«Ամեն ինչ գնում է նրան, որ վարկավորումը տեղի է ունենալու, իմ տպավորությամբ՝ խանգարող հանգամանքները հերթականությամբ լուծվում են»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Ամուլսարի» շահագործման համար հայաստանյան բանկերից վարկեր ներգրավելու գործընթացին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրասիական զարգացման բանկը մերժել էր «Ամուլսարի» ծրագրի ֆինանսավորումը։ Հանքը շահագործողների եւ Հայաստանում առեւտրային բանկերի միջեւ բանակցություններ են տարվում՝ վարկեր ներգրավելու համար։
«Սկզբում կունենանք շինարարության փուլ, հետո արդեն արդյունահանման փուլ։ Պլանավորում ենք արդեն, որ այս տարվա վերջին եռամսյակում տեղի ունենա արդյունահանում։ Եվ ՀՆԱ-ի ու տնտեսական ցուցանիշների մեջ էլ ունենք կանխատեսում, որ վերջին եռամսյակը պետք է ավելի լավը լինի՝ նաեւ պայմանավորված այդ հանգամանքով»,- ասաց նա։
Ըստ Պապոյանի՝ բարդ գործընթաց է, 150 մլն դոլարի վարկավորումը չի կարող արագ տեղի ունենալ։
Կարդացեք նաև
Հարցին, թե բանկային համակարգի համար ռիսկեր չեն տեսնո՞ւմ, Պապոյանը, պատասխանեց․ «Ոչ, որովհետեւ 150 մլն դոլարը բարեբախտաբար այսօր բանկային համակարգի համար հնարավոր գումար է, որը իրենք կարող են վարկավորել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ