Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիներին «Մերսեդես» ենք տվել, եթե ասում ենք՝ չէ, տրանսպորտի սակագինը պետք է մնա 100 դրամ, 3-4 տարի հետո էլի կունենանք ջարդած «Գազել»-ներ»․ Պապոյան

Փետրվար 06,2025 15:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անդրադարձավ հարկերի բարձրացման դեմ տնտեսվարողների բողոքին:

«Կան որոշակի դեպքեր, երբ դժգոհությունը օբյեկտիվություն ունի, եւ մենք հիմա քննարկում ենք դրանք։ Կան որոշ դեպքեր, որ տեղեկատվության պակաս կա։ Օրինակ՝ մի դեպքով հենց նախարարությունում տնտեսվարողին ցույց տվեցինք, որ ինքը նոր համակարգով ավելի քիչ հարկ պետք է վճարի, քան նախորդ համակարգով։ Այսինքն՝ գոյություն ունի տեղեկատվության պակասի խնդիր։ Ես համաձայն եմ, որ տեղեկատվության պակաս կա՝ երբեմն ընդդիմությանն ու ընդդիմադիր մամուլին հաջողվում է լավ բաներն այնպես ներկայացնել, որ ժողովուրդն ընկալում է որպես վատ բան»։

Գեւորգ Պապոյան

Ըստ նրա՝ համընդհանուր հայտարարագրի ներդրումը ներկայացվում է որպես հասարակությանը հարկելու միջոց, այնինչ, սա հասարակության համար դրական հետեւանքներ ունեցող է։ «Մարդիկ, որոնք բացարձակապես թաքցնելու բան չունեն, շատ գոհ են այս ամենից»,- հավելեց նա։

Պապոյանն անդրադարձավ նաեւ հանրային տրանսպորտի սակագնի թանկացմանը։ «Մենք կարող ենք ունենալ 100 դրամանոց MAN մեքենաներ, բայց 4 տարի հետո չենք ունենա ոչինչ։ Եթե մենք ուզում ենք միշտ ունենանք MAN մեքենաներ, պետք է վճարենք դրա համար, որովհետեւ դա այլ գին ունի։ «06»-ը եւ «Մերսեդեսը» տարբեր հարմարավետություն ունեն եւ տարբեր ծախսեր են պահանջում։ Մենք մեր քաղաքացիներին «Մերսեդես» ենք տվել։ Եթե ասում ենք՝ չէ, պետք է մնա 100 դրամ, 3-4 տարի հետո պետք է էլի ունենանք ջարդած «Գազել»-ներ։ Հնարավոր է, ընտրություն է, բայց ես վստահ չեմ, որ Երեւանի բնակիչների մեծ մասն ուզում է այսօր վճարել 100 դրամ, բայց 3 տարի հետո ունենալ ջարդած «Գազել»»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728