Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ քեզ կառավարություն, ո՛չ կովը կհասկանան ինչ է, ո՛չ մարդը»․ բողոքի ցույց Գյումրիում

Փետրվար 06,2025 14:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր վաղ առավոտյան Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց նորից բողոքի ցույց էին դուրս եկել անասնապահներն ու մսավաճառները։

Նրանք կառավարությանը կրկին հիշեցնում էին, որ Շիրակի մարզի սպանդանոցները չեն գործում, հետևաբար և անասնապահների ու մսագործների համար արհեստական խոչընդոտներով ստեղծելով՝ նպաստում են գյուղերի դատարկմանը։

«Անասունին պիտի բարձենք ավտոն, տանենք, հասցնենք Արմավիր, հետո մորթել տանք, հետ բերենք, հնարավոր բան չէ: Մի կոպեկ կաշխատեինք, հիմի էդ էլ չենք կարող անել։ Կամ պիտի ելնենք խուժանություն անենք կամ գողություն ու թալան, որ կարողանանք մեր ընտանիքները պահենք», -վրդովված էր Սարատակ գյուղի բնակիչ Վարդան Մկրտչյանը։

Նրան երկու անգամ տուգանել էին՝ 100 հազարական դրամով։

«Չենք կարող գործ անել, երեխա կպահենք, ընտանիք կպահենք, իրենց ինչ կա, նստել են վերևները, միլիոնները կստանան, 36 հազար թոշակ կառնեմ, ի՞նչ ձևի ապրենք։

Էնպես են անում, որ անասուներին հարկադիր մորթի ենթարկես, էլ չպահես, ձեռ չի տալիս։

Այ քեզի կառավարություն, ո՛չ կովը կհասկանան ինչ է, ո՛չ մարդը, թղթի վրա գրած է՝ վե՛րջ։ Չի կարելի էդպես անել, մարդ են, բոլորն էլ պիտի ապրեն, աշխատատեղ չկա, որտե՞ղ աշխատեն, ի՞նչ են առաջարկում, գողություն անե՞նք»։

Սարատակ գյուղի մեկ այլ անասնապահ էլ դժգոհում էր, որ անհնար է 300-400 կիլոգրամ կենդանուն մեքենայով տանել Արմավիրի սպանդանոց, նախ ֆիզիկական ուժ է պետք, բացի այդ լրացուցիչ ֆինանս․ առնվազն՝ 50 հազար դրամ գումար պիտի վճարես։

 

Այսօր բողոքին միացած ֆերմերները պնդում էին, որ բնակչության համար առավել վտանգավոր է ներկրված, սառեցված միսը, որից նույնիսկ երեխա է մահացել։

Դիտարկմանն ի պատասխան էլ, թե մոդուլային սպանդանոց կառուցելը 12 միլիոն դրամ կնստի, կառավարությունը վարկային ծրագիր է տրամադրում, անասնապահներից մեկն ասաց․ «12 միլիոն ունենաք, էստեղ ինչի՞ կմնանք, անհնար բաներից են խոսում՝ մի խելացի լուծում գտնելու փոխարեն»։

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728