Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսաղուլյանի գործը կրկին հետաձգվեց, Արգիշտի Քյարամյանի՝ որպես վկա դատակոչելու միջնորդությունն ուժի մեջ է

Փետրվար 06,2025 13:00

Գառնիկ Իսաղուլյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը փետրվարի 3-ին կրկին հետաձգվեց: Դատական նիստը նշանակվեց փետրվարի 12-ին, իսկ հետաձգման պատճառը հանրային մեղադրողի՝ դատարանին ուղղված գրությունն էր:

Նշեմ, որ այս գործով պետք էր հարցաքննվեն Արցախի Հանրապետության նախկին ՊԲ բանակի հրամանատար Սամվել Բաբայանն ու Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով վկայակոչելով իր ծանրաբեռնվածությունը, արդեն հասցրել էր դատարան չներկայանալ:

Իսաղուլյանի պաշտպան Աննա Ծառուկյանն «Առավոտին» ասաց. «Հիմա էլ ծանրաբեռնվածություն չունի, Քյարամյանը, որպես սովորական վկա, պարտավոր է ներկայանալ դատարան, եթե չգա, ես կողմնակից եմ բերման ենթարկելուն»:

Այս գործի վարույթը սկսվել է զրոյից: Նախ, դատավոր Վահե Միսակյանին հեռացրեցին, ապա դատավոր Վաչե Մարգարյանն առաջխաղացում ունեցավ, իսկ հիմա այն Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Չիչոյանի վարույթում է:

Հիշեցնեմ, որ Գառնիկ Իսաղուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով զանգվածային լրատվական միջոցներով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու մեջ մեղադրելով, նաեւ Փաշինյանի դեմ բռնություն գործադրելու կոչերի, այդ երկու վարույթները միացվել են, մեկ միասնական գործի վարույթում են. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գառնիկ Իսաղուլյանին մեղսագրվում են մի քանի հանցագործություններ՝ թիվ ԵԴ/1126/01/21 քրեական գործով` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ 3 /երեք/ դրվագ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ թիվ ԵԴ/0301/01/22 քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ուստի գտնում եմ, որ թիվ ԵԴ/0301/01/22 քրեական գործը պետք է միացնել թիվ ԵԴ/1126/01/21 քրեական գործին եւ դրանք քննել մեկ վարույթում»:

Այն է՝ «Գառնիկ Իսաղուլյանը, «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում՝ հրապարակային, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի լրատվության միջոցով, որը 2021 թվականի սեպտեմբերի 20-ին հրապարակվել է «Youtube» ինտերնետային կայքէջում, «blog.168.am», «168.am» լրատվական կայքերում եւ Գառնիկ Սամվելի Իսաղուլյանի՝ «https://www.facebook.com/garnik.isagulyan» նույնականացման համարով ֆեյսբուքյան անհատական էջում, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է՝ հայտնել է չկատարված հանցագործության մասին, մասնավորապես հարցազրույցի ընթացքում հայտնել է, թե, իբր, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու մի շարք այլ անձինք ուսումնասիրվել եւ հավաքագրվել են թուրք-ազերական հատուկ ծառայությունների կողմից, 2008 թվականից հետո համագործակցում են ազերական աշխարհի, նաեւ հատուկ ծառայությունների հետ, որի վերաբերյալ կասկածներ չունի: Նշել է նաեւ, որ Վլադիմիր Կարապետյանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էլմիրա Ախունդովայի հետ, որի արդյունքում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Բաթումի քաղաքում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայացուցիչների հետ… այդ կերպ՝ Վլադիմիր Կարապետյանին եւ մի շարք այլ անձանց հանիրավի մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական դավաճանություն կատարելու մեջ:

Բացի այդ, նույն ասուլիսի ժամանակ նշել է, որ 2020թ. հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու իրական հնարավորություն է եղել, սակայն ՀՀ վարչապետը պահանջել է, որպեսզի պատերազմը շարունակվի եւ ՀՀ զինված ուժերն ավելի շատ զոհեր ունենան, ինչի արդյունքում հասարակության մեջ վախի մթնոլորտ կտիրի եւ հնարավոր կլինի Շուշի քաղաքը հանձնել թշնամուն, իսկ Ստեփան Սուրենի Մելքոնյանը, վախենալով իր զբաղեցրած պաշտոնը կորցնելուց, չի բացահայտել դավաճանական գործողությունները, թաքցրել կամ արխիվներից վերացրել է բոլոր այն փաստաթղթերը, որոնցով փաստվել է, որ մի շարք անձինք գումար են ներկրել Հայաստան՝ հեղաշրջում կատարելու համար»:

Գործը դատարան էր ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2022թ. մարտի 7-ին: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, ապա 2022թ. մարտի 18-ին, դատարանի որոշմամբ, ընտրվել էր խափանման այլընտրանքային միջոց գրավը՝ 10 միլիոն դրամի չափով: Ուշագրավ է, որ Փաշինյանի գործով էլ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այսինքն, մեկ տարի առաջ նա արդեն իսկ ուներ խափանման միջոց…

2022թ. օգոստոսի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր պաշտպանական կողմի բողոքը, եւ նույն թվականի մարտի 18-ի քրեական դատարանի որոշումը թողել անփոփոխ: Իսկ առաջին ատյանի դատարանը որոշման մեջ նշել է. «Վերլուծելով սույն քրեական գործի փաստական հանգամանքները, անդրադառնալով Գառնիկ Իսաղուլյանի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցի՝ գրավի կիրառման միջնորդությանը, դատարանն արձանագրում է, որ թեեւ առկա է Գառնիկ Իսաղուլյանի նկատմամբ կալանավորում կիրառելու պայմաններն ու հիմքը, այդուհանդերձ, դատարանը գտնում է, որ գործի քննության տվյալ փուլում, երբ, ըստ էության, կատարվել է ապացույցների հավաքմանը, ձեռքբերմանն ուղղված քննչական դատավարական գործողությունները, նախաքննությունն ավարտվել է, գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, նախաքննության ընթացքում անձը գտնվել է նախնական կալանքի տակ, դատարանը սույն գործով չի կարող մատնանշել ու կոնկրետ փաստերով հիմնավորել, թե դատավարության ներկա փուլում գրավը ի զորու չէ կանխել անձի ոչ իրավաչափ վարքագիծը նրան ազատ արձակելու դեպքում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728