«Իրանը Հայաստանին և ՀՀ ժողովրդին համարում է իր բարեկամը, մշտապես աջակցել է ՀՀ-ի աճին ու հզորացմանը։ Երկու երկրների հարաբերությունները հասել են հասունության և խորության անհրաժեշտ մակարդակին։ Այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում, հարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԻԻՀ Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանը շեշտեց՝ Իրանն իր հիմնական հանձնառությունն է համարում տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության հաստատումը․ «Իրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների, աշխարհաքաղաքական փոփոխություններին և ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար։ Վճռականորեն աջակցում է երկրների՝ հատկապես ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը։ Կեղծ նարատիվների, սպառնալիքների և կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել երկու երկրների միջև առկա հարաբերությունները և պառակտում ու կասկածներ առաջացնել մեր միջև»։
Իրանի դեսպանը նշեց՝ անցյալ ավելի քան 40 տասնամյակների ընթացքում չնայած այն մարտահրավերներին, որ Իրանի ժողովրդի համար ստեղծել են անջատողականությունը, դաժան պատժամիջոցները, Իրանի հպարտ ժողովուրդը շարունակել է գործադրել իր ջանքերն ազատ, բարգավաճ երկիր կառուցելու համար։
Կարդացեք նաև
Մեհդի Սոբհանին նշեց՝ համագործակցության տարբեր ոլորտներում դրական արդյունքներ են գրանցվել։ Նա փաստեց՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են՝ հասնելով 755 մլն դոլարի։
Դեսպանը հայտնեց՝ այսօր Իրանի ժողովուրդը նշում է իր հեղափոխության 46-րդ տարեդարձը։ Այս տարի թևակոխում ենք Իրանի և ՀՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ ամյակը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ