Հայտնի է, որ այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» իշխանությունների տարբերակում շատ անցանկալի կետեր կան, որոնք Ադրբեջանի պահանջով են ներառվել եւ եթե հաշվի առնենք, որ անգամ այդքանի հետ համաձայն չէ Ադրբեջանը եւ պահանջում է մեր Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացնել, կրճատել հայոց բանակը եւ նմանատիպ այլ պահանջներ, ապա ստացվում է, որ Հայաստանն այս հարաբերություններում եղած-չեղած նույն բանն է: Հաշվի առնելով նաեւ Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ դրանից բխող՝ մի շարք երկրներում կատարված իրավիճակների փոփոխություններն ու դրանց հետեւանքային իրադարձությունները եւ մի շարք այլ տրանսֆորմացիաներ ու զարգացումներ, ապա այս իրավիճակների փոփոխությունների պատճառով պարտադիր պետք է օգտվել ստեղծված առիթից ու փորձել հետ կանչել՝ առանց այն էլ մեզ համար ոչ ցանկալի «խաղաղության համաձայնագրի» նախագիծը եւ փորձել նոր տիպի հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ՝ հիմք ընդունելով մինչեւ այժմ մեր միջեւ կնքված վերջին հայ-ադրբեջանական պայմանագրերում առկա, մեզ համար ձեռնտու կետերը, որին բնականաբար նրանք արդեն չեն համաձայնի ու հետեւաբար նրանք եւս խռոված՝ կցանկանան հետ կանչել այդ վայ-համաձայնագրի նախագիծը, որը մեր ժողովրդի երազանքն է …
Իրականում, այդ երազանքն իրականացնելն այս պահին անհնարին է, քանզի այդ համաձայնագիր կոչվածը ոչ թե կյանքի է կոչվում հայ ժողովրդի համար ու նրա միջոցով, այլ իշխանությունների ցանկությամբ, հետեւաբար այդ հարցը պետք է բերել հետեւյալին. հայ ժողովուրդն ամեն կերպ պետք է չարտոնի իշխանություններին դրա ստորագրման իրավունքից եւ ժողովրդի պահանջով այն անպայման ետ կանչել: Մանավանդ որ, նույն իշխանությունները, բացի վերը նշված կետերից, որոնք բազմիցս հրապարակայնորեն անվանել են կարմիր գծեր, նաեւ որոշ այլ՝ նախկինում չհամաձայնեցված մի շարք հարցերի վերաբերյալ եւս, դրանք են՝ անկլավների հանձնում, «Սյունիքի միջանցքի» բացում եւ որոշ այլ հարցերի շուրջ, ըստ ադրբեջանական աղբյուրների, արդեն հավանաբար տվել են իրենց համաձայնությունը՝ նրանք արդեն հավանաբար բանավոր համաձայնել են դրանց, մոռանալով, որ դրանց վերաբերյալ բազմիցս հայտարարել են, որ դրանք կարմիր գծեր են եւ դրանց մասին երբեւէ խոսք գնալ չի կարող: Այնպես որ, ժողովուրդը կարող է բացատրություն պահանջել, թե նրանք ինչու են ասում մի բան եւ կատարում ճիշտ հակառակը: Հենց սրանք բավարար են այդ համաձայնագիրը հետ կանչելու համար… Եվ ընդհանրապես, բազում անգամներ նշվել է, որ ելնելով այդ հարցի գերկարեւորությունից, պետք է այն իրագործել միմիայն հանրաքվեի միջոցով՝ ժողովրդի ցանկությամբ: Ստեղծված իրավիճակում սա Հայաստանի փրկության միակ ճանապարհն է, որը չհաջողելու դեպքում հաստատ կորցնելու ենք այն:
Անկեղծ ասած, սա էլ հարցի լուծման ռեալ ճանապարհ չէ, քանզի միեւնույն է, անկախ ամեն ինչից, իշխանություններն անպայման փորձելու են հենց այդ տարբերակով ստորագրել այդ համաձայնագիրը, այնպես որ, կույրին անգամ տեսանելի է, որ հարցի միակ լուծումը ժողովրդի կողմից դեմ կանգնելն է այդ փաստաթղթի ստորագրմանը, հակառակ պարագայում այդ փաստաթուղթն անպայման ստորագրվելու է, որն էլ ավարտվելու է հայրենիքի կորստով…
Փաստորեն, հայրենիքի փրկությունը հայ ժողովրդի ձեռքին է եւ միայն նա կարող է այդ հարցը լուծել, այլապես ամեն ինչ ավարտված է:
Կարդացեք նաև
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
05.02.2025