Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Երեւանի քաղաքապետարանում հերթական ձերբակալությունների փաստը՝ կոռուպցիոն գործի շրջանակում։
Ձերբակալվածներն են Երեւանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը եւ քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Ըստ տեղեկությունների, նույն գործի շրջանակում այլ գերատեսչություններից եւս ձերբակալվածներ կան։
Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյան, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյան, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյան, նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալներ Դավիթ Բալասանյան, Գեղամ Կարապետյան, Կենտրոն վարչական շրջանի առեւտրի եւ սպասարկումների բաժին պետ Արսեն Աղաբեկյան, նրա տեղակալ․․․ Քրեական հետապնդման ենթարկվածների ոչ ամբողջական ցանկն է սա։ Երեւանի քաղաքապետարանի այս բոլոր պաշտոնյաներն անցնում են տարբեր քրեական գործերով` մեղադրվում են չարաշահումների, կաշառակերության ու կոռուպցիայի համար։
Ստացվում է՝ կոռուպցիայի դեմ անհանդուրժող պայքար մղելու հայտարարություններով հանդես եկող իշխանության մի օղակում, տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանում, կոռուպցիայի որջ է ձեւավորվել, որտեղ մանր ու միջին չինովնիկները «խոպան» են անում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե հենց սա է կոռուպցիայի դեմ պայքարը, բայց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Հրապարակ»-ին ասում է․ «Իմ համոզմունքը միշտ եղել է, որ ամեն ինչ գալիս է վերեւում նստածից, եթե վերեւում նստած մարդն ազնիվ է, մաքուր ձեռքերով է իր տեղակալների հետ, ներքեւում վախենում են որեւէ բան անել, իսկ եթե վերեւինին կասկածում են, որ նա էլ ունի այլ եկամուտներ, ներքեւները սկսում են իրենց ավելի ազատ զգալ»։
Կարդացեք նաև
Իզաբելլա Աբգարյանը շեշտում է՝ վերջին տարիներին ականատես ենք լինում տարբեր քրեական գործերի, ինչը փաստում է՝ Երեւանի քաղաքապետարանում ներքին վերահսկողություն գոյություն չունի։ «Ժամանակ առ ժամանակ քաղաքապետարանը հայտնվում է հակակոռուպցիոն կամ այլ քննչական մարմինների ուշադրության կենտրոնում, ինչը խոսում է այն մասին, որ իրականում գոյություն չունի ներքին վերահսկողություն։ Ներքին վերահսկողությունն իր աշխատանքը չի անում, մենք ամեն ինչ իմանում ենք միայն, երբ հարցը հասնում է իրավապահ համակարգին։ Եկեք նաեւ նշենք, որ այս ընթացքում ձերբակալված ու կալանքի տակ գտնվող պաշտոնյաներ ունենք, եւ այդ պաշտոնյաներին ՔՊ-ն է բերել, նա է իրավիճակը բարձիթողի արել, բացի այդ, հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, այդ մարդիկ աշխատավարձ ու պարգեւավճար են ստացել, իսկ աշխատավարձ եւ պարգեւավճար ստանում է նաեւ վերահսկողական վարչությունը, որը, ինչպես տեսնում ենք, իր վերահսկողական գործառույթը լավ չի իրականացնում»,-ասում է ավագանու ընդդիմադիր անդամն ու շեշտում՝ այս պատկերը Երեւանի քաղաքապետարանի անարդյունավետության ու համակարգում լուրջ թերությունների մասին է խոսում։
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: