Նիկոլ Փաշինյանն էր այն գործիչը, որ մեր իրականություն ներմուծեց «իրական ու պատմական Հայաստանների» դիսկուրսը: Կարծիք կա, որ այս կերպ նա փորձում է կտրել Սփյուռքին Հայաստանից, ամեն ինչ անում է, որ Սփյուռքը դադարի մեր պետության համար գործոն լինել։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն այս հարցին անդրադառնալիս առաջարկում է սկսել «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգից: «Մեր ընթերցողները կարող են որոնողական համակարգում փնտրել SETA հետազոտական կենտրոնը: Դա Թուրքիայի պետական քաղաքականությունն իրականացնող, պետական քաղաքականությունը մշակող կարևորագույն հետազոտական կենտրոններից մեկն է: Այն աշխարհի հիսուն տարբեր երկրներում նախագծեր է իրականացնում: Նրա՝ 2025 թվականին ներկայացված գնահատականներն այն մասին են, թե ինչպիսին են լինելու իրադարձությունները, այդ թվում՝ Հարավային Կովկասում: Հայաստանին վերաբերող բաժնում անդրադարձ կա մեր նշած՝ «իրական Հայաստան և պատմական Հայաստան» հայեցակարգին: Այնտեղ բառացիորեն նշում են, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի այն քաղաքական գործիչն է Հայաստանում, որ կարողացավ խզել այդ կապն իրական ու պատմական Հայաստանի միջև: Դա խիզախ քայլ են որակում: Ուզում եմ հասկանանք, թե այդ հայեցակարգը, որպես այդպիսին, որտեղից է գալիս, ովքեր են դրա իրական կնքահայրերը: Ընթերցողներն էլ, սա նկատի ունենալով, պետք է վերլուծություններ անեն այս իշխանության ծագումնաբանության առումով:
Ինչ վերաբերում է Սփյուռքի հետ կապերը խզելուն, նույն թուրքական պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ Սփյուռքը բացասական ազդեցություն ունի Հայաստանի վրա, որ, ինչպես իրենք են կոչում, «ռևանշիստական ուժերը» սնվում են Սփյուռքի միջոցով և այլն: Տրամաբանությունը մեզ հուշում է, որ, այո՛, ցանկանում են ընդհանրապես խզել կապերը հին, ավանդական Սփյուռքի հետ, որը ձևավորվել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հետևանքով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում