Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կասեն քարոզիչները Փաշինյանի այցի մասին

Փետրվար 06,2025 10:00

Հայ-ամերիկյան հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն մեր պետության համար, եւ, անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է ՀՀ-ում կամ ԱՄՆ-ում, մենք պետք է շահագրգռված լինենք, որ այդ հարաբերությունները լինեն բարեկամական, ցանկալի է՝ դաշնակցային: Այստեղ չարախնդալը կամ չարախոսելն, ինձ թվում է, սխալ է: Առավել եւս՝ սխալ է այդ հարաբերությունները հակադրել հայ-ռուսական կամ հայ-իրանական հարաբերություններին:

Բայց մեր հասարակությունը պետք է իմանա իրականությունը. Փաշինյանը ԱՄՆ չի գնացել Թրամփի հրավերով կամ նրա հետ բանակցելու նպատակով: Նա հրավիրվել է Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը մասնակցելու՝ ի թիվս այլ ՝ մոտ 300 մասնակիցների: Բացառված չէ, սակայն, որ այդ միջոցառման կուլուարներում, միջանցքում նա կզրուցի կամ, համենայնդեպս, կլուսանկարվի Թրամփի կամ Ռուբիոյի հետ:

Հիմա կանխատեսեմ, թե ինչպես են հաջորդ շաբաթների ընթացքում այդ հանդիպումները մեկնաբանելու իշխանության քարոզիչները: Նրանք կասեն, որ իրենց հայտնի է ինչ-որ գաղտնի ինֆորմացիա (չէ՞ որ նրանք «արեւմտամետ» են եւ Պետդեպում ու Սպիտակ տանն իրենց «վստահելի աղբյուրներն» ունեն). ըստ այդմ, Թրամփը երկարատեւ եւ ջերմ զրույց է ունեցել Փաշինյանի հետ, հավաստիացրել է, որ ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Ադրբեջանը հարձակվի մեր երկրի վրա, խոստացել է Հայաստան նորագույն զենք եւ զինվորական կոնտինգենտ ուղարկել, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ տարածաշրջան բերել մի քանի ավիակիր՝ մեզ պաշտպանելու համար:

Քանի որ Հայաստանում պաշտոնական քաղաքականությունը հիմնված է PR-ի եւ շուլեռության վրա, քարոզիչներից նման մեկնաբանություն միանգամայն սպասելի է: Արդյոք դա նպաստո՞ւմ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացմանը: Ոչ՝ մանավանդ Թրամփի վարչակազմի օրոք, որի գործողությունները շատ կտրուկ են ու բացահայտ: Այնպես որ նման «փչոցները» կարող են կոշտ արձագանքի արժանանալ:

Հայաստանի իշխանությունն, անշուշտ, խնդիր ունի «սինխրոնանալու» Թրամփի վարչակազմի հետ, եւ այստեղ որոշակի դժվարություններ կան, որովհետեւ նախորդ քաղաքականությունը չափից դուրս «սինխրոնացած էր» դեմոկրատների հետ: Այդ աշխատանքը պահանջում է երկարատեւ ջանքեր, նախապատրաստական քայլեր: Մեկ այցելությամբ եւ կուլուարային խոսակցությամբ հարց չի լուծվի:

Այնպես չէ, որ Բայդենի ուշքը գնում էր Հայաստան պետությունը փրկելու համար: Իսկ Թրամփը կարող է մեր խնդիրներն ընդհանրապես չնկատել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728