«Այսօր հավաքվել ենք քննարկելու, թե ինչպիսի միջավայր ենք մենք ապահովում Հայաստանի Հանրապետությունում՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման համար: Գիտեք, որ վերջերս ԲՏԱ նախարարությունն առաջարկել է ենթաօրենսդրական կարգավորում, որի շուրջ բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ են եղել: Ու այն, ինչ առաջարկվում է այս պահի դրությամբ, դրա հետ կապված մեր համայնքը դժգոհ է»,-ասուլիսում նշեց ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:
«Բացի տեխնոլոգիական համայնքից՝ հասարակության շրջանում եւս տարընկալումներ կան, թե հիմա ինչ է կատարվում: Առաջին հաղորդագրությունը, որ կուզեմ լայն հասարակությանը հղել, այն է, որ մենք օգնություն չենք ուզում, մեր համայնքն օգնության կարիք չունի եւ մեր համայնքը չի խնդրում պետական բյուջեից փողեր հատկացնել: Մենք եկել ենք ռիսկի մասին ահազանգելու, քանի որ Հայաստանը որպես միջավայր օրեցօր կորցնում է իր մրցունակությունը այլ էկոհամակարգերի նկատմամբ, ավելին՝ մենք տեսնում ենք վերջին երկու տարվա ընթացքում կրճատվող էկոհամակարգ, ինչի մասին եկել ենք ահազանգելու:
Երկրորդ կետն այն է, որ մեր ընկերություններից որեւէ մեկը սպառնալիք չի հնչեցնում, չեն ասում՝ եթե սա չլինի, մենք կգնանք Հայաստանից: Բոլորն էլ հայրենասեր ձեռներեցներ են, ընտրել են Հայաստանում աշխատելու տարբերակը, ուղղակի ահազանգում են այն մասին, որ եթե խնդիրները չլուծվեն, չեն կարողանալու շահութաբեր բիզնես լինել եւ ժամանակի ընթացքում ուղղակի փակվելու են»,-ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրենը՝ ընդգծելով, որ համայնքը փող չի ուզում, այլ ներդրում է ակնկալում:
Նա որոշ տվյալներ բերեց. «2024թ՝ 2023-ի նկատմամբ 5000-ով պակասել է մեր ոլորտում գործունեություն ծավալող սուբյեկտների քանակը՝ այդ թվում ԱՁ-ների եւ բիզնեսների թիվը միասին վերցրած, նաեւ 2000-ով կրճատվել են հաստիքները: Սա վերջին 25 տարվա ընթացքում պատմական աննախադեպ անկում է, ինչի մասին ահազանգել ենք ԱԺ-ում: Սակայն մեզ այն ժամանակ ասացին, որ ծայրահեղացնում ենք»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ