«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը մեկնարկում է «Դեմ եմ հայտարարագրմանը» քաղաքացիական ակցիան, որով պետք է հասնենք նրան, որպեսզի ստանանք կասեցում»,- ասաց Նաիրի Սարգսյանը եւ ներկայացնելով այսօրվա հավաքի օրակարգը առանձնացրեց վեց հարց:
«Շատ դեպքերում ներկայացնում են քաղաքակիրթ երկրների դրական փորձը: Գիտենք, որ բոլոր զարգացած երկրներում եկամուտների հայտարարագրման համակարգը ներդրված է: Առաջին հարցը, որ ծագում է. այդ ո՞ր երկիրն է, որտեղ ներդրված է եւ համադրելի է Հայաստանի Հանրապետության հետ. Գերմանիա՞ն, Ամերիկա՞ն, Նիդերլանդնե՞րը: Այսպես կարելի է երկար թվարկել: Նշված երկրներում ի սկզբանե եկամուտների հայտարարագրումը հետապնդել է բարի նպատակ:
Պետությունները իրենց հռչակելով որպես սոցիալական պատմություն, իրենց քաղաքացիներին ասել են. եթե դուք զգում եք, որ ձեր եկամուտները չեն բավարարում տարեկան ծախսերը բավարարելու համար, կարող եք եկամուտների հայտարարագիր ներկայացնել, հիմնավորել, որ ձեր եկամուտներն ավելի քիչ են, քան ձեր ծախսերը, եւ պետությունը ձեր թիկունքին կկանգնի: Կամավորության սկզբունքով են պահանջում: Հայաստանո՞ւմ ինչ է տեղի ունենում: Պարտադրում են, որ հարկ գանձեն:
Կարդացեք նաև
Ի սկզբանե, նպատակադրումը ոչ թե եկամուտների հաշվառումն է ու անձանց վերաբերյալ տեղեկատվության ստացումը, այլ հարկերի հաշվարկը: Սրա համար կան շատ ավելի լուրջ թվաբանական հիմնավորումներ: 2024 թվականի արդյունքում պետական բյուջեն չեն կատարել 223 միլիարդ դրամով: Բոլոր, կամ գրեթե բոլոր հարկատեսակների գծով ունեցել են նվազեցումներ: Սա նշանակում է, որ տնտեսական ներուժը ամբողջությամբ սպառված է եւ վերջին հարկման օղակը մնացել են ՀՀ քաղաքացիները: ՀՀ այն քաղաքացիները, որի 40 տոկոսից ավելին աղքատ է, 13,5 տոկոսից ավելին՝ 180 հազարից ավելին, գործազուրկ է, 900 հազարից ավելի մարդ աշխատուժից դուրս բնակչություն է, արժանապատիվ աշխատանքով ապահովված չէ»,-ասաց Նաիրի Սարգսյանը:
Միաժամանակ նշելով, որ կողմ լինելով եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարին, նա նաեւ հիմնավորեց, թե ինչո՞ւ են դեմ եկամտային հարկի տարեկան հաշվարկին: Որովհետեւ այդտեղ բազմաթիվ խութեր, մանիպուլյացիաներ, խաբեություններ, ստեր, կեղծիքներ, ծախսատար ու թաքնված որոգայթներ կան քաղաքացիների համար, որոնք առաջին հայացքից անտեսանելի եւ անըմբռնելի են:
Նաիրի Սարգսյանը մեկ առ մեկ բացահայտեց նաեւ երկրի ու յուրաքանչյուր քաղաքացու համար արտաքին եւ ներքին սպառնալիք հանդիսացող վտանգները: Բայց նաեւ արձանագրեց, որ իրենց նախաձեռնության եւ ժողովրդի մեջ ահագնացող դիմադրության շնորհիվ կառավարությունն արդեն հինգ նահանջ քայլ կատարել է, թեեւ դրանք արվել են իրենց բնորոշ փնթիությամբ:
«Ի՞նչ ենք մենք պահանջում կառավարությունից: Կասեցնել հայտարարագրման պահանջը, հայտարարագրման համակարգը ենթարկել խորքային փոփոխության՝ ապահովելով լայն քննարկումներ մասնագիտական հանրության եւ շահառուների հետ: Եթե սրանք հաշվի չառնեն, գյուղատնտեսությունից սկսած, մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ կամ գործարարներ, կանգնելու են շատ լուրջ խնդիրների առաջ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ