«Փաստինֆո». Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել հրազենով, ինչը փաստվում է նաև քննությամբ։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ աշխատակիցներն օրեր շարունակ գործադուլ են իրականացնում՝ աշխատավարձերի հարցով։ Թեև ԶՊՄԿ-ն պաշտոնապես դիրքորոշում է հայտնել՝ պատրաստակամություն հայտնելով 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը, բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարում, այլև՝ օրեցօր թեժանում են։ Երեկ իրականացված ցույցի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել, եղել են տուժածներ։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էին դեպքը՝ նշելով՝ տեղեկություններ էին ստացվել, որ Քաջարանի Պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։ «Անմիջապես միջոցառումներ են ձեռնարկվել։ Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները»,- հայտնել են ՆԳՆ-ից։ Երեկ ութ անձ էր բերման ենթարկվել։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ երեք անձ ձերբակալվել է։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Քաջարանում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
«3 անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»,- նշեցին ՔԿ-ից։
Կարդացեք նաև
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ գործադուլ անողները հարձակվել են ԶՊՄԿ-ի այն աշխատակիցների վրա, որոնք դեմ են գործադուլին և, որ հարձակվողների մեջ է նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից, Քաջարանի ավագանու անդամներից մեկը` Գոռ Բաբաջանյանը։ Մասնավորապես, «Հրապարակ»-ը, հղում կատարելով բնակիչներից մեկին, գրել էր․ «Գործադուլը կուրացիա անողների շարքում են Գոռ Բաբաջանյանը, նրա եղբայրները՝ Վահան Բաբաջանյանը, Վահե Բաբաջանյանը եւ Արթուր Բաբաջանյանը, ինչպես նաեւ նրանց թայֆայից այլ անձինք։ Խուլիգանների խումբն այսօր ծեծել է ԶՊՄԿ-ի աշխատակիցներին, ովքեր մտահոգված են շարունակվող գործադուլով։ Տղերքը բարձրացել են գործադուլի վայր, փորձել են համոզել, որ դադարեցնեն գործադուլը, որ կոմբինատը շարունակի աշխատել, Գարիկ անունով մեկը, որը գողություն անելու պատճառով հեռացվել է կոմբինատից, տղերքին ասել է, թե` չի թողնելու, որ կոմբինատն աշխատի։ Սադրել են, թե` դավայ եղեք։ Հետո զանգել են տղերքին, կանչել են։ Սրանք մի 20 հոգով, ավտոմատներն ու դանակները հանել են ու հարձակվել տղերքի վրա, կրակել են, դանակահարել»։
Իզաբել Սահակյան