Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանը՝ մտահոգ, զուսպ ու հանդարտեցնող

Փետրվար 06,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային կողմերի միջեւ պայմանավորվածությունների միջոցով, շարունակ պնդում է Թեհրանը

Հունվարի 17-ին Մոսկվայում Իրանի եւ Ռուսաստանի նախագահներն ավելի քան երեք ժամ բանակցություններ վարեցին, որոնց արդյունքով երկու երկրների միջեւ ստորագրվեց ռազմավարական գործընկերության մասին համապարփակ համաձայնագիր: Այն համագործակցության լայն շրջանակ է ներառում: Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին որոշ մանրամասներ էր ներկայացրել՝ նշելով, որ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կնքվում է 20 տարի ժամկետով եւ հաշվի է առնված երկու կողմերի շահերը։

Համաձայնագրի ստորագրումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ նոր համաձայնագիրը հավակնոտ նպատակներ է դնում երկու երկրների առաջ: «Այն բեկումնային փաստաթուղթ է: Ռուսաստանն ու Իրանը փոխադարձ հաշվարկներում գրեթե ամբողջությամբ անցել են ազգային արժույթներին եւ աշխատում են վճարային համակարգերի միացման վրա: Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները միջազգային հարցերի մեծ մասում հիմնականում համընկնում են», – նշել էր Ռուսաստանի նախագահը: Պուտինը նաեւ հայտնել էր, որ Իրանի նախագահի հետ քննարկել են իրավիճակն Անդրկովկասում:

Բանակցություններից առաջ կայացած հանդիպմանը ՌԴ նախագահն ասել էր, որ Մասուդ Փեզեշքիանի այցն առանձնահատուկ նշանակություն ունի, իսկ նոր համաձայնագիրը լրացուցիչ հնարավորություն կլինի համագործակցության հետագա զարգացման համար: «Մենք երկար ժամանակ աշխատել ենք դրա վրա, եւ ես շատ գոհ եմ, որ այս աշխատանքն ավարտված է։ Սա կարեւոր է, քանի որ այն մեզ հնարավորություն կտա լրացուցիչ խթան հաղորդել մեր փոխգործակցության գրեթե բոլոր ոլորտներին», – նշել էր ՌԴ նախագահ Պուտինը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ զարգանում են տրանսպորտային հաղորդակցությունները, 2024-ի 10 ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 15.5 տոկոսով, ինչը լավ ցուցանիշ է: Մոսկվան եւ Թեհրանը նաեւ շարունակում են խոշոր նախագծերը եւ կարող են նորերն սկսել էներգետիկ, այդ թվում՝ ատոմային էներգիայի ոլորտում, ասել է նա:

Իրանի նախագահն իր հերթին նշել էր, որ Ռուսաստանն Իրանի համար եղբայրական եւ բարեկամ երկիր է, որի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն: Փեզեշքիանը համոզմունք էր հայտնել, որ համաձայնագիրը կամրապնդի հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, ապա հավելել, որ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդը շատ է կարեւորում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում։

Խոսելով Մերձավոր Արեւելքում իրավիճակի մասին՝ Փեզեշքիանն ասել էր, որ արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն սրել եւ ապակայունացնել այն: «Մեր գերագույն առաջնորդը եւ մենք բոլորս կարծում ենք, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանային կողմերի միջեւ պայմանավորվածությունների միջոցով», նշել էր Իրանի նախագահը:

Թեեւ Մոսկվան հայտարարեց, որ մեծ նշանակություն է տալիս փաստաթղթի ստորագրմանը, Թեհրանն իր հերթին պարզաբանել էր, որ այն չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում։ Այդուհանդերձ, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին պարզաբանել էր, որ համաձայնագիրը ներառում է անվտանգության եւ պաշտպանության ոլորտները: «Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում մեր համագործակցության զարգացումը նորություն չէ, եւ այդ հարաբերությունները գոյություն ունեն տասնամյակներ շարունակ: Վստահաբար կարող եմ ասել, որ այդ հարաբերություններն ուղղված չեն որեւէ երրորդ կողմի դեմ, այլ ավելի շուտ համապատասխանում են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը», – ասել էր Ջալալին:

Դեսպանն ընդգծել էր, որ նոր համաձայնագիրը նաեւ վերաբերում է երկու երկրների համագործակցության զարգացմանը, որոնք, ինչպես նախկինում, ապագայում եւս կզարգացնեն համագործակցության այս ասպեկտը՝ իրենց անվտանգությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար: Համաձայնագիրն ազդակ կլինի շատ երկրների համար նոր աշխարհակարգի ճանապարհին, նկատել էր նա:

Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ուղղված է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտների զարգացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, բայց չի ենթադրում ռազմական դաշինքի ձեւավորում, հայտարարել էր Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Սա իսկապես համալիր, համապարփակ համաձայնագիր է։ Այն ընդգրկում է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսությանը եւ առեւտրին… Համաձայնագիրը ներառում է համագործակցություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, սակայն չի հետապնդում ռազմական դաշինք ստեղծելու նպատակ»,- պարզաբանել էր դիվանագետը Իրանի պետական հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում։ Նրա խոսքով՝ համաձայնագիրն ուղղված չէ երրորդ երկրների դեմ եւ ոչ մի կերպ չի սահմանափակում Մոսկվային ու Թեհրանին այլ երկրների հետ պայմանագրեր կնքելու հարցում։

Այսպիսով, Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ազդարարվեց Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորագույն փուլը: Երկու երկրների պաշտոնյաների խոսքով՝ համաձայնագիրը ներառում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները եւ նոր հորիզոններ կբացի ռուս-իրանական փոխգործակցության տարբեր ոլորտներում՝ ներառյալ պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը եւ տեխնոլոգիաները։

Թեհրանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ ԵԱՏՄ-ի նկատմամբ: Իրանի եւ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնի, ընթացակարգերն ավարտվել են: ԵԱՏՄ-ն եւ միության անդամ երկրներն ավարտել են ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ էին՝ Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար, վերջերս հայտնել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Ակնկալում ենք, որ մոտ ապագայում դրանք կավարտվեն նաեւ Իրանում»,- վերջերս հայտարարել էր ԵՏՀ Առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։ Նա նաեւ հավելել էր, որ համաձայնագիրը կսկսի գործել առաջիկա ամիսներին։ Ավելի վաղ էլ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաեւը եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էին քննարկել ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ընթացակարգերն ավարտելու վերաբերյալ հարցը։

Ռուսաստանի հետ համագործակցության խորացման ֆոնին` պաշտոնական Թեհրանը Արեւմուտքի հետ նույնպես ձգտում է լարվածությունից հնարավորինս զերծ մնալ, հակադրությունները մեղմել:

«Եթե Միացյալ Նահանգները որոշի հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, դա կլինի այդ երկրի՝ իր պատմության ընթացքում կատարած մեծագույն սխալը», – «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում օրերս հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։ «Մեր միջուկային օբյեկտները գտնվում են Իրանի ողջ տարածքով մեկ եւ հագեցած են ՀՕՊ հզոր միջոցներով։ Այնպես որ, կարծում եմ՝ նման հարձակումը գրեթե անհնարին է», – հավելել է նա։

Դրա հետ մեկտեղ, ըստ Արաղչիի, եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, այնուամենայնիվ, որոշեն հարվածել Իրանին, դա կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի։ «Ես կարծում եմ, որ թե՛ ամերիկացիները եւ թե՛ իսրայելցիները շատ լավ հասկանում են, թե հատկապես որ թիրախներին են ուղղված լինելու մեր պատասխան հարվածները։ Դրանցից հետո մենք լայնածավալ տարածաշրջանային պատերազմի մեջ կհայտնվենք։ Սակայն որեւէ մեկը՝ ոչ տարածաշրջանում, ոչ էլ դրանից դուրս, նման ցանկություն չունի», – նշել էր Իրանի ԱԳ նախարարը։

Իսկ ահա Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին անցյալ շաբաթ նշել էր, որ Իրանը տեղեկություններ չի փոխանակել ԱՄՆ նոր վարչակազմի հետ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ «ԱՄՆ-ում նոր կառավարության իշխանության գալուց մի քանի օր է անցել…Դեռեւս վաղ է խոսել որեւէ կապի մասին, թեեւ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով հաղորդագրությունների փոխանակման պաշտոնական ալիք կա եւ կլինի»,- ասել էր փոխարտգործնախարարը։ Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք գործարկված Մասկատի միջոցով հաղորդագրությունների ալիքը փակվել է, «կային այլ երկրներ, որոնք հաղորդագրություններ էին ստանում եւ փոխանցում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ»:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին վստահեցրել էր, որ Իրանի ժամանակակից ռազմական ձեռքբերումներն այժմ երաշխավորում են, որ իրանական հողն այլեւս խոցելի չի լինի արտաքին սպառնալիքների կամ հավակնությունների նկատմամբ: Պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության համալիր այցի ժամանակ նա ընդգծել էր, որ կառավարությունը լիովին աջակցում է երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը՝ հայտարարելով, որ Թեհրանի ռազմական նվաճումները «զսպում են ցանկացած օտարերկրյա ագրեսիա»: Ի դեպ, ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է 1700 կմ հեռահարությամբ «Էթեմադ» բալիստիկ հրթիռը:

Չնայած Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունների հավանականության խոսակցություններին ի պատասխան Թեհրանից համարժեք հրապարակային պատասխաններ են հնչում, այնուամենայնիվ, նկատելի է, որ Թեհրանը փորձում է զսպել երկրի հակառակորդներին եւ իրավիճակը չլարել:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
05.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728