Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում ազատվո՞ւմ են հաղթանակի սիմվոլից․ համայնքապետարանից հերքում են

Փետրվար 05,2025 22:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մի քանի օր է՝ Aravot.am-ն ահազանգ է ստանում այն մասին, որ Արթիկի իշխանությունները մտադիր են քաղաքի զբոսայգիներից մեկում տեղադրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցրած հուշարձանն ապամոնտաժել ու այնտեղ  շատրվաններ տեղադրել։ Ու այս հարցում ֆինանսապես օգնելու է մի բարերար Օդեսայից։

Մեզ ահազանգողները նշում են, որ այս քայլով փորձում են ժողովրդի հիշողությունից բնաջնջել հաղթանակած լինելու զգացողությունը, խորհրդային տարիների խորհրդանիշը, ավելին՝ ցույց տալ, որ պատրաստ չեն շարունակել ճանապարհը Ռուսաստանի Դաշնության հետ։ Ընդ որում, ըստ ահազանգողների, սա արվում է հաղթանակի 80-ամյակին ընդառաջ։

Նրանց ասելով, այս ձեռագիրը նոր չէ․  3 տարի առաջ էլ հրդեհեցին Արթիկի քաղաքային զբոսայգու մեջ գտնվող վետերանների շենքը՝ մոխրացնելով այնտեղ գտնվող հերոսների՝ այդ թվում 44 օրյա պատերազմի մասնակիցների ու զոհերի լուսանկարները։

Թե ո՞ւր է տարվելու հուշարձանը, այս մասին հստակ տեղեկություններ չունեն, միայն պնդում են, թե Արթիկի համայնքապետը՝ ԵԿՄ-ական Անանիկ Ոսկանյանը՝ գեներալ Մանվելի սանիկը, որն արդեն ՔՊ-ական է, այս նպատակով դիմել է կառավարություն։

Արթիկի համայնքապետարանից սակայն հավաստիացնում են, որ օրակարգում նման հարց չկա։

Aravot.am-ի հետ զրույցում Արթիկի փոխքաղաքապետ Վարդան Մակեյանը վստահեցրեց, որ նման թեմա չի քննարկվել, այն պատմական հուշարձան է, և եթե այն լիներ օրակարգում, ապա հանրային լսում կանցկացնեին, կդիմեին ԿԳՄՍ-ի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանման վարչություն՝ ապամոնտաժման թույլտվություն ստանալու։ Այս լուրերը կեղծ են որակում։

«Հուշարձանը հո ասեղ չէ, վերցնես, տանես, ուր ուզես»,-հակադարձում են համայնքապետարանից։

Ի դեպ, խնդրին անդրադարձել է նաև ԱԺ դաշնակցական պատգամավոր Մհեր Մելքոնյանը՝ տեղեկացնելով․

 

«Հարգելի՛ արթիկցիներ,

վերջին օրերին բուռն քննարկումների առարկա է դարձել Արթիկի հրապարակում տեղադրված Հայրենական Մեծ Պատերազմի զոհերին նվիրված հուշարձանն ապամոնտաժելու և այլ վայր տեղափոխելու խոսակցությունները։

Բազմաթիվ ահազանգեր եմ ստացել այս օրերին։

Ինձ դիմած արթիկցիների խոսքերով, հուշարձանը համայնքապետարանի նախաձեռնությամբ տեղափոխվելու է նախկինում տեղադրված Վլադիմիր Լենինի արձանի մոտակա տարածք կամ «Բարեկամություն» զբոսայգի։

Այսօր պատգամավորական հարցում եմ ուղարկել ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին՝ տվյալ հարցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու նպատակով։

Պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո կանդրադառնամ հուշարձանի հետ կապված խնդրին։

Հետևողական եմ լինելու տվյալ հարցին և այն մշտապես պահելու եմ իմ ուշադրության կենտրոնում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728