Կառավարությունն այսօրվա նիստում «Կրթություն» թերթի խմբագրություն» ՓԲԸ-ն լուծարելու որոշում ընդունեց։ Ըստ որոշման՝ նախատեսվում է երկամսյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով։ Ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ գույքը՝ առկայության դեպքում, հանձնվում է ԿԳՄՍ նախարարությանը։
Կառավարության հիմնավորումն այն է, որ «Կրթություն» թերթի խմբագրությունը լուծարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նախաձեռնություններով: Ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը, բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը:
«Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ: Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում:
Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է Հայաստանը զարգացած և մրցունակ տնտեսություն դարձնելու առաջնահերթությունը, որը շեշտադրում է երկրի տնտեսության մրցակցային առավելությունների ձևավորումը՝ հիմնվելով գիտության և բարձր տեխնոլոգիաների վրա՝ որպես զարգացման առաջնային նախապայման:
Կարդացեք նաև
Էլեկտրոնային հարթակներից տեղեկատվություն ստանալը լայն հնարավորություններ է ստեղծում: Կայքերից օգտվելով՝ մարդիկ կարող են անմիջապես ստանալ և տարածել իրենց հետաքրքրող բազմաբնույթ նյութեր, ինչը շաբաթաթերթերը չեն կարող ապահովել, քանի որ լուրերը դառնում են ուշացած և արդիականությունը կորցրած, իսկ պահանջվող ռեսուրսները չեն արդարանում՝ տպագիր տարբերակի առարկայական, պատկերավոր ու ինտերակտիվ տեղեկատվություն չտրամադրելու պատճառով: Թվարկված խնդիրները նպաստում են թերթի վաճառքների կրճատմանը, ինչն էլ ազդում է եկամուտների վրա»,- նշվում է հիմնավորման մեջ։
«Կրթություն» թերթի խմբագրություն» ՓԲԸ-ն ստեղծվել էր 1997 թվականին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ