Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը որոշել են «հեղափոխություն» անել նաեւ արարողակարգի հարցերում` նրանք ոչ մի կանոն, ոչ մի օրենք չեն ճանաչում, անում են այն, ինչ այդ պահին հարմար է իրենց:
«Հրապարակը» երկրորդ եւ երրորդ նախագահների գրասենյակներից մեկնաբանություն խնդրեց, թե որ դեպքերում են երկրի առաջին տիկնայք ամուսինների հետ այս կամ այն երկիր մեկնել, մասնակցել աշխատանքային այցերին:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից Բագրատ Միկոյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Եթե այցը պետական է, դա ամենաբարձր մակարդակն է: Նման դեպքերում, ըստ արարողակարգի, նախատեսվում է, որ երկրի ղեկավարին կարող է ուղեկցել կողակիցը` կինը կամ ամուսինը: Պրոտոկոլով դա ընդունված կանոն է: Նման այցեր եղել են նախագահ Քոչարյանի տարիներին, արարողակարգը եւ օրենքները 99,9 տոկոսով խստիվ պահվել են: Կան նաեւ պաշտոնական այցեր, դա էլ երկրորդ դասակարգումն է: Այստեղ էլ կարող է կողակիցն ուղեկցել` որոշ քննարկումների արդյունքում: Բայց, որպես կանոն, դրանից ներքեւ այցերի դեպքում, օրինակ`աշխատանքային այցերի դեպքում, կողակիցները չեն ուղեկցում: Բելլա Քոչարյանն ուղեկցել է բացառապես պետական կամ պաշտոնական այցերի դեպքում: Աշխատանքային, մասնավոր, տարանցիկ այցերի դեպքում համաշխարհային պրակտիկայում զույգերի այց նախատեսված չէ, ինչը խստիվ պահվել է նախագահ Քոչարյանի իշխանավարման տարիներին»: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը պետական այցեր գրեթե չի իրականացնում, պաշտոնական այցեր` շատ հազվադեպ, հիմնականում մեկնում է աշխատանքային այցերով եւ մշտապես` կնոջ հետ:
Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանն էլ նշեց. «Շատ քիչ են եղել դեպքերը, երբ առաջին տիկինն այցելել է ամուսնու հետ այս կամ այն երկիր:
Կարդացեք նաև
Կարող ենք նշել ընդամենը 6 նման դեպք: 3-ը պաշտոնական այց է եղել, որտեղ առաջին տիկինն ուղեկցել է ամուսնուն: Խոսքը Լիբանան, Սիրիա եւ Վրաստան այցերի մասին է:
Պետական այցերը եղել են հետեւյալ երկրներ` Հունաստան, Ռուսաստան եւ Կիպրոս»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: