Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա»

Փետրվար 06,2025 09:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, հանդես եկել ելույթով և պատասխանել բանախոսի հարցերին:

Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.

 

«Տիկնայք և պարոնայք,

Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ,

 Ինձ համար պատիվ է այս շատ կարևոր թեմայի շուրջ կարծիքներով կիսվելու այս հնարավորությունն ունենալը։

 Իմ տեսանկյունից կրոնի ազատությունը ժողովրդավարության մասին է: Չի կարող լինել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության, քանի որ ազատ լինելը նշանակում է ազատ լինել Աստծո ընկալման և կրոնի ընկալման մեջ:

 Բայց լինել ազատ, մյուս կողմից, նշանակում է հանդուրժողականություն ուրիշների կրոնական հայացքների նկատմամբ, և մեկն առանց մյուսի կարող է հանգեցնել կրոնական մոլեռանդության և ծայրահեղականության։

 Աստծուն հավատալը կամ չհավատալն անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է: Ինչպե՞ս հավատալ Աստծուն, ո՞ր կրոնի միջոցով` դա անձնական հավատքի և անձնական ազատության խնդիր է:

 Իհարկե, ԱՄՆ-ն օրինակելի և առաջատար երկիր է բոլորի և բոլոր կրոնների համար` կրոնական ազատություն ապահովելու գործում: Այս ըմբռնումով էր, որ Հայաստանը միացավ ԱՄՆ-ի ոգեշնչմամբ ստեղծված Կրոնական ազատության և հավատքի միջազգային դաշինքին 2020 թվականի փետրվարին՝ նախագահ Թրամփի առաջին նախագահության օրոք։

 

Տիկնայք և պարոնայք,

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, և դա բնական է, որովհետև Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և դա արվել է դեռևս 301 թվականին Հայոց թագավոր Տրդատ 3-րդի կողմից։ Այդ պահից Հայ Առաքելական եկեղեցին էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար։

 Հայաստանում ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցին, ունենք նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, որոնք գործում են ազատորեն և մեծ հարգանք են վայելում մեր հասարակության մեջ։ Կան նաև այլ կրոնական կազմակերպություններ՝ հիմնված քրիստոնեության վրա, և նրանք գործում են ազատ։

 Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանում է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը, և վերջերս Հայաստանում կառուցվել է աշխարհի ամենամեծ եզդիական տաճարը։ Հայաստանում ունենք Ռուս Ուղղափառ եկեղեցու, ասորական եկեղեցու, ռուս մոլոկանների, հեթանոսների ներկայությունը։

 Հայաստանի հրեական համայնքը թեև փոքր է, բայց կարևոր դեր է խաղում մեր բազմազան հասարակության մեջ՝ իր հոգևոր կյանքով, որը կենտրոնացած է Երևանի Սինագոգի շուրջ:

 Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք գործող մահմեդական մզկիթ ունենք, որը մեր մշակութային ժառանգության շատ կարևոր մասն է։

 

Տիկնայք և պարոնայք,

 

Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության շատ կարևոր մասն է: Տարածաշրջանային հարաբերությունների առումով չորս հարևան երկրներից երեքը` Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, հիմնականում մահմեդական բնակչություն ունեն։ Մեր մյուս հարևան Վրաստանը հիմնականում քրիստոնյա բնակչություն ունի՝ մեծ մահմեդական համայնքով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրոնական հանդուրժողականությունը մեր տարածաշրջանի կայունության համար։

 Բարեբախտաբար, չնայած քաղաքական և էթնիկական հակասություններին, մենք ունենք կրոնական հանդուրժողականության և հարգանքի լավ ավանդույթ մեր տարածաշրջանում, և դա ավելի իրատեսական է դարձնում կայուն խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում: Եվ մենք հույս ունենք, որ մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել:

 

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը պատասխանել է բանախոս Դեյվիդ Քարիի հարցերին:

Դեյվիդ ՔարիՇնորհակալություն պարոն վարչապետ այս միջոցառմանը ներկա լինելու համար, դա մեզ համար պատիվ է։ Ամենակարևոր հարցն այսօր այն է, թե ինչպես հասնել խաղաղության այն բարդ տարածաշրջանում, որտեղ Դուք ապրում եք։ Ուզում եմ շնորհավորել Ձեզ` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համար։ Պատմեք, խնդրում եմ, ինչ հեռանկարներ կան «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հետ կապված։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Սա իսկապես լավ հնարավորություն է և պատիվ։ Այո, մենք նախաձեռնել ենք մի ծրագիր, որը կոչել ենք «Խաղաղության խաչմերուկ»։ Դա առաջին հերթին մեր տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին է, բայց այն միայն հաղորդակցությունների մասին չէ, որովհետև եթե հարցին նայենք կրոնական հանդուրժողականության տեսանկյունից, այն նաև մարդկանց միջև շփման մասին է, որովհետև երբ տրանսպորտային հաղորդակցությունները բաց են, սա առաջին հերթին մարդկանց համար իրար հետ շփվելու հնարավորություն է: Դա շատ որոշիչ գործոն է կայուն և ամուր խաղաղության համար։ Սա մեր տարածաշրջանային երկրներին ուղղված բաց առաջարկություն է, և իհարկե, նրանցից յուրաքանչուրի հետ մենք աշխատում ենք այս նախագիծը կյանքի կոչելու նպատակով։

Դեյվիդ ՔարիՀրաշալի է։ Հազարամյակներով Հայաստանը գտնվել է Աբրահամյան կրոնների խաչմերուկում։ Տնտեսությունից անդին անցնելով, ինչպե՞ս կարող է Հայաստանը մշակութային առումով դառնալ միջկրոնական երկխոսության մաս մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների և մյուսների միջև։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն նշել եմ, որ մեր երկրում ունենք տարբեր կրոնական համայնքներ։ Իհարկե, մեր երկրում չկա լարվածություն կրոնական համայնքների միջև։ Իհարկե, կան որոշակի ուժեր, ինչպես ամենուր, որոնք փորձում են սադրիչ քայլեր անել դրսից, բայց մեր ինստիտուտները հաջողությամբ արձագանքում են դրանց՝ թույլ չտալով որևէ մեկին լարվածություն սերմանել կրոնական համայնքների միջև։

Մեր երկրում տեղի է ունենում իրական երկխոսություն։ Ինչպես նշել եմ, մեզ մոտ է գտնվում աշխարհի ամենամեծ եզդիական համայնքը և այդ համայնքը մեր երկրի, ազգային ժառանգության շատ կարևոր մաս է կազմում։ Իհարկե, մենք մեծ հարգանք ենք տածում մահմեդականների, հրեաների և այլ կրոնական խմբերի նկատմամբ։ Ես արդեն ասել եմ, որ Հայաստանի ամենամեծ կրոնական հաստատությունը Հայ Առաքելական Եկեղեցին է, բայց մենք ունենք նաև Հայ Կաթողիկե եկեղեցի, և այլ եկեղեցիներ։ Սա մեզ համար շատ կարևոր ավանդույթ է։

Դեյվիդ ՔարիԱրդեն տարիներ է, ինչ Հայաստանն անցում է կատարել կայսրության մաս կազմող երկրից անկախ պետության: Ինչպե՞ս է հայ ժողովուրդն էմոցիոնալ առումով ընդունել հանգամանքը, որ այն դարձել է իրապես անկախ պետություն՝  մնալով փոխկապակցված մնացած տարածաշրջանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, սա իսկապես շատ կարևոր հարց է։ Այժմ մենք փորձում ենք պետականության, անկախության գաղափարները մոտեցնել մեր ժողովրդին։ Որովհետև Դուք իրավացի եք, դրանք բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես։ Երկար ժամանակ, մի քանի հարյուրամյակ, Հայաստանը չի ունեցել անկախ պետականություն, և 30 տարի առաջ մենք սկսեցինք մեր անկախության կերտումը, և հիմա գտնվում ենք կայուն ժողովրդավարություն ստեղծելու գործընթացի մեջ։ Դա հեշտ ճանապարհ չէ, բայց չափազանց կարևոր է։ Սակայն մենք անում ենք դա, ինչպես նշեցի, մենք զարգացող ժողովրդավարություն ենք, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում մեծ ապագա ունի։

Դեյվիդ ՔարիԿուլիսների հետևում կարճ խոսակցություն ունեցանք և իմացա, որ սիրում եք հեծանիվ վարել, ինչը ես ինքս անում էի տարիներ առաջ։ Մի քանի անգամ եղել եմ Հայաստանում, տեսել եմ այդ գեղեցիկ երկիրը, նույնիսկ հայացք եմ նետել վիճելի տարածքներին, որտեղ վերջին տարիներին ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան։ Ես կցանկանայի տեսնել Հայաստանը` որպես ճամփորդության երկիր, որտեղ մարդիկ կգային․․․։ Ինչպիսի՞ ապագա է սպասվում, կարծում եք ինչ-որ մի օր Հայաստանը կդառնա՞ ճամփորդության համար գրավիչ երկիր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո իհարկե։ Իմիջիայլոց, մենք աշխատում ենք պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ, գուցե անունը լինի Ճամփորդություն դեպի Հայաստան․․.

Դեյվիդ Քարի – Կարո՞ղ եմ դրա համար հոնորարներ ստանալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե։ Բայց պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելը ժամանակ կպահանջի, գուցե մի քանի տարի, դրա համար մենք որոշել ենք այս տարի կազմակերպել սիրողական հեծանվավազք Հայաստանի հարավից դեպի հյուսիս, և բոլորիդ հրավիրում եմ մասնակցել։ Դա կլինի շատ լավ հնարավորություն` տեսնելու Հայաստանի Հանրապետության գեղեցիկ բնությունը, և մենք կուզենայինք ձեզ բոլորին տեսնել մեր երկրում։

Դեյվիդ Քարի – Շնորհակալ ենք այստեղ գալու համար։ Ձեր գալը նշանակում է, որ Դուք հավատում եք կրոնական ազատությանը, որ յուրաքանչյուրն իրավունք ունի դավանել իր կրոնին։ Ո՞րն է Ձեր եզրափակիչ ուղերձն այս մարդկանց, ովքեր տարբեր հավատքներ ունեն, բայց հավատում են, որ մարդիկ իրավունք ունեն դավանել իրենց սրտից բխող հավատքին։ Ի՞նչ կասեք նրանց ոգևորելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են և իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված էր դրա վրա։ Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որ օգնեց ինձ հաղթահարել այդ փորձությունը։ Իհարկե, շատ կարևոր է առաջնորդվել Աստվածաշնչով, ինձ համար, մասնավորապես, Նոր Կտակարանով, թե ինչպես վարվել ամենօրյա աշխատանքում։

Իհարկե, դա հեշտ չէ, մասնավորապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքահեն քաղաքականություններ, լինի դա ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։ Սրա համար կրոնական հանդուրժողականությունը և ազատությունը շատ կարևոր է։  Շատ դժվար է պատկերացնել ժողովրդավարություն՝ առանց կրոնական ազատության։ Այսպիսով, մենք տեսնում ենք Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, իրական ժողովրդավարական երկիր՝ աշխույժ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց, երկրների և քաղաքակրթությունների հետ երկխոսությամբ։

Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանը դարձնենք շատ լուսավոր մի վայր տարբեր մարդկանց համար, որպեսզի նրանք գան, երկխոսության մեջ մտնեն, հեծանիվ վարեն, վայելեն բնությունը, կերակուրները և տեսնեն սրբավայրերը։ Մեր կրոնական կենտրոնը Էջմիածինն է, և ինչպես նշեցի` 301 թվականին Քրիստոնեությունն ընդունվեց հայոց թագավորի կողմից, որն առաջին դեպքն էր, երբ որևէ երկիր ընդունեց Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Այս զարգացման հետ կապ ունեցող բոլոր վայրերը հիմա գտնվում են Հայաստանում, դրանք սրբավայրեր են, և ես հրավիրում եմ այցելել դրանք, և Խոր Վիրապում, որտեղ մեր առաջին պատրիարքը կալանավորված էր՝ որպես քրիստոնյա, դա հետապնդում էր, բայց որոշ ժամանակ անց թագավորը հասկացավ, որ Քրիստոնեությունն է լավագույն կրոնը, և նա ընդունեց համապատասխան որոշում։ Այսպիսով, հրավիրում եմ բոլորիդ տեսնել բոլոր սրբավայրերը և փոխկապակցվել այս շատ հարուստ ու կարևոր պատմության հետ։

Դեյվիդ Քարի Ես եղել եմ դրանցից մի քանիսում, շատ գեղեցիկ սրբավայրեր են։ Շնորհակալություն պարոն վարչապետ խաղաղության հանդեպ Ձեր հանձնառության համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն։

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»։ 

 

 Վարչապետը հանդես է եկել ելույթով: Միջոցառումն անցկացվել է փակ ձևաչափով:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ինձ համար Սուրբ Աստվածաշնչի, Նոր կտակարանի արժեքները շատ կարևոր են ․․․»

    «Աստվածաբանական բանավեճ» (հատված)
    Յարոսլավ Հաշեկ՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

    — Թանկագին կոլեգա, — պատասխանեց Կացը, ներողամտաբար թեթևակի խփելով նրա մեջքին, ― քանի դեռ պետությունը գտնում է, որ մեռնելու գնացող զինվորներն աստծո օրհնության կարիք ունեն, ֆելդկուրատի պաշտոնը կարգին վարձատրվող և այնքան էլ չհոգնեցնող զբաղմունք է։ Դա ինձ ավելի է դուր գալիս, քան վարժադաշտում վազվզելն ու զորախաղերի գնալը։ Առաջ ես իմ պետերի հրամաններն էի կատարում, իսկ հիմա ինչ ուզում անում եմ։ Ես ներկայացուցիչն եմ նրա, որ գոյություն չունի, և աստծո դերը ինքս եմ կատարում։ Եթե ես չուզենամ մեկնումեկի մեղքերին թողություն տալ՝ չեմ տա, թեկուզ ծնկաչոք աղաչի։ Ասենք, այդպիսի մարդիկ շատ քիչ կգտնվեն։
    — Սիրում եմ տեր աստծուն, — ասաց աստվածավախ ֆելդկուրատը, սկսելով զկռտալ, — շա՜տ եմ սիրում… Մի քիչ գինի տվեք ինձ։ Ես տեր աստծուն հարգում եմ, — շարունակեց նա։— Շա՜տ, շատ եմ հարգում ու մեծարում։ Ոչ ոքի այնպես չեմ հարգում, ինչպես նրան։
    Նա բռունցքն այնպես խփեց սեղանին, որ շշերը վեր-վեր թռան։
    — Աստված վսեմ, երկնային էակ է, իր բոլոր արարմունքների մեջ կատարյալ, արևանման էակ, և ոչ ոք չի կարող ինձ հակառակը համոզել։ Սուրբ Հովսեփին էլ եմ հարգում, հարգում եմ բոլոր սրբերին, նույնիսկ սուրբ Սրապիոնին… Ի՜նչ գարշելի անուն ունի։
    — Այո՛, վատ չէր լինի, որ նա հոգ տաներ իր անունը փոխելու մասին, — վբա բերեց Շվեյկը։
    — Սիրում եմ սուրբ Լյուդմիլային և սուրբ Բերնարդին, ― շարունակեց նախկին կրոնուսույցը։— Սուրբ Բերնարդը Սեն-Գոտարգում շատ ուղևորներ է փրկել։ Նրա վզից մի շիշ կոնյակ է կախված, և նա որոնում է ձյան տակ մնացածներին…
    Զրույցն այլ ընթացք էր ստանում։ Աստվածավախ ֆելդկուրատն սկսել էր դատարկ-մատարկ դուրս տալ։
    — Մանուկներին հարգում եմ, նրանց տոնը դեկտեմբերի քսանութին է։ Դևին ատում եմ… Երբ հավը քնած է, անհնար է թարմ ձու ճարել։
    Նա ծիծաղեց ու սկսեց երգել․
    Ո՜վ սուրբ աստված, սուրբ անսասան…
    Բայց հանկարծ երգն ընդհատեց և, դիմելով Կացին, կտրուկ հարցրեց.
    — Դուք չե՞ք հավատում, որ օգոստոսի տասնհինգին վերափոխման տոնն է։
    Քեֆը միանգամայն թեժացել էր։ Հայտնվում էին նորանոր շշեր և մերթ ընդ հերթ լսվում էր Կացի այս խոսքը.
    — Ասա՛ աստծուն չես հավատում, թե չէ բաժակդ չեմ լցնի։
    Թվում էր, թե վերադառնում են առաջին քրիստոնյաներին հալածելու ժամանակները։ Նախկին կրոնուսույցը երգում էր Հռոմի արենայի նահատակների երգը և բարբառում.
    — Աստծուն հավատում եմ և չեմ ուրանա նրան։ Ինձ հարկավոր չէ քո գինին։ Ես ինքս կարող եմ գինի բերել տալ։
    Վերջապես նրան անկողին դրին։ Բայց քնելուց առաջ ձեռքը երդվողի պես վեր բարձրացնելով, նա հանդիսավոր, քերպով հայտարարեց.
    — Հավատում եմ հայր աստծուն, որդուն և սուրբ հոգուն։ Տվեք ինձ աղոթագիրքը։
    Շվեյկը նրա ձեռքը խոթեց Օտտո Կացի գիշերասեղանի վրայից վերցրած առաջին իսկ պատահած գիրքը, և աստվածավախ ֆելդկուրատը, վերջապես, քնեց Բոկաչոյի «Դեկամերոնը» ձեռքին։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728