Լրահոս
Օրվա լրահոսը

Ցախավելների մատակարարը դատարան է դիմել կասեցման պահանջներով՝ Սաշա Կատվալյանի կողմից իր ընկեր-բարեկամներով նոր բացված ԱՁ-ներով մրցույթների մասնակցության առնչությամբ. «168 ժամ»

Փետրվար 06,2025 11:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

168․am-ի խմբագրություն է ահազանգել անհատ ձեռներեց Արթուր Անանյանը՝ պնդելով, որ 2024 թվականի հունվար ամսից, երբ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի պաշտոնը վստահվել է Սաշա Կատվալյանին, իր տնտեսական գործունեությունը խոչընդոտող լրջագույն հարցերի է սկսել բախվել։

Արթուր Անանյանը, որը տարիներ շարունակ ԵԱՍՄ հիմնարկին մատակարարել է ցախավելները, այսօր կանգնած է ընտանեկան բիզնեսի փակման եզրին։

«Այս ամենը հիմնել է հայրս դեռ 1990-ականներին։ Բակային ավելների ձեռքբերման պետգնումներին սկսել ենք մասնակցել 2016 թվականից։ Այս տարիների ընթացքում ստեղծել ենք դաշտեր, որտեղից կարելի է կազմակերպել մատակարարում։ Եթե ինչ-որ մեկն ուզում է այս ասպարեզում գործունեություն ծավալել, ամենաքիչը, ինչը պետք է ունենա, դաշտերն են, որոնք կապահովեն այն քանակը, որը, ըստ պայմանագրի կետերի ու չափորոշիչների՝ կկարողանա մատակարարել»,- մանրամասնեց տնտեսվարողը։

Նա տեղեկացրեց՝ քաղաքապետարանի կողմից բակային ավելների գնումները հիմնականում եղել են ամենամսյա կերպով, որովհետև ԵԱՍՄ համայնքային հիմնարկը երբևիցե չի ունեցել պահեստներ։

2024 թվականի հունվարի 29-ին Սաշա Կատվալյանը նշանակվեց հիմնարկի տնօրեն (նա մի տարվա մեջ 4-րդ տնօրենն էր), և հենց այդ վայրկյանից սկսած՝ եղան ինչ-ինչ խոչընդոտներ՝ տարբեր պատճառաբանություններով, ապա նաև՝ հիմնարկի կողմից եղավ պայմանագրի միակողմանի լուծում։ Մենք տվեցինք դատի, դատը շահեցինք, իրենք էլ տվեցին վերաքննիչ, ու այդպես՝ սկսվեցին դատ ու դատաստաններ։

Բացի այդ, երկու հայցեր ևս տվել ենք դատարան կասեցման պահանջներով՝ Սաշա Կատվալյանի կողմից իր ընկեր-բարեկամներով նոր բացված ԱՁ-ներով մրցույթների մասնակցության առնչությամբ»։

168.am-ի հարցին՝ կոնկրետ տեղեկություննե՞ր ունեք, թե՞ ենթադրություններ են, որ Սաշա Կատվալյանին փոխկապակցված անձինք են, նա արձագանքեց․ «Ենթադրություններ չեն․ կարելի է մտնել գնումների էջը, տեսնել՝ ովքեր են գնումներին մասնակից անձերը, տեսնել նրանց հասցեները գրանցման, բնակման և արտադրողական, ու ամեն ինչ պարզ կդառնա։

Չի կարող մարդը մրցույթ գցի, օրինակ, ամսի 10-ին, ու դրանից մի քանի օր առաջ բացված ԱՁ-ն մասնակցի մրցույթի։ Էլ չեմ ասում, որ ինձ հասած տեղեկություններով՝ մրցույթը շահածներից մեկը`Անդրանիկ Բաղրամյանը, նույն հիմնարկում է աշխատում՝ որպես օպերատոր (չնայած ասում են՝ հետո է գրանցվել), մեկ այլ մասնակից՝ Լուիզա Բեդախյանը, Սաշա Կատվալյանի ֆեյսբուքյան ընկերներից է, իսկ մյուսը՝ Նաիրա Գևորգյանը, Անդրանիկ Բաղրամյանի մայրն է»։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728