզիտի մասին է»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ պայմաններ է Իրանն առաջարկել Ադրբեջանին, դեսպանը պատասխանեց․ «Նախկին երթուղին, որն օգտագործում էին ադրբեջանցիները դեպի Նախիջևան բեռնափոխադրումների իրականացման համար, Բիլսավար երթուղով էին օգտվում, որը համեմատաբար երկար երթուղի էր։ Ներկայացվեց հետևյալ գաղափարը, որ իրենք երթուղու մեծ մասն անցնեն իրենց տարածքով, մնացած մասը՝ Հայաստանի և Իրանի սահմանին մոտ տարածքով։ Ուստի մենք ադրբեջանական կողմին առաջարկեցինք, որ նոր կետով նրանք կարողանան շարունակել իրենց բեռնափոխադրումները դեպի Նախիջևան։ Երբ ավարտեն ճանապարհաշինարարական աշխատանքները, ադրբեջանական բեռնատար ավտոմեքենաները կարող են այդ նոր երթուղով հասնել Նախիջևան, որի երկարությունը կազմում է հիսուն կիլոմետր։ Այդ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ներքո, մաքսային արարողակարգը, կանոնակարգերն իրականացվում են Իրանի օրենսդրությամբ։ Դա տրանսպորտային երթուղի է»։
Կարդացեք նաև
Ճանապարհների ապաշրջափակման մասին Իրանի դեսպանն ասաց․ «Մենք դեմ չենք հաղորդակցությունների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքային ինքնիշխանության ներքո։ Մենք կողմ ենք ՀՀ-ի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանություն և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա։ Ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ