Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում կհստակեցվի տարակարգի համար ուսուցչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև որոշակի հստակեցումներ կիրականացվեն ընթացակարգերի հետ կապված:
Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, միայն 2024 թ. պետբյուջեի շրջանակում գործել է 4 տարբեր ծրագիր, որոնցից մեկը կամավոր ատեստավորումն է։ Ըստ նախարարի՝ չորս տարիների կամավոր ատեստավորման արդյունքում 6100-ից ավելի ուսուցիչ կամ Հայաստանում աշխատող ուսուցիչների շուրջ 20 տոկոսն օգտվել է ծրագրից: Վերջիններս արդեն իսկ ստանում են բարձրացված աշխատավարձ։ «Կարևոր է, որ այս ծրագրի շրջանակում նաև 2023-2024 թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող 614 ուսուցիչ, հաղթահարելով կամավոր ատեստավորման անցողիկ շեմը, հնարավորություն է ստացել շարունակել իր աշխատանքը: Եվ պետք է հիշեցնեմ, որ Կառավարության հաստատած օժանդակության ծրագրով այժմ 49 ուսուցիչ պետական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ են մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ ուսուցչի մասնագիտության գրավչությանն ուղղված ծրագրերն աշխատում են: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ այս ուսուցիչների շուրջ 56 տոկոսը գյուղական դպրոցներում են, նրանց մեծ մասը երիտասարդ ուսուցիչներ են: «Մենք շարունակական աշխատանք ենք տանում, որ մեր գործող ընթացակարգերը անընդհատ լավարկվեն, վերանայվեն, որպեսզի դրանք լինեն ավելի պարզ, միանշանակ և ծառայեն իրենց նպատակին: Այս տրամաբանությամբ ենք առաջարկվում նաև այս փոփոխությունները տարակարգի մեխանիզմում: Առաջիկայում տարակարգի փաստաթղթերը կընդունենք միայն էլեկտրոնային եղանակով, որը թե՛ ռեսուրսի խնայողության տեսանկյունից է կարևոր, թե՛ հաշվի առնելով, որ կրթության կառավարման տեղեկատվական հարթակում արդեն իսկ բավարար տվյալներ կան, հնարավորություն կտա կրճատել այն փաստաթղթերի ծավալը, որը պետք է ներկայացվի, և կրկնակի գործ չանել ուսուցիչների համար, ինչպես օրինակ՝ էլեկտրոնային մատյանում լրացված դասի պլաններն արդեն իսկ բավարար կլինեն. դրանք առանձին լրացնելու կարիք չկա: Այս փոփոխությամբ մենք նաև հնարավորություն ենք տալու, որպեսզի, ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը դիտարկելով՝ հանձնաժողովն իրավասու լինի համապատասխան տարակարգ շնորհելու:
Կարդացեք նաև
Հիմա ուսուցիչը կարող է դիմել 3-րդ աստիճանի տարակարգի, հանձնաժողովն ուսումնասիրի և տեսնի, որ նրա փաստաթղթերը համապատասխանում են, դիցուք, 4-րդ կամ 2-րդ աստիճանի տարակարգին, բայց նման որոշում կայացնելու իրավունք չունի, որովհետև կարող է արձագանքել միայն ուսուցչի առաջարկած տարակարգին, և սա նույնպես կրկնակի վարչարարություն է առաջացնում, որովհետև ստիպված է լինում մերժել, և ուսուցիչը ստիպված է լինում դիմել այլ տարակարգի համար: Այս կարգավորումներն էապես պարզեցնում են այս հանգամանքը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նախարարի՝ կճշգրտվի նաև հավելավճարի հաշվարկը. հավելավճարը կհստակեցվի դասավանդվող ժամերի նկատմամբ՝ հաշվի առնելով ուսուցչական գործունեությունը խրախուսելու, ինչպես նաև ուսուցչի վարձատրության բարձրացմանն ուղղված մյուս ծրագրերի տրամաբանությունը: Առաջարկվող կարևոր փոփոխություն է նաև համատեղությամբ աշխատանքի պարագայում հավելավճար տրամադրելու մասին կարգավորումը: «Կարևոր եմ համարում նաև, որ մենք հերթական ատեստավորման գործընթացի վերափոխմամբ ինքնաշխատ եղանակով 1-ին և 2-րդ տարակարգի ստացման հնարավորություն ենք ստեղծում այն պարագայում, երբ որ հերթական ատեստավորման արդյունքում յուրաքանչյուր ոլորտներից 80-89 տոկոս արդյունք է կամ 90-100 տոկոսը»,-նշել է ԿԳՄՍ նախարարը:
Նախարարը հավելել է նաև, որ հստակեցվել են դասընթացների հանդեպ պահանջները, որոնք նախկինում ավելի անորոշ էին, այս պարագայում որոշվել է, որ նախարարության կողմից ֆիքսված լինելը պարտադիր պայման է: «Այս պահին համակարգում կա 300-400 հազար դրամ վարձատրություն ստացող ավելի քան 1600 ուսուցիչ, 400 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող ավելի քան 560 ուսուցիչ: Այս ուսուցիչները հենց այն ուսուցիչներն են, որոնք թե՛ կամավոր ատեստավորված են, թե՛ տարակարգ են ստանում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Կխթանվի խոշոր ջերմատնային տնտեսությունների կառուցումը, կավելանան ջերմատնային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. առաջարկվող փոփոխության նպատակն է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես՝ ինտենսիվ այգեգործության ծրագիրը նպաստում է մինչև 500 հա այգեհիմնմանը՝ 1 տնտեսավարողին աջակցելով շուրջ 15 մլրդ դրամի վարկավորմանը։ Գործող ջերմատնային տնտեսություններին աջակցության ծրագրով տրամադրվող աջակցությունը նպաստում է շուրջ 4-5 հա ջերմատների հիմնմանը (տրամադրվում է առավելագույնը 3 մլրդ դրամի վարկ), ավելի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնող շահառուների համար գործող աջակցության գործիքը հնարավորություն չի տալիս։ Փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում խոշոր՝ ջերմատնային տնտեսությունների հիմնում իրականացնող շահառուին հնարավորություն տալ ձեռք բերելու առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկ, որով հնարավորություն կտրվի հիմնելու շուրջ 20 հա ջերմատուն։ Ընդ որում, տրամադրված վարկի մինչև 3 մլրդ ՀՀ դրամ գումարի մասնաբաժինը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, 3-ից 9 մլրդ ՀՀ դրամի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով, իսկ 9-ից 15 մլրդ ՀՀ դրամի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն շահառուն կարող է դիմել տարբեր ֆինանսական կառույցների և մինչև 3 մլրդ դրամի վարկ ստանալու և առավելագույն 10 տոկոսի չափով սուբսիդավորվելու հայտ ներկայացնի, նախագծում դրվել է պայման, որ վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից: Սա հնարավորություն կտա, որպեսզի ապահովվի ըստ վարկի մասնաբաժինների տոկոսադրույքների սուբսիդավորման չափաքանակները: Միաժամանակ, ջերմատան նախագծման ծախսերը հանվել են ջերմատների կառուցման ծախսերի միջինացված հաշվարկի աղյուսակից, հստակեցվել են կապալառուի հետ շահառուի հարաբերությունները, ինչպես նաև վարկի տրամադրման պայմանները։
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ-ում առկա է շուրջ 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով է գործում ավելի քան 250 հեկտարը: «2019-2024 թթ. ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրերի շրջանակում հաստատվել է 56 հեկտար ջերմատուն հիմնելու հայտ, որից միայն ՀՀ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում 2024 թ.՝ 15,3 հեկտար: Ծրագրի թիրախային ցուցանիշ է սահմանված մինչև 2026 թ. ավարտը՝ 35 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատների հիմնում»,– ասել է նախարարը:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2023 թ. 1167 հեկտար ջերմատնից և ջեմոցներից հավաքվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հեկտարից՝ 2200 տոննա հատապտուղ, 190 հեկտարից՝ մոտ 101 մլն հատ ծաղիկ: ՊԵԿ-ի տեղեկատվության համաձայն՝ 2023 թ. արտահանվել է շուրջ 74,4 մլն դոլարի ջերմատան արտադրանք, 2024 թ.՝ արդեն 118,5 մլն դոլարի արտադրանք: «Հիմա ես ապրանքատեսակները կնշեմ, այդ ապրանքատեսակների գծով արտահանման աճը կազմել է շուրջ 60 տոկոս: Մասնավորապես՝ 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել 2023 թ., իսկ 2024 թ. 55 մլն հատ և 2,1 հազար տոննա: 30 հազար տոննա բանջարեղեն արտահանվել է 2023 թ., արդեն 2024 թ.՝ 40 հազար տոննա բանջարեղեն: Եթե 2023-ին 2000 տոննա հատապտուղ էր արտահանվել, ապա 2024-ին՝ 2,2 հազար տոննա: Ինչպես տեսնում ենք, բոլոր ուղղություններով ունենք շատ բարձր աճ»,- ասել է Գևորգ Պապոյանը:
Կարևորելով ընդունված որոշումը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է ծրագրի փոփոխությունների վերաբերյալ պատշաճ լուսաբանում ապահովել:
Կներդրվի մի շարք ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները և ցանկում ներառված ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները: Որոշման նպատակը մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն)՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման հետ կապված կարգավորումների սահմանումն է։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների (կաթնամթերք, գարեջուր, զովացուցիչ ըմպելիքներ, կոսմետիկա, պահածոներ և այլն) դրոշմավորումը իրականացվում է համաձայն ԵՏՀ խորհրդի կողմից 05.03.2021 թ․հաստատված ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի։ Ընդ որում, նույնականացման միջոցներով դրոշմավորումն առաջարկվում է ներդնել փուլերով՝ տարբեր ապրանքախմբերի համար սահմանելով ներդրման տարբեր ժամկետներ (օրինակ՝ ըմպելիքները, պահածոյացված մթերքը 2025 թ. մարտի 1-ից, կաթնամթերքը՝ 2025 թ. հունիսի 1-ից, յուղերը՝ 2025 թ. սեպտեմբերի 1-ից, դեղերը՝ 2026 թ. հունվարի 1-ից)։
Արդյունքում մի շարք ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը հանգեցնելու է հետևյալ արդյունքների՝ ապրանքների նույնականացում և հետևաբար շրջանառության վերահսկում մինչև մեկ հատի ճշտությամբ, համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև սպառում, ապրանքների իսկության վերահսկում հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսվարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա, ունենալ դրոշմապիտակի միասնական ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, պետական բյուջեի ծախսերի կրճատում:
Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, սրանով կազմակերպություններին հնարավորություն կտրվի փոխճանաչելի համակարգ ունենալ։ «Այսինքն՝ այն տնտեսվարողները, որոնք առևտուր են անում հատկապես ԵԱՏՄ երկրների հետ, իրենց ապրանքն այնտեղ կճանաչվի, այնտեղի ապրանքներն էլ՝ Հայաստանում: Մյուսն ագրեգացիան է, այսինքն՝ տնտեսվարողները խմբով ապրանքները դրոշմավորելու հնարավորություն կունենան, նաև կլինի որոշակի ծախսերը նվազեցնելու հնարավորություն»,- ասել է ՊԵԿ նախագահը։
Էդուարդ Հակոբյանը հավելել է, որ պետությանն այն տալիս է հատի ճշտությամբ ապրանքների շարժը վերահսկելու հնարավորություն:
Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է՝ եթե այս անցումն ամբողջությամբ կատարենք, բյուջեն որքա՞ն միջոց կխնայի: Ի պատասխան Էդուարդ Հակոբյանը նշել է. «Եթե անցած տարիների վիճակագրությունից ելնենք, սովորաբար տարեկան մոտ 5 մլրդ դրամի ծախս է կատարվել նախորդ համակարգի համար»:
Արձագանքելով՝ փոխվարչապետն ընդգծել է. «Հասկանալի է, որ որոշակի ծախս տնտեսվարողների վրա է տեղափոխվում, բայց այդ ծախսը գնի մեջ շատ ավելի թիրախավորված է, քան հանրային ռեսուրսն օգտագործել այդ նպատակով՝ համախառն, առանց թիրախի: Եվ հետագայում այս համակարգը հնարավորություն կտա, որ մենք քեշբեքի համակարգերը շատ ավելի թիրախավորված և շատ ավելի կոնկրետ նպատակներով աշխատեցնենք»։
Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը
Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական նպատակով որս իրականացնելու գործընթացը դյուրացնելու, հայտերի ընդունման գործընթացն առավել հեշտ և կանոնակարգված իրականացնելու, պայմանագրերի կնքման գործընթացն առավել արագ ընթացակարգով իրականացնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է կատարվել նախկինում ընդունած որոշման մեջ՝ սահմանելով հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման նոր ընթացակարգ։ Գործող ընթացակարգով Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի հայտերի ընդունման և պայմանագրերի կնքման գործընթացը սկսվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները հաստատող համապատասխան Կառավարության որոշման ընդունումից հետո՝ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում այդ մասին հայտարարությունը տեղադրելուց հետո։ Հայտերի ընդունման համար նախատեսված է 10 օր, որից հետո ևս 3 օր նախատեսված է պայմանագրերի կնքման գործընթացին։ Առաջարկվող կարգավորումների համաձայն՝ հայտերի ընդունման գործընթացը տարանջատվել է պայմանագրերի կնքման գործընթացից։ Հայտերը ընդունվում և ուսումնասիրվում են նախապես, որից հետո ձկան չափաքանակները հաստատող իրավական ակտի ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից իրականացվում է պայմանագրերի կնքման գործընթաց։ Սևանա լճում արդյունագործական որսի կազմակերպման թափանցիկության և , որսի գործընթացի մեկնարկի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման նպատակով նախագծով նախատեսվում է օգտագործել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքը՝ www.azdarar.am:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կից թիվ 1 լրացուցիչ համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Հիմնավորման համաձայն՝ ներկա փուլում համաձայնագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ շինարարության ընթացքում հեղինակային հսկողություն ապահովելու նպատակով ծրագրի շրջանակում նախատեսված են խորհրդատվական ծառայություններ, որոնք իրավասու է իրականացնել միայն այն ընկերությունը, որը մշակել է մանրամասն նախագիծը։ Ըստ այդմ՝ առաջարկվել է լրացում ԿԶԵՀ գնումների ընթացակարգերի արտամրցութային ընտրության վերաբերյալ:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների որակի բարձրացում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման նպատակն է՝ նպաստել ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Համաձայնագրով նախատեսված Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի դրամաշնորհային միջոցների հաշվին նախատեսվում էր ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների համախմբման մեթոդաբանության և գործիքակազմի մշակում, ՀՀ առողջապահության նախարարության և նրան ենթակա ՊՈԱԿ-ների համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման նպատակով համապատասխան ծրագրային ապահովման մշակում (ձեռքբերում), ինչպես նաև այդ հաշվետվությունները պատրաստող մասնագետների համապարփակ ուսուցման կազմակերպում։
Կառավարությունն ընդունել է «Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի կողմից ընդունված քվոտաների 16-րդ վերանայման հիմքով Հայաստանի Հանրապետության քվոտայի աճի վերաբերյալ ՀՀ անունից համաձայնություն տալու մասին» որոշում: Արդյունքում՝ կապահովվի ստորագրված պայմանագրի կապակցությամբ ստանձնված պարտավորությունների կատարումը:
Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը
Կառավարության որոշմամբ «ԷԿՈՊՐՈՖ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային հիմքով շինարարական նյութերի, մասնավորապես՝ կախովի առաստաղների, շրիշակների, պատուհանագոգերի, դեկորատիվ անկյունակների, դռան շրջակալների, ոռոգման խողովակների և կցամասերի, դեկորատիվ պատերի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 13․5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 318 աշխատատեղ 201 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 380-ի՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 700 մլն դրամ։