«Ի սկզբանե այս գործով ակնհայտ էր, որ ատելության հրահրման հիմքով քրեական հետապնդման իրականացումն անձի նկատմամբ իմ կողմից դիտարկվել է որպես մտահոգիչ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով արցախցի դասախոս Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման հարուցմանը։
ՄԻՊ-ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ մտահոգիչ համարելով Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը։
«Խոսքը կարող է ընկալվել որպես ատելություն կամ ատելության խոսք, բայց քրեաիրավական պատասխանատվություն նման խոսքի համար բացառիկ դեպքերում պետք է կիրառելի լինի։ Եվ դա է պատճառը, որ այս դեպքը մտահոգիչ եմ համարել։ Միեւնույն ժամանակ հստակ արձանագրել եմ, որ, այո, անկախ նրանից, որ ես ինքս մտահոգիչ եմ համարում քրեական հետապնդման իրականացումը նման հիմքով, նաեւ որեւէ մեկի կողմից չի կարող արդարացվել վիրավորանքի ու ատելության խոսքի տարածումը»,- ասաց Անահիտ Մանասյանը։
Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել այն բանից հետո, երբ նա իր ղեկավարած ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգող անձանց վերաբերյալ տեսագրությունը։ Դատարանը մերժել էր նրա կալանքի միջնորդությունը։ Նրա նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ