«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում հրապարակեց, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ինչ է տարիներ շարունակ տարբեր երկրներում ֆինանսավորել:
«Երեկ չէ առաջին օրը Վրաստանի խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ USAID-ն 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծախսել է $ 41,7 մլն.: Եվ Վրաստանի խորհրդարանի խոսնակն ասում է, որ նրանք պետք է բացատրեն, թե ինչու եւ ինչի համար են միլիոնավոր դոլարներ ծախսվել այն հ/կ-ների վրա, որոնք փորձում էին խանգարել Վրաստանում խորհրդարանական ընտրություններին:
Դրանից հետո մամուլում հրապարակվում է եւս մեկ բացահայտում: Խորհրդարանական ընտրություններից հետո, որ տեղի ունեցան 2024-ի հոկտեմբերին, մինչեւ դեկտեմբեր ամիսը USAID-ն $ 26,5 միլիոն է տվել վրացական ընդդիմությանը, որը ծախսվել է վրացական ընդդիմության լիդերների աշխատավարձի, փորձագետներին, ակտիվիստներին գումար տալու, ցույցեր կազմակերպելու, մեդիա բոտեր եւ ֆեյքեր ֆինանսավորելու համար: Նույնիսկ պիրոտեխնիկան ֆինանսավորված է եղել Արեւմուտքից՝ USAID-ի փողերից: Ամեն պլակատը, ամեն ռեփը, որ բեմականացվել էր եւ շարունակվում է բեմականացվել Ռուսթավելու փողոցում, 26 միլիոն 500 հազար դոլարի շրջանակում է:
Իլոն Մասկն ասաց, որ USAID-ն հանցավոր կազմակերպություն է եւ այն պիտի վերանա: Վրաստանի իշխանությունը պարզաբանում է պահանջում, թե ինչու է ընտրությունների ընթացքում $ 41,7, եւ ընտրություններից հետո իշխանության դեմ ցույցեր կազմակերպելու համար 26,5 միլիոն դոլար տրվել:
Կարդացեք նաև
Դրանից բացի, երեք օր առաջ Սպիտակ տան մամուլի խոսնակը ներկայացրեց, թե, օրինակ, ինչի վրա են ծախսվել USAD-ի փողերը եւ ինչ է ֆինանսավորել USAID-ն: Օրինակ, 1,5 միլիոն դոլար տրվել է Սերբիային՝ սեռական բազմազանությունը խթանելու համար, 47 հազար տվել է Կոլումբիային՝ տրանսգենդերների օպերա բեմականացնելու եւ 37 միլիոն՝ տրանսգենդերների կոմիքսների ամսագիր տպելու համար: USAID-ին 2 մլն. դոլար տվել է Գվատեմալային՝ սեռի փոփոխության եւ ԼԳԲՏ ակտիվիզմը խթանելու համար:
Ես բացարձակ դեմ չեմ, որ եթե մեկը լինելով տղամարդ՝ իրեն կին է զգում, կամ հակառակը, եւ ուզում է սեռափոխվել: Բայց պատկերացնո՞ւմ եք շարքային հարկատու ամերիկացու, որը տարիներ շարունակ հարկեր է վճարել USAID-ին, որը կֆինանսավոր, ասենք, Գվատեմալայում ինչ-որ Խոսեի սեռափոխության օպերացիան:
Թրամփը շատ սենսացիոն այլ բացահայտումներ էլ արեց՝ ասելով, որ USAID-ն ֆինանսավորել է նաեւ բազմաթիվ բժշկական արգելված հետազոտություններ, այդ թվում նաեւ՝ փորձարկումներ է ֆինանսավորել COVID 19-ի մասով: Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ չինացին վարակված չղջիկը կերավ: Չղջիկի ջեբը էլ չեք գցի: Պարզվում է, որ այս հանցավոր բիոաղետը ունեցել է լաբորատոր ծնունդ, ինչի արդյունքում աշխարհում՝ միլիոնավոր, Հայաստանում՝ հազարավոր մարդիկ մահացան»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի եւ որպես հ/կ նախագահ այդ բացահայտումների շրջանակում դիմելու է Թրամփի աշխատակազմին՝ բացահայտելու, թե ինչ է արժեցել 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը». «Երիտասարդներ, էն որ դատարկ դագաղները բռնած պարում էիք, ձեր բռնած ամեն դագաղը ֆինանսավորված է եղել: Ձեր կապած ամեն սեւ լենտը ֆինանսավորված է եղել:
Ես ակնկալում եմ, որ եթե բացահայտումները իսկապես օբյեկտիվ են, պիտի բացահայտվի նաեւ, թե 2018 թվականի իշխանազավթումը կազմակերպելու համար, ինչի մասին արդեն խոսում են հստակ բազմաթիվ աղբյուրներ, Հայաստանի այն ժամանակվա նիկոլփաշինյանական ընդդիմությունը ինչքան գումար է ստացել:
Եվ երկրորդը, որ ես պահանջում եմ որպես քաղաքական, հանրային գործիչ: Ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղված Հայաստանում տեղակայված ԱՄՆ 13 բիոկենսաբանական լաբորատորիաները, որոնցից մեկը Գյումրիում տեղակայված է ուղիղ 102-րդ ռազմաբազայի կողքը, մյուսը Գյումրիում տեղակայված է ուղիղ հանրակրթական դպրոցի կողքը:
Նայե՞լ եք վիճակագրությունը: Հայաստանը աշխարհում քաղցկեղի մահացության թվով առաջին տեղում է: Կապ ունե՞ն այստեղ ամերիկյան բիոլաբորատորիաները: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պարտավոր ենք ստանալ, պարտավոր ենք բարձրացնել: Եթե Իլոն Մասկը հայտարարում է, որ USAID-ն հանցավոր, կրիմինալ կազմակերպություն է, որը ֆինանսավորել է հանցագործ տարբեր բժշկական հետազոտություններ, որոնք միլիոնավոր կյանքեր են խլել, մենք իրավունք ունենք պահանջելու, որպեսզի բացահայտեն, թե ինչով են զբաղվում ամերիկյան այդ 13 կենսալաբորատորիաները, որոնք տեղակայված են մի փոքր Հայաստանում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստները 2018-ին գլուխ են խոնարհել ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի նախընտրական պաստառի առջև: