Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցող գործընթացներին։
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։
«Բնականաբար, մտահոգված ենք, որովհետեւ եթե Հայաստանի արդյունաբերության առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների եւ հարկերի հավաքագրման վրա։ Այս առումով մեզ համար ամենակատարյալ տարբերակը կլինի, որ հանքարդյունաբերական համալիրը հնարավորինս շուտ սկսի իր աշխատանքը։ Մեզ պետք է, որ կոմբինատն օր առաջ աշխատի, որովհետեւ չաշխատելը բազմաթիվ ռիսկերով է հղի»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ, Պապոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ դա արհմիության եւ հանքարդյունաբերական համալիրի աշխատակիցների տիրույթում գտնվող հարցն է։ Որպես էկոնոմիկայի նախարարություն՝ մենք շատ կուզենք, որ մեկ օր շուտ սկսվի հանքարդյունաբերական գործունեությունը»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ կառավարությունը բաժնեմաս ունի գործարանից, Պապոյանը պատասխանեց․ «Կառավարությունը չունի, ժողովուրդն ունի։ Երբ 32-33 մլրդ դրամ՝ որպես մասնաբաժնից ստացված եկամուտ, փոխանցվեց պետական բյուջե, այդ գումարներով վճարվել է աշխատավարձ, կենսաթոշակ, ճանապարհ է կառուցվել, որից բոլորս ենք օգտվում»։ Նա նշեց, որ նման հարցերի լուծումը արհմիությունների տիրույթում է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ